Սեղանիս բանաստեղծ, թարգմանիչ, հարյուրավոր երգերի տեքստերի հեղինակ Լեւոն Բլբուլյանի՝ տարիների ընթացքում մամուլում տպագրված մի շարք հրապարակումների՝ «Տարիների միջով» ժողովածուն է։
Ժողովածուն հեղինակի՝ վերջին երկու տասնամյակների, նրա ապրելակերպի՝ հայացքների, գրական հավատամքի մասին է, տասնամյակներ, որոնք լի էին վայրիվերումներով՝ բազմաթիվ հոգսերով, արտագաղթ, աղքատություն, գործազրկություն…եւ այլն, որոնց հեղինակն անդրադարձել է սրտի ցավով, հայրենասեր գրողին հատուկ մտահոգությամբ, մարդ-քաղաքացի, որին անհանգստացնում է հայրենիքի ցավը, արատավորը, ուրախանում լավի ու գեղեցիկի համար։
Թերթում ես ժողովածուն, քեզ «տանում է» իր հետ, մասնակից դարձնում իր խոսք ու զրույցին, հումորին… Կյանքի մարդ է Լեւոն Բլբուլյանը, իր ազգանվանը հատուկ՝ Բլբուլ, շրջապատում, գրական հանդեսներում, հավաքների ժամանակ, հատկապես իր հայրենակիցների՝ «Արաղի երկրի» միջավայրում։ Արմատներով լինելով քյավառցի՝ գրել է «Արաղի հիմնը», որն անգիր գիտեն գրեթե ողջ տեղացիները.
Փառք քեզ հավերժ, անմահ Արաղ՝
Միշտ անպակաս մեր սեղանից,
Քեֆերի մեջ՝ դու երգ ու տաղ,
Դարդերի մեջ՝ դեղ ու փրկիչ…
Կարդացեք նաև
Բանաստեղծի գրական կարեւոր արժեքներից են նրա թարգմանությունները։ Բլբուլյանը անվանի բանաստեղծ, երգիչ եւ երգահան Վլադիմիր Վիսոցկու գործերի առաջին թարգմանիչն է։ Թարգմանություն, որը լայն արձագանք գտավ ինչպես մեզ մոտ, այնպես էլ Վ. Վիսոցկու հայրենիքում։ Բարձրաճաշակ թարգմանությունը լուրջ հայտ էր թարգմանական արվեստում, որտեղ դրսեւորվեց Բլբուլյանի վարպետությունը եւ տաղաչափության իմացությունը, բառերի տեղին եւ դիպուկ օգտագործումը։
Հարցազրույցները սովորական, հպանցիկ զրույցներ չեն, այն ընդգրկուն է՝ իր մեջ ամփոփելով բազմազան ու բազմաբնույթ հարցեր, ինչպես ստեղծագործական, այնպես էլ գրական աշխարհին, մշակույթին, հասարակությանը հուզող հարցեր։ Առանձին հուզմունքով ես կարդում գրչակից ընկերների, արվեստակից մտերիմների հրաժեշտի խոսքերը։ Լ. Բլբուլյանը գրականության եւ արվեստի գործիչներին բնութագրել է թե՛ որպես մտավորական, թե՛ որպես մարդ-քաղաքացի՝ արժեւորելով նրանց տեղը եւ դերը հայ հասարակության մեջ, նրանց ստեղծածը՝ գրական կյանքում. Հենրիկ Աբրահամյան (հոկտեմբերի 27-ի զոհերից), Վահագն Դավթյան, Իգնատ Մամյան, Արամայիս Սահակյան, Հրանտ Հակոբյան, Կոնստանտին Օրբելյան եւ ուրիշներ։
Լեւոն Բլբուլյանի մասին ժամանակին իր կարծիքն է հայտնել Սիլվա Կապուտիկյանը. «Զարմանալի բազմակողմանի է Բլբուլյանը. նա ե՛ւ բանաստեղծ է, ե՛ւ ակնարկագիր, ե՛ւ հումորիստ, ե՛ւ թարգմանիչ։ Նաեւ երգերի լավագույն տեքստերի հեղինակ է, մի բան, որ շատ կարեւոր է մեր ժամանակներում, երբ շատ երգեր գրվում են չգիտես ինչ լեզվով ու ինչ մակարդակով։ Լեւոնը այդ իմաստով իսկապես, որ դասական է»։ Իսկ Կոնստանտին Օրբելյանը, որի հետ շատ է համագործակցել Բլբուլյանը, գրել է. «Մեծ է Լեւոն Բլբուլյանի վաստակը մեր երգարվեստում։ Ինձ դուր է գալիս բառի, տողի նկատմամբ նրա բծախնդրությունը, երգի ժանրի առանձնահատկությունների ու գաղտնիքների իմացությունը, աշխատասիրությունը»։ Հրաչյա Մաթեւոսյանն ընդգծում է. «Տրամադրություն ստեղծող եւ քեզ իր տրամադրության դաշտում պահող հեղինակ է Լեւոն Բլբուլյանը, քեզ՝ իր զրուցակիցը, իր ապրումներին հաղորդակից դարձնող հեղինակ»։
Լ. Բլբուլյանը տասնամյակներ շարունակ համագործակցել է մեր բոլոր անվանի երգահանների հետ, երգեր, որոնք ջերմորեն են ընդունել ոչ միայն տեղի երաժշտասերները։
Սիրո երգիչ է Լ. Բլբուլյանը, սերն է, որ օգնում է ապրել, երգել, արարել՝ իմաստալից դարձնել կյանքը…Բանաստեղծը մտահոգ է, որ պակասում է ընթերցողների թիվը, բայց հույս է հայտնում, որ նորից կվերադառնան գրքին, հատկապես պոեզիային.
Անուշ մի քաղց կզգան նորից
Հոգիները պաղ ու սովյալ՝
Փրկված հոգսի կապանքներից,
Նյութի բեռից այս նզովյալ…
Ժողովածուի՝ «Տարիների միջով» վերնագիրը հուշում է, որ հեղինակն անցել է ժամանակի միջով, անդրադարձել է ժամանակի հոլովույթում տեղի ունեցող իրադարձություններին։ Ժամանակը հայելու պես անդրադարձնում է քեզ, ու դու տեսնում ես քո ժամանակը։ Մեկ անգամ եւս համոզվում ես, որ գրողը ժամանակի տարեգիրն է՝ իր ապրածի ու զգացածի վկան։
Ինչպես ինքն է գրում իր մասին՝ «անուղղելի լավատես», իրոք լավատես է Լեւոն Բլբուլյանը։ «Չեմ կասկածում, կգա այն օրը, երբ մենք կապրենք մեր երազած Հայաստանում»,-գրում է բանաստեղծը։
ՅԱՇԱ ՉԱԽՈՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
09.03.2016