Ռուսաստանից Հայաստան բնական գազի առաքման ժամանակ գների ձեւավորման վերաբերյալ վաղը կառավարության նիստին հավանություն կտրվի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության ներկայացրած որոշման նախագիծը: Այն, ըստ էության, վերաբերում է ՌԴ-ից Հայաստան գազի առաքման գնին, երբ ՀՀ պետական սահմանին «Գազպրոմի» համար այն նվազեցվեց՝ 189 դոլարից դարձավ 165 դոլար:
Կառավարություն ներկայացված նախագծով առաջարկվում է հունվարի 1-ից մինչեւ մարտի 31-ը պահպանել 1000 խորանարդ մետրի համար 165 դոլար գազի գինը:
«Ձեռք բերված համաձայնությամբ բնական գազի գինը Հայաստանի Հանրապետության համար 2016 թվականի հունվարի 1-ից սկսած մինչեւ 2016 թվականի մարտի 31-ը ընկած ժամանակահատվածի համար պահպանվում է նախորդ տարվա՝ 165 ԱՄՆ դոլար չափով: Սույն Արձանագրության ստորագրումը կնպաստի երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցության, տնտեսական կապերի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծման, գործարար ակտիվության բարձրացման շարունակմանը»,-նշված է որոշման նախագծում:
Կառավարության հավանությանը ներկայացրած մեկ այլ նախագծով էլ, առաջարկվում է գազային համաձայնագրում փոփոխություն անել: Ըստ այդմ, նախատեսվում է 2016 թվականի առաջին եռամսյակում առաջացող «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ –ի լրացուցիչ ամբողջ եկամուտը թողնել ընկերությանը՝ ՀՀ դրամի ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկումից առաջացած վնասների փակման եւ «Գազպրոմ» ԲԲԸ-ի կողմից «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի ակտիվներում ներդրումների հետ գնման ապահովման նպատակով: Կառավարություն ներկայացրած տեղեկանք-հիմնավորման մեջ նշված է, որ եթե այդ լրացուցիչ եկամուտները չթողնվեին ընկերությանը, ապա այդ վնասների փոխհատուցումը հնարավոր կլիներ միայն բնական գազի սակագնի բարձրացման միջոցով, ինչը իր հերթին կանդրադառնար նաեւ էլեկտրաէներգիայի սակագնի վրա:
Կարդացեք նաև
Ըստ որոշման նախագծի, կողմերը պարտավորվում են ոչ ուշ մինչեւ 2016 թվականի նոյեմբերի 1-ը մշակել եւ հաստատել դրամական հոսքերի հաշվարկի մոդելները՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հիմնական գործունեությունից՝ գազամատակարարման համակարգում եւ ընկերության հիմնական գործունեությունից՝ էլեկտրամատակարարման համակարգում:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ