Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդկային կործանված ճակատագրի մասին

Մարտ 10,2016 13:00

Նելլի Շահնազարյանի նոր գիրքը՝ «Հոգին է կենդանարար»

Լույս է տեսել Նելլի Շահնազարյանի «Հոգին է կենդանարար (Մի բուռ լույս)» վիպակը, որի վերնագիրը բխեցված է Ավետարանական հայտնի ընթերցվածքից՝ «Հոգին է կենդանարար. մարմինը ոչ մի բան չի կարող անել» (Հովհ. 6.64): Գիրքը մարդկային դժվար ճակատագրի մասին է: Կարդացվում է մի շնչով, պատմելու ոճն էլ հյութեղ է: Գրքի մի քանի ուղերձներից մեկն էլ հետեւյալն է՝ բոլոր պարագաներում հավատարիմ մնալ մարդկանց հանդեպ մարդ լինելու կարեւորագույն սկզբունքին: Վիպակում մի պատմություն է, որը կարող է մեզանից յուրաքանչյուրի հետ պատահել:

Երիտասարդ դերասանուհու մայրը աղջկա՝ Սառայի անունով նամակ է ստանում քրեակատարողական հիմնարկից՝ այն էլ ցմահ դատապարտյալից: Աղջկա մանկապարտեզի ընկերն է գրել՝ Հայկը: Տեսել է հեռուստաէկրանին ընկերուհուն ու որոշել նամակ գրել: Գրում է, թե իրեն մեղավոր չի ճանաչում, դիմել է Եվրադատարան, դեռեւս արդարացվելու ակնկալիքներ ունի: Բնականաբար, ինչպես յուրաքանչյուր մայր, այնպես էլ Մարգարիտան, ցանկանում է աղջկան հետ պահել «հանցագործի» հետ շփումից: Չնայած հիշում է, թե ինչ պայծառ տղա էր Հայկը, դստեր դայակ Օլյայի որդին:

Նելլի Շահնազարյանն այնպես է կառուցել վեպը, որ Սառայի ու Հայկի նամակագրության միջոցով կամաց-կամաց հասունացնում է ասելիքը, Սառայի հետ միասին ընթերցողն էլ է սրտի թրթիռով ու հուզմունքով սպասում Հայկի հաջորդ նամակին, թաքուն հույս փայփայելով, որ նա անմեղ է, ու հնարավոր է՝ արդարացվի: Ախր ինչպե՞ս կարող էր նորմալ ընտանիքում դաստիարակված երեխան հանցագործ լինել, մարդ, որ պարկեշտ ծնողներ ունի, եղբայրը գիտնական է, իսկ ինքն էլ ռազմական օդաչու պետք է դառնար՝ փայլուն կրթությունից հետո: Բայց չէ, հուսախաբ ենք լինում: Ճիշտ է՝ Հայկը մարդ չի սպանել, բայց կապ է ունեցել թմրամիջոցների, թալանի ու այլ մութ պատմությունների հետ, այլ հարց է, որ այդ ամենի պարագլուխները «չոր» են դուրս եկել ջրից, իսկ նա պատասխան է տալիս բոլորի փոխարեն:

Երազող ու բառի ուղիղ եւ փոխաբերական իմաստով ճախրելու սովոր մարդու համար կալանավայրը լավագույն տեղը չէ, անձուկ պատերը կարող են խելագարության հասցնել, երազների չարդարացված լինելը՝ ինքնասպանության: Հայկը մեռնում է, վերջին նամակում էլ դաժանորեն մեկնաբանում ինքնասպանության գնալու քայլը՝ «Օդաչուն զոհ էր, թռիչքը՝ խաբկանք»… Այդպես խուլ ճռնչոցով տապալվում է նաեւ գեղուղեշ ծառը՝ հզոր կաղնին, ավելի ճիշտ՝ տապալում են, կտրում: Ինչքան գեղեցիկ, նույնքան էլ բարդ բան է կյանքը: Այո, հոգին է կենդանարար. մարմինը ոչ մի բան չի կարող անել, բայց, ցավոք, հոգին մեռնում է մարմնի չար գործերով…

Հավելենք, որ Նելլի Շահնազարյանը Հայաստանի գրողների միության անդամ է, հինգ գրքի հեղինակ, նրա պիեսները բեմադրվել են Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան թատրոնում, Թեհրանի թատերական համալսարանում, նաեւ Բուդապեշտի մշակութային հաստատություններում: Շահնազարյանի «Ելիր դուռդ բաց արա» պիեսի հիման վրա նկարահանվել է հեռուստաֆիլմ, իսկ նրա «Թափորը» մոնոդրաման մի շարք միջազգային փառատոներում արժանացել է գլխավոր մրցանակների եւ հատուկ դիպլոմների: Նելլի Շահնազարյանի գործերը թարգմանվել են 13 լեզվով, այդ թվում՝ գերմաներեն, անգլերեն, ֆրանսերեն, պարսկերեն, իտալերեն:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
09.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Անուշ says:

    Միջին շնորհքի տեր է, կենցաղագիր է:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031