Իրանցի միլիարդատեր Բաբեք Զանջանիին մահվան դատապարտելու վճիռը կարող է չեղյալ հայտարարվել։ Այս մասին տեղեկացնում է Bloomberg լրատվական կայքը։
Իրանի Իսլամական Հանրապետության Արդարադատության նախարար Մուստաֆա Փուրմուհամմադին, խոսելով Բաբեք Զանջանիին մահապատժի ենթարկելու դատավճռի մասին, ասել է, որ այն կարող է չեղյալ հայտարարվել մեկ պայմանով. «Եթե մեր բանկային հաշվին տեսնենք այն փողը, որը յուրացրել է Զանջանին, կարող ենք ասել, որ նա համագործակցել է մեզ հետ։ Մինչև այժմ նման բան չենք տեսել»։
Տեղեկացնենք, որ միլիարդատեր Բաբեք Զանջանին ձերբակալվել է 2013թ. դեկտեմբերին՝ Իրանի Ազգային նավթային ընկերությունից 2.7 միլիարդ ԱՄՆ դոլար յուրացնելու մեղադրանքով։ Զանջանիի գործով դատավարությունը մեկնարկել է 2015թ. հոկտեմբերին։ Նրան մեղադրանք է առաջադրվել «աշխարհի երեսին կաշառակերություն տարածելու համար»։ Թեհրանի դատարանը մեղավոր է ճանաչել մեծահարուստ իրանցուն և նրան մահապատժի ենթարկելու որոշում կայացրել։
«Աշխարհի երեսին կաշառակերություն տարածելու» մեղադրանքը Իրանում ամենածանր հանցագործություններից մեկն է համարվում, որի համար սահմանված է մահապատիժ։