«Ես չեմ բացառում, որ կարող են լինել գործեր, որոնք չեն բացահայտվում։ Այդպիսի քրեական գործեր կարող են լինել փողոցում սպանությունը, ահաբեկչության տարբեր տիպի դրսեւորումները եւ այլն։ Բայց պետական հիմնարկում, այն էլ զինված ուժերում, ոչ պատերազմական գործողությունների ժամանակ, ոչ դիվերսիայի ժամանակ, երբ կատարվել է սպանություն, ապա այդ չբացահայտելը բերում է տարբեր մտահոգությունների»,- «Մեդիա կենտրոն»-ում «Խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների դատական գործերի ընթացքը» թեմայով մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը։
Նա համոզված է, որ իրավապահ մարմիններն այդքան ոչ պրոֆեսիոնալ չեն, որ չկարողանան բացահայտել փակ տարածքում տեղի ունեցած սպանությունը. «Սա է ամենամտահոգիչը։Ո՞նց կարող է չբացահայտվել դա։ Հերթական անգամ, երբ բողոք է լինում, կարծես թե հույսեր են արթնանում, որ ինչ-որ բան է լինելու։ Հետո փորձաքննություններից եւ այլ գործողություններից հետո գործը կարճվում է»։
Ավետիք Իշխանյանը նշեց, որ գործերը չբացահայտելու մեջ հատուկ միտում է տեսնում. «Լավ 1 դեպք եղավ, չկարողացան պարզել։ Բա այսքա՞ն դեպքերը։ Իրավապահ մարմինների ներկայացուցիչները ո՞նց են նայում այս կանանց դեմքերին։ Երեւի ամեն անգամ մտածում են, թե նորից սրանք եկան, չպրծա՞նք սրանցից»։
Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ