Եվրոպական խորհրդարանի 57 պատգամավոր նամակ է ուղղել ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիին։ Պատգամավորների ստորագրած նամակը կոչ է անում պատժամիջոցներ կիրառել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ևս 28 հոգու հանդեպ։ Այս մասին տեղեկացնում է ռուսական «ՌԻԱ» լրատվական գործակալությունը։
Պատգամավորների նախաձեռնությունը կապված է Նադեժդա Սավչենկոյի գործի հետ։ Պուտինից բացի, պատգամավորներն առաջարկում են պատժամիջոցներ կիրառել ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության նախագահ Ալեքսանդր Բոտիկովի, ՌԴ Պետական դումայի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Պուշկովի, ինքնահռչակ Լուգանսկի հանրապետության առաջնորդ Իգոր Պլոտնիցկիի և ևս 25 հոգու հանդեպ։
Եվրոպացի խորհրդարանականները կարծում են, որ պատժամիջոցների արդյունքում պետք է արգելվի այդ 28 հոգու մուտքը Եվրոպա, և սառեցվի նրանց՝ Եվրոպայում պահվող ամբողջ ունեցվածքը։
Հիշեցնենք, որ ուկրաինուհի Նադեժդա Սավչենկոն մեղադրվում է Համառուսաստանյան պետական հեռուստաընկերության երկու լրագրողների՝ Իգոր Կորնելյուկի և Անտոն Վոլոշինի սպանության գործով։ Ռուսական հետաքննության տվյալներով 2014թ. ամռանը Սավչենկոն «Այդար» զորամիավորման տրամադրության տակ էր և հենց նրա հաղորդած կոորդինատորների միջոցով էլ հարված է հասցվել, որի հետևանքով զոհվել են լրագրողները։
Կարդացեք նաև
Այս իրադարձությունից հետո Սավչենկոն առանց անձը հաստատող որևէ փաստաթղթի հատել էր ՌԴ սահմանը։ Հետագայում պարզվել և հաստատվել էր նրա ինքնությունը։ Ռուսաստանի դատախազությունը պահանջում է 23 տարվա ազատազրկման դատապարտել Սավչենկոյին։