Փաստաբան Նորայր Նորիկյանի կանխատեսմամբ, առաջիկա ընտրությունները հանրապետական շիլաշփոթի են վերածվելու եւ չենք կարողանալու այդ շիլաշփոթից դուրս գալ:
Այսօր «Հենարան« ակումբում նա ասաց, որ կատարվելու է գունային ընտրություն, քանի որ ընտրողին տրվելու են տարբեր գույների քվեաթերթիկներ. «80 տարեկան պապի, որին դրսում հրահանգավորելու են, եւ ոչ միայն պապիկին, այլ նաեւ 100 հազարավոր ընտրողներին, որ կմտնես եւ կընտրես կանաչ կամ կարմիր գույնը: Այսինքն՝ ընտրական բուն մեխանիզմը եւ պատկերացումները արժեզրկվում են, եւ մարդիկ ընտրության են գնալու գունային պատկերացումներից ելնելով»:
Փաստաբանի խոսքով, ըստ էության, մեծամասնական ընտրական համակարգը չի վերանալու, իսկ օրենսգրքում տեղ են գտել բավականին վիճահարույց դրույթներ, որոնք վիճահարույց են լեգիտիմ իշխանության ձևավորման ընկալման առումով:
Նա առանձնացրել է վիճահարույց 13 հոդված:
Կարդացեք նաև
«Նախագծի 10 -րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն՝ ընտրության ժամանակ պարտադիր ժամկետային զինծառայության մեջ գտնվող զինծառայողները, ծառայությունից օրենսդրությամբ սահմանված կարգով արձակված լինելու պայմաններում, ընդգրկվում են բնակության վայրի հաշվառման ընտրացուցակներում:
Այս դրույթը, ոչ միայն ընտրությունների, այլեւ հետընտրական գործընթացում, վիճարկման կամ կասկածի տեղիք է տալիս՝ այս կամ այն շահագրգիռ ուժերի կողմից. կասկածի տակ է դրվում ընտրություններին մի քանի անգամ մասնակցելու հանգամանքը»,- ասաց փաստաբանը:
Պարոն Նորիկյանն առաջարկում է ԱԺ ընտրություններին նախորդող 10 օրերին կամ մինչև ընտրությունների ավարտը պարտադիր ժամկետային զինծառայողներին արձակուրդ չտրամադրել՝ բացառությամբ որոշ բացառիկ դեպքերի: Այսկերպ, նրա համոզմամբ, ընտրախախտում կատարելու ռիսկերը նույնպես կնվազեն. «Այսինքն, ընտրություններին նրանք կմնան զորամասերում և զորամասերի ցուցակներով կմասնակցեն ընտրություններին, այդ պարագայում կիմանանք՝ ովքեր են պատասխանատուները, այսինքն՝ զորամասում ցուցակ կազմողները և զորամասում ընտրություններ կազմակերպելու համար նշանակված մարդիկ պատասխանատու կլինեն զինծառայողների համար»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ