Մարտի 11-12-ին Երեւանում կայանալու է ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը: Նիստը վարելու է ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ, ՌԴ Պետդումայի Դաշնային խորհրդի նախագահ Սերգեյ Նարիշկինը: Խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը ևս ելույթ է ունենալու այդ նիստում: Նա վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավարն է:
«Սպուտնիկ Արմենիա» մամուլի ակումբում այսօր պատասխանելով Aravot.am-ի հարցին, պարոն Շարմազանովն ասաց, որ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթն անարդյունք չի անցել: Դա է փաստում հայ-ադրբեջանական սահմաններում վերջին շրջանի համեմատաբար հանդարտ իրավիճակը:
Հիշեցնենք, դեկտեմբերի 21-ին Մոսկվայում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դժգոհեց ՀԱՊԿ անդամ երկրի`Հայաստանի սահմանների ռմբակոծման առիթով ՀԱՊԿ-ի անտարբեր դիրքորոշումից:
Ավելի ուշ լրագրողները ՀՀ պաշտպանության նախարարից հետաքրքրվել էին` նախագահ Սերժ Սարգսյանի հորդորից հետո, Հայաստանն ի՞նչ ակնկալիքներ ունի ՀԱՊԿ-ից հակառակորդի կողմից սահմանային լարվածության սրման առիթով: Սեյրան Օհանյանը պատասխանել էր. «Մեր ակնկալիքն առաջին հերթին այն է, որ պահպանվեն բոլոր միջազգային նորմերը, երբ հրադադարը խախտող կողմը արժանի գնահատական ստանա: Այսինքն՝ վստահության մեխանիզմ ձևավորվի, որի կետերից մեկը միջազգային հետաքննության անցկացումն է: Մենք միշտ էլ հորդորել ենք ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահող երկրներին, և այսօր նաև ՀԱՊԿ-ին ենք ասում, որ գնահատականները և քննադատությունները թիրախավորված լինեն այն կողմի նկատմամբ, որը խախտում է»:
Կարդացեք նաև
Մի քանի շաբաթ առաջ նույն մամուլի սրահում լրագրողների նմանօրինակ հարցերին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան բավական քամահրանքով վերաբերվեց:
Էդուարդ Շարմազանովը վստահեցնում է, որ Հայաստանը ՀԱՊԿ-ում դրսեւորում է քաղաքականություն, որը նաեւ ՀԱՊԿ-ի շահերից է բխում, ի տարբերություն որոշ երկրների: ԱԺ փոխխոսնակի խոսքով, ՌԴ եւ Բելառուսի պատվիրակությունները հիմնականում կիսում են Հայաստանի դիրքորոշումները եւ մոտեցումները`նույնիսկ փակ քննարկումներում:
Այլ մանրամասները` տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ