Ամռանը մահացած ծննդկան Մերի Մարգարյանի իրավահաջորդի ՝ փաստաբան Մարինե Թովմասյանը քննչական մարմնին մի քանի միջնորդություն է ներկայացրել:
Փաստաբանը միջնորդել է մեղադրանքներ առաջադրել «Շենգավիթ» բ/կ հերթապահ բժիշկներից Տիգրան Սարգսյանին, բաժնի վարիչ Աշոտ Սիրունյանին, բուժգծով տնօրեն Դավիթ Մխիթարյանին:
«Մեր միջնորդությունն այժմ քննարկման փուլում է, քննչական մարմինց մեզ հայտնել են, որ մեր միջնորդությունը կքննարկվի որոշակի հանգամանքներ պարզելուց հետո, այսինքն, էլի գործողություններ կան անելու: Մենք, իրոք գտնում ենք, որ օբյեկտիվորեն որոշակի գործողություններ անելու անհրաժեշտություն կա: Մենք նաեւ Անի Բաբելյանի նկատմամբ մեղադրանք առաջադրելու միջնորդություն էինք ներկայացրել, ինչը փաստորեն բավարարվեց»,- Aravot.am-ին ասաց փաստաբանը:
Հիշեցնենք, որ բացի ծննդկանին հսկող բժշկուհուց՝ Շուշանիկ Բախշյանից, մեղադրանք է առաջադրվել նաեւ հերթապահ բժշկուհու՝ Անի Բաբելյանի նկատմամբ:
Կարդացեք նաև
Մարինե Թովմասյանի խոսքով, մեղադրանքն առաջադրվել էր փետրվարի տասնութին: Դեպքից ամիսներ անց մեղադրանք առաջադրելն էլ պայմանավորված էր քննչական գործողություններով, փորձագետների կողմից տրված եզրակացություններով:
Հիշեցնենք, որ ըստ ծննդկանի հոր՝ Վաղինակ Մարգարյանի, փորձագիտական եզրակացությունում նշվել է, որ մեծ շանսեր կային, որ Մերի Մարգարյանի ու իր փոքրիկին հնարավոր կլիներ փրկել, եթե ծննդկանին գոնե երկու օր շուտ հոսպիտալացնեին ու կեսարյան հատում անեին:
Հիշեցնենք, որ Անի Բաբելյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 130 հոդված 2-րդ մասով, այսինքն, մասնագիտական պարտականությունները չկատարելը հանգեցրել է մահվան:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ