Անցած տարվա ամռանը մահացած ծննդկան Մերի Մարգարյանի գործով նոր մեղադրյալը «Շենգավիթ» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Անի Բաբելյանն է: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով:
Մերի Մարգարյանի հայրը՝ Վաղինակ Մարգարյանը, Aravot.am-ին ասաց, որ փորձագետն իր եզրակացության մեջ գրել է, որ եթե երկու օր շուտ Մերիին կեսարյան հատում անեին, շանսերը մեծ էին, որ ծննդկանն ու երեխան չէին մահանա. «Եթե հուլիսի 25-ին Անի Բաբելյանը հոսպիտալացներ, բիոքիմիական հետազոտություններ ու կեսարյան հատում աներ, պատկերացնում եք՝ երեխայի ու մոր փրկվելու շանսերն ինչքան էին մեծանում: Բայց Անի Բաբելյանը դա չարեց»:
Վաղինակ Մարգարյանի պատմելով՝ հուլիսի 25-ին Մերի Մարգարյանը կրկին բարձր ջերմություն է ունեցել, հեռախոսով կապվել է իրեն հսկող բժշկուհու՝ Շուշանիկ Բախշյանի հետ. « Շուշանիկ Բախշյանն ասաց՝ մի հատ պարացետամոլ խմի, ջերմությունդ կիջնի: Պարացետամոլը խմելուց հետո մի ջերմությունը 38,5 էր, կրկին կապվեցինք Շուշանիկ Բախշյանի հետ, իսկ նրա հետ կապվելն էլ հեշտ բան չէր: Մի տասը անգամ պետք է զանգեինք, որ տասնմեկերորդ զանգին պատասխաներ:
Երկրորդ անգամ Շուշանիկ Բախշյանին զանգելուց հետո, նա մեզ ասաց՝ զգուշացրել է հերթապահ բժշկին, վստահեցրեց՝ գնացեք, ինչ որ պետք է կանի: Գնացինք հիվանդանոց, երեխայի սրտի բաբախը լսեցին, բուժքրոջը խնդրեցինք՝ հերթապահ բժշկին տեղեկացնի, որ ուզում ենք տեսնել իրեն, իմանանք՝ հոսպիտալացնելո՞ւ է Մերիին, թե՝ ոչ: Բուժքույրը զրուցում է հերթապահ բժշկուհի Անի Բաբելյանի հետ մեզ փոխանցում, թե ամեն ինչ կարգին է, անհանգստանալու բան չկա: Ես անձամբ նորից խնդրեցի, որ փոխանցի՝ գոնե 5 րոպեով իջնի, հանգստանանք: Բուժքույրը նորից բարձրացավ Անի Բաբելյանի մոտ ու իջավ, մեզ ասա, թե բժշկի իջնելու կարիք չկա, ամեն ինչ նորմալ է, կապնվեք ձեր հսկող բժշկի հետ: Այսինքն, Շուշանիկ Բախշյանը, որը մեզ վստահեցնում էր, թե խոսել է, գնանք, Անի Բաբելյանն ինչ-որ պետք է կանի, գնացինք՝ երեսը չտեսանք: Մենք այդ օրը տեսանք միայն սանիտարկային, բուժքրոջն ու լաբորատորիայի աշխատակցին»:
Կարդացեք նաև
Վաղինակ Մարգարյանը նաեւ հակադարձեց հերթապահ բժշկուհու պնդումներին, թե ինքը իջել է, բայց ծննդկանի հարազատներն իրեն չեն նկատել. «Ինքը ինչ ուզի կարող է ասել, նույնիսկ, որ հոսպիտալացրել է Մերիին»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ