Լրահոս
Օրվա լրահոսը

«Սանձարձակ, քմահաճ կնոջ պահվածք է». Եգորյանը՝ դատավորին «դուրս շպրտելու» մասին

Մարտ 09,2016 16:34

Այսօր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին նորից պառկեց դատարանի դահլիճում, իսկ դատավոր Նելլի Բաղդասարյանը նրան պատժեց՝ արգելելով մասնակցել նիստերին եւս 6 ժամ:

Գասպարիի փաստաբան Տիգրան Եգորյանը փորձում էր դատավորի գործողությունների հետ կապված առարկություն ներկայացնել, սակայն դատավորը նրան էլ թույլ չէր տալիս խոսել: Ավելին՝ սպառնաց, որ նրան կհեռացնի դատարանի դահլիճից: Եգորյանը բարկացավ. «Հարգելի՛ նախագահող, ինձ թվում է, ստեղ կա միայն մեկ անձ, ում պետք է հեռացնել նիստերի դահլիճից»:

Տիգրան Եգորյանը հայտարարեց, որ եթե Գասպարիին հեռացրել են նիստերի դահլիճից, իր վստահորդը չի տալիս իրենց լիազորություն առանց իր ներկայության պաշտպանել իր շահերը, ուստի ստիպված է նաեւ ինքը հեռանալ: Հեռանալու համար դատավորը նույնպես սանկցիա կիրառեց Եգորյանի նկատմամբ:

Մեր հարցին, թե ինչքա՞ն պետք է այսպես շարունակվեն դատական նիստերը՝ Տիգրան Եգորյանը պատասխանեց. «Դատավորի պահվածք չի սա, սա առհասարակ իրավաբանի պահվածք չի: Սա…ես չգիտեմ, սանձարձակ, քմահաճ եւ ոչ մի կերպ օրենքին ու իրավունքին չառնչվող մի կնոջ պահվածք է, որը տեղ չունի դատական համակարգում: Այս մարդուն ուղղակի պետք է այնպես հեռացնեն դատական համակարգից, որ դա համադրելի լինի ժողովրդի մեջ կիրառվող «դուրս շպրտել» եզրի հետ: Սա արդարադատություն չի, սա ուղղակի աբսուրդ է: Հնարավոր չի այսպիսի դատական նիստեր անցկացնելը: Սա դատական նիստ էլ չենք կարող անվանել՝ միջոցառում: Մեր իրավունքների իրացումը սահմանափակված է: Մենք իրավունք չունենք հայտարարություններ անելու, մեզ չի թույլատրվում առարկություններ անելու: Արդեն որերորդ դատական նիստն է՝ դատավորը չի էլ բարեհաճում մեր ինքնաբացարկի միջնորդությունը լսել: Կիրառած սանկցիաների հետ կապված չեն ներկայացվում իրավական հիմքերը: Անհասկանալի է՝ ոնց է պետք այս նիստերին մասնակցել, եթե դատավորը ցանկացած բառի կապակցությամբ ասում է՝ դուք պետք է դատավորի թույլտվությունն ունենաք, իսկ դատարանը արգելում է: Քրեական դատավարության ժամանակ այսպիսի ընթացակարգ չկա նախատեսված»:

Մեր հարցին՝ այս դատավորը նման վերաբերմունք միայն այս գործի՞ շրջանակներում է դրսեւորում, թե՞ առհասարակ այսպիսին է՝ Տիգրան Եգորյանը պատասխանեց, որ լսել է՝ առհասարակ համարժեքության տեսակետից պրոբլեմային անձնավորություն է, իսկ այս նիստերին իր ողջ ներկապնակով դա դրսեւորվում է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031