Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սեւազգեստ մայր. «Հիմա էլ վարկած են պտտում, թե Վալերիկս տանից թմրանյութ է ուզել»

Մարտ 09,2016 16:25

«2011 թվականի «Հ1» հեռուստաալիքի եթերում Գեւորգ Կոստանյանը հայտարարեց, որ Վալերիկ Մուրադյանը զորամասում ականատես է եղել բազմաթիվ չարաշահումների, քննություն է շարունակվում, մեղավորներն անպայման կպատժվեն։ Քննության գաղտնիությունից ելնելով չէին կարող մանրամասները հրապարակել»,- «Մեդիա կենտրոնում» «Խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների դատական գործերի ընթացքը» թեմայով մամուլի ասուլիսի ընթացքում ասաց զոհված զինվոր Վալերիկ Մուրադյանի մայրը՝ Նանա Մուրադյանը:

Նա շեշտեց, որ մինչ այժմ ոչինչ չի արվել. «Տարբեր վարկածներ են պտտացնում։ Իմ տղան դեպքից 4 օր առաջ զանգեց տուն, ասաց որ վառելանյութի գողության է ականատես եղել։ Ասաց, որ ինձ գումար են առաջարկել՝ 3.000 դրամ, եւ ինքը չի համաձայնել։ Ասացի, Վալեռ ջան գործ չունես դրանցից։ Ընդամենը 4 օր հետո իմ տղային սպանեցին»։

Նանա Մուրադյանը նշեց, որ այժմ նոր վարկածներ են պտտվում, թե Վալերին տանից թմրանյութ է ուզել. «Ես մտածում եմ, որ ուզում են խառնեն մեզ։ Մենք Հոկտեմբերյանում ենք ապրում։ Էն հումորային հաղորդումներում, որ ասում են` Հոկտեմբերյանը պլանի երկիր ա, երեւի դա ի նկատի ունեն։ Ես չգիտեմ։ Երբ քննիչին ես հարցրեցի, թե ո՞վ ասել, որ իմ տղան տանից պլան է ուզել, ասաց, որ ցուցմունք տվող կա հենց մեր մարզից։ Երբ Գեւորգ Կոստանյանը մեզ ընդունեց, ես միջնորդություն ներկայացրեցի, որ թույլ տան այդ տղայի հետ առերես հանդիպեմ եւ տեսնեմ, թե ում համար է պլան ուզել իմ տղան»։

Վալերի Մուրադյանի մայրն ասաց, որ իր միջնորդությունը բավարարվել է, ինքը հանդիպել է ցուցմունք տվածի հետ . «Ես հարցրեցի, թե Վալերիկը ծխո՞ւմ էր։ Ասաց, որ ոչ եւ նույնիսկ, որ գնում էին ծխարան, այդ հոտից սիրտը խառնում էր։ Հարցրեցի, թե ո՞ւմ համար է ուզել այդ պլանը, պատասխանեց, որ չգիտի։ Մինչ այդ 2 տարի ես փորձում էի առերեսման հասնել։ Քննիչն ինձ ասաց, թե այդ վարկածը հերքվել է։ Ես պնդեցի, որ սուտ ցուցմունքի համար դատեք այդ տղային։ Հետո պտտացրեցին, պտտացրեցին, բերեցին տվեցին ցուցմունքը, թե ուզել է, բայց չգիտի, թե ում համար»։

Անդրադառնալով քրեական գործի ընթացքին, Նանա Մուրադյանն ասաց, որ գործի վերաբերյալ բացատրություններ են պահանջում. «Իրենք իրենց ձեւով ասում են եւ վերջ։ Անցնում գնում է»։

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031