«Արամ Խաչատրյան» համերգասրահում այսօր կայացած համերգը անկրկնելի նվեր էր հայ երաժշտասեր հանրության համար: Չորս հրաշալի դաշնակահարների՝ Գլորիա Կամպաներին՝ Իտալիայից, Տրիստան Պֆաֆֆին՝ Ֆրանսիայից, Ֆրանսուա-Քսավյե Պոազանին՝ Շվեյցարիայից, եւ Վահան Մարտիրոսյանին՝ Հայաստանից, միավորել էր Հայաստանի պետական կամերային նվագախմբի «Չորս դաշնամուր» խորագրով համերգը:
Նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը ոչ միայն ղեկավարում էր նվագախումբը՝ դաշնամուրի առջեւ նստած, այլեւ վիրտուոզ կատարում էր մենակատարներից մեկի իր առաքելությունը:
Հիմնական ծրագիրը բաղկացած էր երեք ստեղծագործությունից՝ Բախի եւ Վիվալդիի կոնցերտը՝ չորս դաշնամուրի համար, Պուլենկի կոնցերտը՝ երկու դաշնամուրի համար, որը Վահան Մարտիրոսյանը մշակել էր չորս դաշնամուրի համար, եւ Ռավելի «Բոլերոն»՝ կրկին Վահան Մարտիրոսյանի մշակմամբ: Առանձնապես «Բոլորոն» շատ յուրօրինակ էր հնչում՝ առանց փողային գործիքների, որոնց հիմնական դերն իրենց վրա էին վերցրել չորս դաշնամուրները (օրիգինալ պարտիտուրում մոտ երեսուն փողային գործիք է նախատեսված), իսկ կամերային նվագախմբի լարայիններն իրենց բարձունքում էին: Շատ տպավորիչ էր հատկապես միակ հարվածային գործիքը՝ թմբուկը: Նկատենք, որ Բոլերոյի օրինգինալում հարվածայինները յոթն են:
Կարդացեք նաև
Հիմնական ծրագրի ավարտից հետո նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր, «Չորս դաշնամուր» խորագրով համերգի մենակատարներից Վահան Մարտիրոսյանը, «բիս» պահանջող հանդիսատեսին տեղեկացրեց, որ անակնկալներ են պատրաստված: Հնչեց հատված Բիզեի «Կարմենից», Արամ Խաչատրյանի «Սուսերով պարը»՝ կրկին չորս դաշնամուրով: Հանդիսատեսի հրճվանքն աննկարագրելի էր:
Ապա` հրաշալի քառյակը երկու դաշնամուրով, յուրաքանչյուրի վրա չորս ձեռքով կատարեց Էդվարդ Էլգարի «Պոմպ եւ սիրկումստանս» գործը, եւ որպես վերջաբան, է՛լ ավելի նվազեցնելով դաշնամուրների, սակայն ոչ ձեռքերի քանակը, մեկ դաշնամուրով եւ ութ ձեռքով կատարեց Լավինյակի «Գալոպ-մարշը»՝ գրված հե՛նց մեկ դաշնամուրի եւ ութ ձեռքի համար: Այս գործը հնչեց որպես հրաժեշտի կատակ-երգ՝ ուրախ եւ հումորով: Բուռն ծափահարությունների եւ բրավոների տարափի տակ նվագախումբը եւ չորս մենակատարները հեռացան՝ հանդիսատեսին թողնելով հրաշալի համերգի երկարաձիգ տպավորության տակ:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ
Լուսանկարները՝ Ֆոտուլուրի