Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Ղուկասյան. «Մենք մեր մարզիկներն ենք աճեցնում եւ ուրիշի աշխատանքի արդյունքը չենք վայելում»

Մարտ 10,2016 12:30

Վաղը Արմֆայթինգ ֆեդերացիայի նախագահ Հայկ Ղուկասյանը եւ պրոֆեսիոնալ մարզիկ, 56 կգ քաշային Ալբերտ Ղազարյանը մեկնում են Մոսկվա, որտեղ մարտի 12-ին «Լուժնիկի» մարզահամալիրում Ալբերտը մասնակցելու է OFS 7 վարկածով աշխարհի առաջնության նախընտրական փուլին:

Հայկ Ղուկասյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ 23-ամյա մարզիկն ամենայն պատասխանատվությամբ է նախապատրաստվում մոսկովյան մրցելույթին:

-Հայաստանից միայն Ալբերտ Ղազարյա՞նն է Մոսկվայում հանդես գալու:

-Այո: Արմֆայթինգ ֆեդերացիան ներկայացնելու է միայն նա: Բայց այնտեղ լինելու են եւս երկու հայեր, որոնք մեր մոտից տեղափոխվել են Ռուսաստան եւ հանդես են գալիս այդ երկրի ակումբներում: Նրանց մասնակցության համաձայնությունը, ըստ գործող կարգի, տվել եմ ես:

-Հաղթանակի հնարավորություններ կա՞ն:

-Անշուշտ: Այլապես չէինք մեկնի: Ալբերտ Ղազարյանով լրջորեն սկսել են հետաքրքրվել աշխարհում ընդհանուր մենամարտերի կազմակերպիչները, որովհետեւ նա միջազգային սանդղակում անցկացրած հինգ մենամարտերում էլ հաղթել է, իսկ համաշխարհային ընդհանուր մենամարտերի ցուցակում ունի 9:0 արդյունք: Եվ պատահական չէ, որ Չինաստանն Ալբերտ Ղազարյանին հինգ մենամարտի պայմանագիր է առաջարկում:

-Մեր մարզիկները հաճա՞խ են մասնակցում միջազգային մրցումների:

-Այո: Ընդ որում՝ թե այստեղ, թե դրսում: Մասնավորապես, ապրիլի 10-ին Հայաստանում անցկացվելու է ArmFC 16-րդ միջազգային մրցաշարը, որին կմասնակցի նաեւ Ալբերտ Ղազարյանը: Այնուհետեւ, մայիսին Ալբերտի հետ միասին կմեկնենք Տյումեն, որտեղ կմենամարտի դաղստանցի շատ ուժեղ մրցակցի հետ:

-Որքան տեղյակ եմ, Ալբերտն իր՝ 56 կգ քաշային կարգում Հայաստանում լուրջ մրցակից չունի:

-Այո, այդպես է: Ու ոչ միայն Հայաստանում: Դրա համար էլ մարզվում եւ մենամարտում է մեկ, երկու եւ ավելի քաշ ունեցող մրցակիցների հետ: Ու պատկերացրեք՝ հաղթում է: Ռուսաստանում 56 կգ քաշային բավականին ուժեղ մարզիկներ հրաժարվում են Ալբերտի հետ մենամարտել, կամ համաձայն են մասնակցել մի քանի անգամ բարձր գումարների պայմաններում, որպեսզի իրենց համարձակությունը ինչ-որ ձեւով արդարացված լինի:

Albert_Gazaryan

-Արմֆայթինգ ֆեդերացիան նաեւ ճանաչված այլ մարզիկներ էլ է աճեցրել: Ինչո՞ւ եք այսօր գլխավոր շեշտը դնում հենց Ալբերտ Ղազարյանի վրա:

-Որովհետեւ հասկացանք, որ ամենանվիրված մարզիկներից մեկը նա է. նվիրված իր երկրին, իր դրոշին, իր ֆեդերացիային ու ակումբին: Նրան բազմաթիվ շահավետ առաջարկներ են արել այլ երկրներից ու ակումբներից: Նաեւ այն ակումբից, որտեղ այսօր մարզվում է Դավիթ Խաչատրյանը: Ալբերտը մերժել է բոլորին: Ճիշտ է, այդ ակումբներում մնացել, մի քանի օր մարզվել է, բայց միշտ վերադարձել է Հայաստան ու միշտ ներկայացրել Արմֆայթինգ ֆեդերացիան: Ասեմ նաեւ, որ մեր մյուս մարզիկներին էլ պատշաճ ուշադրություն հատկացնում ենք: Ու նշանակություն չունի՝ հաղթե՞լ են, թե՞ պարտվել:

-Ասացիք, որ Մոսկվայում հանդես են գալու եւս երկու հայեր: Ովքե՞ր են նրանք:

– Նարեկ Ավագյանը՝ 61 կգ եւ Վազգեն Ավագյանը՝ 84 կգ: Նրանք Արմֆայթինգ ֆեդերացիայի սաներն են ու ժամանակին ներկայացրել են Հայաստանը, մեր ակումբն ու մեր ֆեդերացիան: Հիմա հանդես են գալիս Մոսկվայի «Բինգո Բում» ակումբի դրոշի ներքո, որի անդամ է նաեւ Դավիթ Խաչատրյանը:

-Ստացվում է, որ մարզիկներին աճեցնում եք, հասցնում մի աստիճանի ու նրանք հեռանում են:

-Հիմա մեր նպատակը մեկն է. ամեն ինչ կազմակերպում ենք մեր մարզիկների համար, նրանց համար, ում տեսնում ենք ապագա մեր ընտանիքի, մեր ճանապարհի մեջ: Այլ ոչ թե սովորեցնենք, աճեցնենք, դարձնենք լավագույն մարզիկ ու նրանք հեռանան, մեր աշխատանքի արդյունքը ուրիշները վայելեն: Մենք երբեք ուրիշի աճեցրած մարզիկներին չենք վայելում: Ստեղծում ենք մերը: Մեր դռները միշտ էլ բաց են: Յուրաքանչյուր մարզիկ որոշում կայացնելու մեջ ազատ է ու կարող է գնալ: Բայց մի չգրված օրենք ունենք. ով մեր մոտից հեռանում է, վերադարձի ճանապարհ չկա: Իսկ մինչեւ գնալը մենք նրանց լավ կշռադատելու հնարավորություն տալիս ենք:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
09.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031