ԱՄՆ Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփը վստահ հաղթանակ է տարել իր կուսակից հակառակորդների դեմ ԱՄՆ Միչիգան և Միսիսիպի նահանգներում: Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնն իր կուսակից Բերնի Սանդերսի դեմ պայքարում հաղթել է Միսիսիպիում, իսկ ահա Միչիգանում հաղթել է Սանդերսը։ Այս մասին տեղեկանում ենք BBC-ի լրատվական կայքից։
ԱՄՆ Հանրապետական կուսակցության մեկ այլ նախագահի թեկնածու Թեդ Քրուզը հաղթել է Այդահո նահանգում։
Գիշերը ձախողված էր Հանրապետական կուսակցության ևս մեկ նախագահի թեկնածու Մարկո Ռուբիոյի համար, որը և´ Միչիգանի, և´ Միսիսիպիի փրայմերիզների արդյունքով 4-րդն է, ընդ որում, սպասվում էր, որ Ռուբիոն այս նահանգներում որոշակի հաջողություն կարող է գրանցել։
ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը Միսիսիպիում արժանացել է 83% վստահության, իսկ ահա նրա մրցակից, Դեմոկրատական կուսակցության մեկ այլ թեկնածու Բերնի Սանդերսը ստացել է 16% քվե։ Պատկերն այլ է եղել Միչիգանում, որտեղ Սանդերսը անսպասելիորեն, նվազագույն առավելությամբ, հաղթել է Քլինթոնին։ Միչիգանում ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ Սանդերս՝ 50%, Քլինթոն՝ 48%։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ Սանդերսն ու Քլինթոնը պայքարում են Դեմոկրատական կուսակցությունից միասնական թեկնածու առաջադրվելու համար։ Նախնական արդյունքներով Քլինթոնը շատ ավելի մեծ աջակցությունն ունի ընտրողների շրջանում։ Նրանց հակադիր՝ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու առաջադրվելու համար պայքարում են միլիարդատեր Դոնալդ Թրամփը, սենատորներ Թեդ Քրուզը, Մարկո Ռուբիոն և Օհայոյի նահանգապետ Ջոն Քեյսիքը։ ԱՄՆ-ում նախագահի ընտրությունները կայանալու են 2016թ. նոյեմբերի 8-ին։