Ընդդիմության ու քաղաքացիական հասարակության ձայնը լսելու խոստման լույսի ներքո իշխանությունները հրապարակեցին օրենսգրքի այնպիսի նախագիծ, որում ակնհայտ նահանջ կար հենց ընդդիմության, լրատվամիջոցների ու քաղաքացիական հասարակության կողմից վերահսկման մեխանիզմների մասով… Բնականաբար, իշխանության ընդդիմախոսները միահամուռ կերպով սկսեցին պահանջել, որ իշխանությունը հետ բերի դիտորդների, ԶԼՄ ներկայացուցիչների ու վստահված անձանց իրավունքները եւ ձեռնպահ մնա դրանց սահմանափակումից։
Իշխանությունները, իրենց հերթին, նախ մի քիչ «կթանկացնեն» իրենց, իսկ հետո կասեն՝ «դե լավ, որ էդքան ասում եք, մենք ձեր ձայնը լսում ենք» եւ այդ դրույթների մասով զիջումների կգնան։ Արդյունքում կարձանագրվի, որ իշխանությունները Ընտրական օրենսգրքի ընդունման ժամանակ իրապես լսեցին ընդդիմության ու քաղաքացիական հասարակության պահանջը եւ գնացին զիջումների։
Ու թեեւ բոլորս էլ կհասկանանք, որ մեզ ինչ-որ իրավունքից զրկելը, իսկ ապա մեր պահանջներին տեղի տալով՝ այն վերականգնելը որեւէ կերպ առաջընթաց չէ, սակայն, ֆորմալ առումով, իշխանությունները կկարողանան պնդել, որ լսել են ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության ձայնը։ … Եվ Սերժ Սարգսյանը, Էդվարդ Նալբանդյանն ու այլ այրերը կկարողանան եվրոպացիներին ու ամերիկացիներին պատմել, որ «այ, սրանք էին ընդդիմության հիմնական պահանջները, որոնք եւ մենք բավարարեցինք»։
Ընդ որում, խնդիրն այն է, որ անգամ իշխանությունների այդ մտադրություններն իմանալով հանդերձ անգամ ընդդիմությանն ու քաղաքացիական հասարակությանը գրեթե այլ բան չի մնում անել, քան մոռանալով այլ պահանջների մասին ամեն ամբիոնից գոռալ, որ պետք է վերականգնվեն դիտորդների, լրագրողների ու վստահված անձանց իրավունքները, քանի որ հակառակ պարագայում իշխանությունը կարող է անգամ այդ դեկորատիվ նահանջին չգնալ։
Կարդացեք նաև
Դանիել ԻՈԱՆՆԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում