Լրահոս
Օրվա լրահոսը

Այն, որ ԼՂ խնդիրը լուծված չէ, մեղավոր չեն ոչ միջնորդները, ոչ Երևանը. Է. Նալբանդյանը՝ «Կոմերսանտին»

Մարտ 09,2016 14:53

Մարտի 10-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա: Ռուսական «Կոմերսանտ» պարբերականը, վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրները, գրում է, որ Մոսկվան անհանգստացած է հայ-ադրբեջանական ուժերի շփման գծում զինված միջադեպերի աճով: Սերժ Սարգսյանի այցի նախաշեմին «Կոմերսանտը» զրուցել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ իրավիճակի լարվածության և կարգավորման հեռանկարների մասին: Հարցազրույցը կրճատումներով, թարգմանաբար ներկայացված է ստորև:

— Վերջերս Երևան այցի ընթացքում եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ ԼՂ խնդրի ռազմական լուծում չկա, և հանդես է եկել կարգավորման մադրիդյան սկզբունքների ու Մինսկի խմբի գործունեության օգտին: Ինչպե՞ս եք գնահատում Մինսկի խմբի աշխատանքի հեռանկարները:

— Եվրամիությունը բազմիցս աջակցություն է հայտնել Մինսկի խմբի համանախագահների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ջանքերին, և նշել է, որ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա: Տիկին Մոգերինին մեկ անգամ ևս հաստատել է այդ դիրքորոշումը: Մենք մշտապես բարձր ենք գնահատել Մինսկի խմբի համանախագահների ջանքերը: Ցավոք, հակամարտության կողմերից մեկը այլ կարծիքի է: Այն, որ լուծումը մինչև հիմա չի գտնվել, մեղավոր չեն ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ՝ միջնորդները: Մենք բազմիցս հայտարարել ենք, որ պատրաստ ենք ընդունել համանախագահների առաջարկների հիման վրա կարգավորման տարբերակը, սակայն Ադրբեջանը քննադատում է այդ առաջարկները և բուն համանախագահներին: Բանը հասել է նրան, որ Բաքուն սկսել է նրանց մեղադրել իսլամոֆոբիայի մեջ՝ հայտարարելով, որ նրանց հետ հանդիպելու իմաստ չկա, քանի որ նրանք ճնշում չեն գործադրում Հայաստանի վրա: Թերևս Ադրբեջանում ոչ շատ ճիշտ են ըմբռնում միջնորդության դերը: Միջնորդների ջանքերը պետք է ուղղվեն առաջին հերթին երկխոսության հաստատմանը, հանդիպումների կազմակերպմանը, կողմերի դիրքերի մերձեցմանը, այլ ոչ թե այս կամ այն կողմի ճնշմանը: Ղարաբաղյան հիմնախնդիրը այն հազվագյուտ դեպքն է, երբ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի նման երկրները ընդհանուր մոտեցում են որդեգրել կարգավորման հարցում: Նրանք հանդես են եկել կոնկրետ առաջարկներով, որոնց հիման վրա կարելի է հասնել խնդրի լուծմանը: Այդ առաջարկները արտացոլվել են Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հինգ հայտնի հայտարարություններում, որոնք արվել են այդ երկրների նախագահների կողմից: Հայաստանը ողջունել է դրանք և նշել, որ դրանց հիման վրա պատրաստ է շարունակել բանակցությունները հակամարտության կարգավորման ուղիներ փնտրելու շուրջ:

Ադրբեջանը մինչև այսօր ձևացնում է, որ նման հայտարարություններ գոյություն չունեն: Բանակցություններին այլընտրանք չկա, և մենք համանախագահների հետ համատեղ կշարունակենք ջանքերը, որոնք միտված են հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը:

— Ինչպե՞ս կմեկնաբանեք ՌԴ ԱԳՆ-ի վերջին հայտարարությունը, թե «սպառազինությունների ցանկացած մատակարարում ինչպես Հայաստանին, այնպես էլ Ադրբեջանին իրականացվում է տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը լրջորեն հաշվի առնելով»:

— Մենք ստիպված ենք ջանքեր գործադրել, որպեսզի պահպանվի տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունն ու թույլ չտրվի նոր սրացում: Վերջին տարիներին Ադրբեջանը մի քանի անգամ ավելացրել է իր ռազմական ծախսերը: Մենք Ռուսաստանի հետ ունենք դաշնակցային, ռազմավարական հարաբերություններ, շատ սերտ ռազմական, այդ թվում՝ ռազմատեխնիկական համագործակցություն: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ մենք զենք ենք գնում առաջին հերթին մեր ռազմավարական դաշնակցից: Այն, որ Ռուսաստանը, որպես զենքի խոշորագույն արտադրողներից մեկը, այն վաճառում է տարբեր երկրների, բնական է: Սակայն մեզ չի կարող հիացնել փաստը, որ Ադրբեջանը զենք է գնում և դրա հետ մեկտեղ գրեթե ամեն օր սպառնում է նոր պատերազմ սկսել: Եվ մեզ չի կարող դուր գալ, որ սպառազինությունները գնվում են մեր դաշնակցից, որը շատ ջանքեր է գործադրում Հայաստանի հետ փոխգործակցելու համար, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի շրջանակում:

— Եթե առաջիկայում գործի չդրվեն կարգավորման լծակները, իրատեսակա՞ն է արդյոք լայնամասշտաբ պատերազմի սցենարը:

— Հայաստանում կիսում են տեսակետը, որ պատերազմը հակամարտության կարգավորման ուղի չէ: Մինսկի խմբի համանախագահները չնայած փորձում են չեզոք դիրք գրավել՝ անցյալ տարի ստիպված էին անել մի քանի հասցեական հայտարարություն, որոնցով դատապարտել են ծանր սպառազինությունների և հրետանու կիրառումը և կոչ են արել պահպանել հրադադարի ռեժիմը, ինչպես նաև ընդունել Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև շփման գծում և Հայաստանի հետ սահմանին հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմ ստեղծելու առաջարկը: Այդ մեխանիզմը կարող է դառնալ հետագա սրացման կանխարգելման գործիք: Համանախագահները նաև կոչ են անում դադարեցնել իրենց հասցեին քննադատությունն ու վերահաստատել հանձնառությունը խաղաղ կարգավորման հարցում: Հասկանալի է, որ բոլոր այդ կոչերը ուղղված են հենց Ադրբեջանին, քանի որ Հայաստանը երբեք չի քննադատել Մինսկի խումբը:

Ադրբեջանը շարունակում է սադրանքները Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում և Հայաստանի հետ սահմանին, շարունակում է կիրառել ծանր հրետանի, գնդակոծել քաղաքացիական օբյեկտները: Բաքուն հրաժարվում է միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծումից, շփման գծից դիպուկահարների հեռացումից:

— Ինչպե՞ս է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի վրա անդրադառնում Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների ներկա լարվածությունը: Ինչպե՞ս եք գնահատում թուրքական կողմի խոստումները «Ադրբեջանի բռնագրավված տարածքները ազատագրելու ուղղությամբ բոլոր ջանքերը գործադրելու» վերաբերյալ:

— Տպավորություն է ստեղծվում, որ թուրքական ղեկավարությունը կորցնում է իրականության զգացումը, ընդ որում, ոչ միայն արտաքին, այլև ներքին քաղաքականության հարցում: Վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարում է, որ այսօր Սիրիայում քրդերը համագործակցում են Ռուսաստանի հետ ճիշտ այնպես, ինչպես 20-րդ դարի սկզբին նրա հետ համագործակցել են «հայկական ավազակախմբերը»: Նման հայտարարությունը լուրջ ազդանշան է միջազգային հանրությանը այն տեսանկյունից, թե ինչ կարող է տեղի ունենալ քրդերի հետ: Եթե Թուրքիան իսկապես ԼՂ հիմնախնդրի լուծում է ցանկանում, նա պետք է որքան հնարավոր է հեռու մնա կարգավորման գործընթացից:

— Հայաստանը բնակչության թվի հարաբերակցությամբ սիրիացի փախստականներին ապաստան տված երրորդ երկիրն է՝ եվրոպական այլ պետությունների համեմատ: Երևանն ունի՞ ԵՄ-ի օժանդակության կարիքը Սիրիայից փախստականներին ընդունելու համատեքստում:

— Մենք չէինք կարող անմասն մնալ Սիրիայում տեղի ունեցածին, ինչպես նաև այն խնդիրներին, որոնց առերեսվել են այնտեղ ապրող մեր հայրենակիցները: Մենք օգնության ձեռք ենք մեկնել և ընդունել մոտ 20 հազ. մարդկանց, ինչը Հայաստանի նման փոքր երկրի համար շատ մեծ թիվ է: Մենք աշխատում ենք այդ մարդկանց ինտեգրման համար համապատասխան պայմաններն ստեղծելու ուղղությամբ: Հայաստանը աջակցության կարիք ունի՝ օգնելու նրանց, ովքեր այստեղ զրոյից նոր կյանք են կառուցելու: ԵՄ-ն պատրաստ է դիտարկել Հայաստանին հատուկ ֆոնդից միջոցներ տրամադրելու հնարավորությունը: Իհարկե, մենք շնորհակալ կլինենք, եթե համապատասխան կառույցներն օգնեն փախստականներին, որոնց ապաստան է տրամադրել Հայաստանը:

— Աշխատանքային այցով Մոսկվա կայցելի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Ի՞նր հարցեր են ներառված այցի օրակարգում:

— Մեր առաջնորդների հերթական հանդիպումն ուղղված է լինելու ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման դիտարկմանը և մեր ռազմավարական, դաշնակցային համագործակցության հետագա ամրապնդմանն ուղղված քայլերի նախանշմանը:

 

Թարգմանությունը՝  civilnet.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031