Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևան քաղաքում գործող խանութներից գողություն կատարած անձանց ինքնությունը։
2016 թվականի փետրվարի 17-ին՝ ժամը 14:40-ի սահմաններում, Երևանի Տերյան փողոցում գործող խանութներից մեկում առերևույթ հանցագործություն կատարած անձը գանձապահի սեղանի վրայից հափշտակել է «Նոկիա» մոդելի բջջային հեռախոս՝ պատճառելով քաղաքացուն զգալի վնաս:
Բացի այդ, նույն օրը՝ ժամը 15:55-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը Սայաթ-Նովա փողոցում գործող խանութից հափշտակել է «Շանել» տեսակի դեմքի քսուք՝ պատճառելով զգալի չափի վնաս:
Դեպքերի առթիվ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել են քրեական գործեր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ի մասի հատկանիշներով:
Կարդացեք նաև
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է նշված գողությունները կատարած անձի ինքնությունը, ով հայտնաբերվել է և ցուցմունք տվել դեպքի շուրջ։
Նախաքննության ընթացքում ստացվել են նշված խանութներում տեղակայված անվտանգության տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները, որոնց հետազոտման արդյունքում պարզվել է, որ խանութներ մտնելիս նա միայնակ չի եղել, և նրանց մասնակցությամբ գողության դեպքեր են գրանցվել նաև այլ խանութներից։
Դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ, լրիվ հետազոտումն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութի մեջ պատկերված անձանց ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ։
Ովքեր ճանաչում են տեսանյութում պատկերված անձանց կամ որևէ տեղեկություն ունեն նրանց ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին