Ինչպես տեղեկացրել ենք, Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի դատական նիստն անցնում է բավականին լարված:
Ողջ նիստի ժամանակ դատավոր Նելլի Բաղդասարյանն ու Գասպարիի փաստաբանը, կարելի է ասել, ընդհարվում են: Դատավորը ժամանակ առ ժամանակ արգելում է Եգորյանին նույնիսկ խոսել, հայտարարություն անել իր գործողությունների վերաբերյալ, ինչին ի պատասխան՝ փաստաբանը հայտնեց իր զարմանքը. «Ձայնազո՞ւրկ եմ»:
Եգորյանը նախ դատական նիստի սկզբում փորձեց պարզաբանում ստանալ իր պաշտպանյալի՝ Գասպարիի նկատմամբ սանկցիաների վերաբերյալ՝ նախորդ նիստում 6 ժամով զրկել էր ներկա լինել դատական նիստերին, իսկ այս նիստի համար ծանուցում է ստանում, որ եկեք դատարան. «Պարզ մաթեմատիկական հաշվարկով՝ 6 ժամը չի լրացել, առնվազն 4 ժամ հեռացված ենք, արդյոք դատարանի կողմից այդ սանկցիան վերացվե՞լ է, թե՞ ոչ: Այսօր նիստին գտնվելով՝ իմ վստահորդը փաստորեն խախտում է օրենքը»:
Եգորյանը հիշեցրեց, որ հենց այս գործով, որը քննվում է, դատավոր Ռուզաննա Հակոբյանը հեռացրել էր Գասպարիին 36 ժամով ու երբ Գասպարին 36 ժամ հետո ներկայացել էր, ասել էին՝ 36 ժամը նշանակում է 36 դատական նիստի ժամ. «Հիմա ուզում եմ հասկանալ՝ այս նիստին 6 ժամը վերաբերում է ընդհանրապե՞ս 6 ժամին»:
Կարդացեք նաև
Դատավորը հայտարարեց, որ իր ասած 6 ժամը լրացել է եւ թույլ է տալիս, որ Գասպարին մասնակցի: Հետո դիմեց Եգորյանին, թե՝ «դեմագոգիայով մի զբաղվեք, եղեք հակիրճ ձեր խոսքերում»: Գասպարին միջամտեց՝ հորդորելով իր պաշտպանին չվիրավորել: Եգորյանի խոսքերով՝ «Հիմա ես սա որպես վիրավորանք եթե չընդունեմ, որպես ի՞նչ ընդունեմ»: Դատավորը որոշեց սանկցիա կիրառել Գասպարիի նկատմամբ՝ նախազգուշացում: Երբ Տիգրան Եգորյանը հորդորեց հարգանք ունենալ եւ իրեն դիմել պարոն-ով՝ դատավորը սանկցիա որոշեց կիրառել նաեւ Եգորյանի նկատմամբ: Եգորյանն ապշած էր՝ իմ կոնկրետ ո՞ր գործողության համար է կիրառվում դատական սանկցիա: Դատավորն ասաց, որ հակիրճ չի խոսել:
Տիգրան Եգորյանը հայտարարեց, որ կդիմի վերադաս մարմին, որ դատավորը դատավարական կանոնագրքին հետեւի. «Հուսանք, կենթարկվեք համապատասխան սանկցիայի այս արարքի համար նաեւ»:
Դատավորը մեկ դատական նիստի ընթացքում մեկ տասնյակի հասնող դատական սանկցիայի որոշում կայացրեց:
Գասպարին էլ հայտարարեց. «Քանի որ ձեր պատժիչ միջոցներով ձեր կամքն եք թելադրում ինձ, այնքան համարձակություն չունեք օրինական միջոցով պատժիչ գործողություններն իրականացնեք, թաքնվում եք կալանավայրերում քրեական հեղինակությունների թիկունքում եւ նրանց միջոցով իրականացնում ձեր կամքը: Բռնություններով, խոշտանգումներով եք դուք իրականացնում ձեր կամքը: Իշխանության վերին օղակների անմիջական ցուցումով դուք անտեսում եք իմ հայտարարությունն այն մասին, որ իմ նկատմամբ կիրառվել են խոշտանգումներ, որը միջազգային կոնվենցիայով պետք է քննության ենթարկվի, դուք այսօր շարունակում եք դատը՝ անտեսելով դա: Ես հիմա չունեմ այլ տարբերակ, քան պառկելով իմ բողոքն արտահայտեմ»,- ասաց նա ու պառկեց դատարանում:
Այս անգամ Գասպարիին դատարանից պառկած դուրս հանելիս կարգադրիչներն աշխատում էին լինել զգույշ, իրար ասում էին՝ կամաց դիր գետնին, շատ կամաց:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ