Լրահոս
Օրվա լրահոսը

Արայիկ Հարությունյան. մեր տեսլականն է վերականգնել Շուշիի կրթական, մշակութային ու զբոսաշրջային վաղեմի փառքը

Մարտ 09,2016 17:52

Մարտի 9-ին Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մասնակցել է Քարին տակ գյուղի և Շուշի քաղաքի համայնքապետների մեկամյա գործունեության հաշվետվությունների ներկայացմանը:

Քարին տակի համայնքի ղեկավար Մխիթար Առուշանյանի ներկայացմամբ՝ վերջին տարիներին շոշափելի աշխատանք է կատարվել գյուղի ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ: Նրա խոսքով՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի և ԱՀ կառավարության համաֆինանսավորմամբ կառուցվել են համայնքային կենտրոնի և դպրոցի մարզադահլիճի շենքերը, ինչպես նաև անցկացվել է ջրագիծը: Առկա խնդիրներից համայնքի ղեկավարն առանձնացրել է ճանապարհների բարեկարգման և մանկապարտեզի շենքի կառուցման հարցերը:

Գործադիրի ղեկավարը շեշտադրել է, որ Քարին տակը գտնվում է կառավարության ուշադրության ներքո, և արդյունքում համայնքային խնդիրների հիմնական մասը լուծում է ստացել: «Մանկապարտեզի շենքի կառուցումը կմեկնարկի այս տարի, իսկ ճանապարհների բարեկարգման ուղղությամբ համապատասխան միջոցներ ձեռք կառնենք՝ համատեղ ուժերով այդ խնդիրը ևս կարգավորելու նպատակով: Մնում է դուք ավելի նախաձեռնող գտնվեք ձեր ինքնազբաղվածության աստիճանը և սեփական եկամուտների չափն ավելացնելու ուղղությամբ, քանի որ գլխավորապես դրանցից է կախված բնակիչների բարեկեցության մակարդակը»,- ասել է Ա. Հարությունյանը՝ դիմելով ներկաներին:

Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանի տեղեկացմամբ՝ պետական և բարեգործական միջոցներով քաղաքում իրականացվել են մեծածավալ ծրագրեր, որոնք բարելավել են համայնքի ինչպես ենթակառուցվածքները, այնպես էլ քաղաքաշինական տեսքը: Սակայն, համայնքապետի խոսքով, ավերված հուշարձանների ու ենթակառուցվածքների թիվը մեծ է, և բերդաքաղաքի վերականգնման համար զգալի ներդրումների կարիք կա:

Անդրադառնալով քաղաքապետի և բնակիչների կողմից հնչեցված դիտարկումներին և հարցերին՝ վարչապետն իր խոսքում, մասնավորապես, ասել է. «Շուշին մեր պատմական հպարտությունն է, և մենք պարտավոր ենք ձեռք զարկել նրա վերականգնման և զարգացման պատասխանատու գործին: Նախորդ տարիներին զգալի աշխատանքներ են կատարվել այդ ուղղությամբ՝ պետական և բարեգործական միջոցներով: Բացի ենթակառուցվածքների վերականգնումից ու պետական որոշ կառույցներ Շուշի տեղափոխելուց, նախաձեռնել ենք նաև մշակութային և կրթական մի շարք հաստատությունների ստեղծումն ու տեղափոխումն այստեղ, որոնք նոր շունչ և խթան են հաղորդել նրա զարգացման ընթացքին: Այնուհանդերձ, դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու, քանի որ այս փառավոր քաղաքի ցանկալի մակարդակի զարգացման համար մեծ գումարներ են պետք: Մեր տեսլականն է վերականգնել Շուշիի կրթական, մշակութային ու զբոսաշրջային վաղեմի փառքը, և շուտով այդ նպատակին ուղղված նոր նախաձեռնությունների ականատես կլինեք»:

Ա. Հարությունյանը ներկայացրել է իր մոտեցումները Շուշիում հիմնված կրթական հաստատությունների նպատակների և հեռանկարների վերաբերյալ՝ հավաստիացնելով, որ «Շուշիի տեխնոլոգիական համալսարանը» և «Եզնիկ Մոզիյան արհեստագործական ուսումնարանը», որպես արդի պահանջներին և մեթոդներին համապատասխանող կրթօջախներ, իրենց կարևորագույն ներդրումն են ունենալու ոչ միայն Շուշիի, այլ նաև ողջ Արցախի հետագա զարգացման գործում:

Վարչապետը պատասխանել է քաղաքի կենսագործունեության տարբեր ոլորտների վերաբերող՝ բնակիչների հարցերին, ինչպես նաև տվել է կոնկրետ հանձնարարականներ՝ քննարկված որոշ խնդիրների լուծման ուղղությամբ:

 
ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031