2016 թ. Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ է դիմել Արթիկ ՔԿՀ դատապարտյալ Վ. Ա.-ը: Վերջինս ներգրավված է մեթադոնային փոխարինող բուժման ծրագրում, ինչն էլ պատճառ է հանդիսանում նրան որպես թմրամոլության հակում ունեցողի հաշվառման վերցնելու համար: Նման պայմաններում դատապարտյալը զրկվում է վաղաժամկետ ազատվելու, մեկուսացվածության առավել ցածր մակարդակով՝ ուղղիչ հիմնարկով փոխարինելու՝ իր իրավունքներից: Հիմք ընդունելով դատապարտյալի դիմումը՝ 2016 թ. փետրվարի 16-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը գրությամբ դիմել է ՀՀ արդարադատության նախարարին՝ տեսակետ հայտնելով, որ մեթադոնային փոխարինող բուժման ծրագրում ընդգրկված անձանց նկատմամբ վարվող վերոնշյալ քաղաքականությունը ենթակա է վերացման, ինչը հիմնավորվել է մի շարք հանգամանքներով: 2009 թ. ՀՀ-ում մեկնարկեց «Մեթադոնային փոխարինող բուժման տրամադրում ափիոնատիպ նյութերից կախվածություն ունեցող հիվանդներին» ծրագիրը, որն իրականացվում է ՀՀ Առողջապահության նախարարության կողմից հաստատված «Օփիոիդային թմրամոլության մեթադոնային բուժման կլինիկական ուղեցույցի» համաձայն, ինչը փաստում է այն մասին, որ ՀՀ-ում մեթադոնը կիրառվում է գերազանցապես բուժական նպատակներով: Ինչպես ցույց է տալիս միջազգային փորձը, մեթադոնային փոխարինող բուժումը տալիս է դրական արդյունքներ. բարելավվում է թմրամիջոց գործածող անձի կյանքի որակը, նվազում է ապօրինի թմրամիջոցներից կախվածությունը, ի վերջո՝ մեթադոնային փոխարինող բուժման արդյունքում թմրամիջոց գործածող անձը կարող է լիովին հրաժարվել նաև մեթադոնից: Փաստորեն, չնայած նրան, որ տվյալ դեպքում մեթադոնը կիրառվում է միմիայն բուժական նպատակներով, այնուամենայնիվ մեթադոնային փոխարինող բուժում ստացող անձինք դիտարկվում են որպես թմրամիջոց գործածողներ և ենթարկվում նույն քաղաքականությանը, որը կիրառվում է վերջիններիս նկատմամբ: Կազմակերպությունը վկայակոչել է նաև ՀՀ արդարադատության նախարարի 2008 թ. մայիսի 30-ի թիվ 44 հրամանով հաստատված «Կալանավորվածների և դատապարտյալների հետ սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքներ իրականացնող կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության» Կարգի 12-րդ գլխի 68-րդ կետը, որի համաձայն՝ ռիսկային խմբի մեջ ներառված են թմրամիջոց գործածող անձինք, ընդ որում՝ որպես թմրանյութերի նկատմամբ հակում ունեցող հաշվառելու հիմք է հանդիսանում դատավճռով տրված բժշկական եզրակացությունը: Կարգը «թմրամիջոցի նկատմամբ հակում» ունեցող անձանց միջև տարանջատում չի դնում, մինչդեռ նրանց մեջ կարող են լինել մարդիկ, ովքեր ներգրավված են մեթադոնային փոխարինող բուժման ծրագրում, ինչը հանգեցնում է վերջիններիս նկատմամբ խտրական վերաբերմունքի:
Վերոնշյալ գրությամբ Կազմակերպությունը դիմել է ՀՀ արդարադատության նախարարին՝ ձեռնարկելու բոլոր հնարավոր միջոցները խնդիրը կարգավորելու ուղղությամբ: 2016 թ. փետրվարի 29-ի պատասխան գրությամբ ՀՀ Արդարադատության նախարարությունից հայտնել են, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի առաջարկությունները կքննարկվեն ներկայումս մշակվող «Կալանավորվածների և դատապարտյալների հետ սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքներ իրականացնող կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության կարգը հաստատելու մասին» ՀՀ արդարադատության նախարարի նոր հրամանի նախագծի մշակման ընթացքում: Հավելենք, որ դեռևս 2015 թ. նոյեմբերի 5-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից ՀՀ Արդարադատության նախարարությանն է ներկայացվել Մեթադոնային փոխարինող բուժում ստացող անձանց պայմանական վաղակետ ազատման իրավունքի վերաբերյալ՝ Կազմակերպության վերլուծությունը՝ համապատասխան առաջարկություններով: Միաժամանակ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պատրաստակամություն է հայտնել լրացուցիչ քննարկումների և անհրաժեշտ պարզաբանումների:
Շուրջ երկու շաբաթ անց միայն՝ 2015 թ. նոյեմբերի 19-ի պատասխան գրությամբ ՀՀ Արդարադատության նախարարության կազմակերպական-իրավական վարչությունից հայտնել են, որ Նախարարության կողմից մշակվում է <<Կալանավորվածների և դատապարտյալների հետ սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքներ իրականացնող կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության կարգը հաստատելու մասին>> ՀՀ Արդարադատության նախարարի նոր հրամանի նախագիծը, և Կազմակերպության առաջարկությունները կքննարկվեն նախագծի քննարկման ընթացքում: Նույն թվականի դեկտեմբերի 3-ի պատասխան գրությամբ ՀՀ Արդարադատության նախարարության օրենսդրական զարգացման և իրավական վերլուծությունների վարչությունից հայտնել են, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից ներկայացված <<…առաջարկի հիման վրա Հրամանով հաստատված կարգում ներկայումս լրացում կատարելու անհրաժեշտությունը բացակայում է>>: Մինչ գերատեսչությունները «քննարկում են» խոցելի խմբերի խնդիրներին վերաբերող վիճահարույց հարցերը, վերջիններիս իրավունքները շարունակում են խախտված մնալ, և իրական լուծում այդպես էլ չի տրվում: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում թմրամիջոց գործածող անձանց խնդիրները և հետևողական է լինելու դրանց լուծմանը: Հիշեցնենք, որ անօրինական կարգով թմրաբանական հաստատությունում հաշվառված Ռ. Ղ.-ի իրավունքների պաշտպանության նպատակով ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիմել էր դատարան՝ Ռ. Ղ.-ի վերաբերյալ կազմված բժշկական փաստաթղթերում որպես թմրամոլ առկա գրառումներն ու հաշվառումը վերացնելու պահանջով: 2015 թվականի դեկտեմբերի 23-ին Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց հայցը:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ