Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Վարդգես Գասպարիի դատի ժամանակ բավականին լարված մթնոլորտ էր: Դատավոր Նելլի Բաղդասարյանը Գասպարիի փաստաբան Տիգրան Եգորյանին անընդհատ նկատողություն էր անում՝ հորդորելով իրեն դիմել «հարգելի դատարան» արտահայտությամբ: Իսկ Եգորյանն էլ իր հերթին էր հարգանք պահանջում՝ հորդորելով իրեն դիմել «պարոն Եգորյան»-ով:
Մեզ հետ զրույցում հարցին՝ Դուք դիտավորյա՞լ իրեն չէիք դիմում «հարգելի դատարան» արտահայտությամբ՝ Տիգրան Եգորյանը պատասխանեց. «Երբ ես սկսեցի իմ խոսքը, ես ասացի՝ հարգելի դատարան: Այնպես չի, որ ես ամեն բառակապակցությունից հետո պետք է ասեմ՝ հարգելի դատարան եւ կմկմամ այդպես հարգելի դատարանի վրա: Դա միգուցե իր թյուր պատկերացումներն են առհասարակ կյանքի վերաբերյալ: Դիմելիս ասում ենք՝ հարգելի նախագահող, հարգելի դատարան, ես իմ առարկությունները ներկայացնելիս ինչպե՞ս պետք է դիմեմ: Սա բացառապես դատավոր Նելլի Բաղդասարյանի, իմ կարծիքով, որոշակի անառողջ ընկալումների հետեւանք են: Դրանք չկան սահմանված քրեական դատավարությամբ: Դուք չես կարող անընդհատ ընդհատել կողմին՝ ասելով՝ այ, դու այս նախադասությունն ավարտեցիր ու չսկսեցիր հարգելի դատարան արտահայտությամբ հաջորդ նախադասությունը: Սա ի՞նչ է, ի վերջո կոմեդիայի թատրոն չի, չէ՞»:
Իսկ Վարդգես Գասպարին լրագրողներին ասաց, որ երբ դատարանը պատիժ է իրականացնում իր նկատմամբ, կողմի նկատմամբ, այնուհետեւ խոշտանգումներ են իրականացնում, այլեւս իրավական գործընթաց գոյություն չունի:
Կարդացեք նաև
Ըստ Գասպարիի, այս դատական կոչվող գործընթացին իմաստ էլ չունի մասնակցել, ինչ ուզում են, թող որոշեն:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ