Լրահոս
Օրվա լրահոսը

«Սարգիս Մուրադյան» պատկերասրահի տնօրեն. «Հիմա էլ ամենամեծ վտանգը կախված է Թումանյան 25 շենքի գլխին»

Մարտ 09,2016 17:30

Օրերս Երեւանի պատմաճարտարապետական դիմագծի աղճատմամբ մտահոգ մտավորականները հանդիպել են քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի հետ: Ի թիվս այլոց, նրանց թվում է եղել նկարիչ, «Սարգիս Մուրադյան» պատկերասրահի տնօրեն Զարուհի Մուրադյանը:

Aravot.am-ը տիկին Մուրադյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ տպավորություն է ստացել այդ հանդիպումից, արդյոք արդարացված են իր սպասելիքները: Զարուհի Մուրադյանը տարակուսանք հայտնեց, ասելով, որ իր համար էլ պարզ չէ, թե Նարեկ Սարգսյանն ինչու էր իրենց հրավիրել: Նկարչի ձեւակերպմամբ. «Նա այն մարդն է, որը մեծ լումա ունի այն ամենում, ինչի մասին խոսվում է այսօր»:

Զարուհի Մուրադյանը նաեւ հավելեց. «Տարիներ շարունակ տարբեր խմբեր պայքարել են հին Երեւանի ոչնչացման դեմ, սակայն, Արամի 30 շենքը գիշերով քանդելուց հետո արվեստագետները անսպասելի համախմբվեցին: Ինչ վերաբերում է Նարեկ Սարգսյանի մոտ հավաքին, ես շեշտեցի, որ վաղուց պետք է մեզ հետ հանդիպեին, այն մարդկանց հետ, որոնք անընդհատ ահազանգում են, գտնում են, որ սխալ է՝ հանրության անունից հանրության սիրված տարածքները ոչնչացնելը»:

Մեր զրուցակիցը հայտնեց, որ շատ զգացմունքային ելույթներ են հնչել. «Բոլորն էլ խոսեցին, որ ոչնչացվում է մեր հիշողությունը, որ մենք դեմ ենք այս ամեն ինչին, ի վերջո կոնկրետ շենքերի մասին խոսք գնաց, եւ «Դոլմամայի» մասին, եւ Պուշկինի փողոցի, եւ «Զվարթնոց» օդանավակայանի…Իմիջիայլոց, Նարեկ Սարգսյանը շատ դիվանագիտորեն մեզ փորձում էր ասել, որ իրենք պատրաստ են մեզ լսել, ականջալուր լինել, ամիսը մեկ մեզ հետ հանդիպել»: Զարուհի Մուրադյանը արվեստագետների հետ զրույցում պարզել է, որ այժմ էլ ամենամեծ վտանգը կախված է Թումանյան 25 շենքի գլխին:

«Նարեկ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ մեզ առաջարկվել է ցուցակ կազմել այն շենքերի, որոնց քանդմանը դեմ ենք: Մեզ հետաքրքրում էր, թե ինչպես է պատահել, որ որոշ մարդիկ ժամանակի ընթացքում դարձել են մեր կենտրոնի տերը, երբ մենք չգիտենք, թե ովքեր են իրենք, չնայած հասկանում ենք, որ բացի փողային շահից, այլ շահ չկա: Մենք որեւէ զբոսաշրջիկի ոչինչ չունենք ցույց տալու: Գալիս ասում են՝ էդքան գրում եք հազարամյակների պատմություն ունենք, դե ցույց տվեք ձեր Old Town կոչվածը, որ ամբողջ աշխարհում քարտեզի մեջ կարմիր գծով գծված է, եւ բոլոր զբոսաշրջիկները առաջին հերթին որեւէ քաղաք գնալիս, հին քաղաքն են ուզում տեսնել: 100 %-ով վստահեցնում եմ, որեւէ մեկին Հյուսիսային պողոտան չի զարմացնում, ոչ էլ դուր են գալիս էդ բետոնային, առանց ծառի, առանց հիշողության տարածքները: Դրանք ասես սարսափազդու հուշարձան լինեն, որ մի 100 տարի հետո՝ որպես մեր այս շրջանի սարսափ, դասագրքերի մեջ են մտցվելու: Այնպես որ, հիմա մենք ուզում ենք ցուցակ կազմել, ու դրանով Արթուր Իսպիրյանն է զբաղվում: Իմիջիայլոց բոլորը դեմ խոսեցին նաեւ արհեստական «Հին Երեւան» գաղափարին, որտեղ չի լինելու միջավայր, հոգի…»,-հայտնեց արվեստագետը:

 

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարը՝ Զարուհի Մուրադյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031