ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը իր մեկ ամսվա աշխատավարձը փոխանցել է գյումրեցի լուսանկարիչ Հայկ Բարսեղյանի հեղինակած`Գյումրիի 13 անօթեւանների բնակարաններ գնելու ծրագրի շրջանակում իրականացվող դրամահավաքին:
Նշենք, որ Հովիկ Աբրահամյանը այս ծրագրին մասնակցել է որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, այլ ոչ որպես վարչապետ:
Հիշեցնենք նաեւ, որ ծրագրին արձագանքել են շատերը. ԱԺ պատգամավորներ, այդ թվում՝ Հովիկ Աբրահամյանի խնամի Գագիկ Ծառուկյանը, գործարարներ, դերասաններ, շարքային քաղաքացիներ, նույնիսկ սիրված ֆուտբոլային թիմերը՝ «Ռեալ Մադրիդը», «Բարսելոնան»:
Գյումրեցի անօթեւաններին փրկելու կոչով համայն աշխարհին դիմեցին ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրն ու աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը:
Կարդացեք նաև
Ծրագրի վերջնաժամկետը, ըստ բրիտանական Crowdfunder կայքի, մարտի 19-նն է, այն ծրագիրն իրագործելու համար անհրաժեշտ է հանգանակել 120.000 ֆունտ ստերլինգ: Նշված գումարը չհավաքելու դեպքում, կազմակերպիչները ստիպված կլինեն հանգանակված գումարը վերադարձնել տերերին: Սակայն, ինչպես տեղեկանում ենք լուսանկարիչ Հայկ Բարսեղյանի ֆեյսբուքյան գրառումից. «Կամացից սկսել եմ գիտակցել, անհնար բան ենք արել, մեծ մասը արել ենք, բան չմնաց»: Հայկ Բարսեղյանը մեզ տեղեկացրեց, որ բնակարանները կգնեն դրամահավաքից հետո, այս պահի դրությամբ 9 բնակարան են գնելու:
Գյումրիի 13 անօթեւաններին տնակային դաժան կյանքից փրկելու համար դեռ նախատեսված են համերգային ծրագրեր ու բարեգործական աճուրդ, մարտի 19-ին Սարգիս Հովսեփյան պատկերասրահում վաճառքի կհանվեն Հենրիխ Մխիթարյանի մարզաշապիկը, «Բարսելոնայի» դրոշը ու «Ռեալ Մադրիդի» մարզաշապիկը՝ ֆուտբոլիստների ստորագրությամբ, Արսեն եւ Լեւոն Ջուլֆալակյանների մարզակոշիկները:
Վանաձորի քաղաքապետարանի «Հորովել» երգի-պարի անսամբլը ևս համերգ կտա՝ գումարը հանգանակելով «SOS Գյումրի»-ի հաշվեհամարին:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ