Արդեն մոտ մեկ ամիս է, ինչ Ավետիսյանների դաժան սպանության գործով հարցաքննվում են դատակոչված վկաները, որոնց մի մասը հիմնականում ռուս զինծառայողներ են։ Տուժողների իրավահաջորդի ներկայացուցիչ Երվանդ Վարոսյանը երեկ որոշ էական հանգամանքներ է ներկայացրել, որոնք ի հայտ են եկել վկաների հարցաքննության ընթացքում։
– Պարոն Վարոսյան, Ավետիսյանների սպանության գործով արդեն մի քանի վկաներ են հարցաքննվել, որոնց մեծ մասը սահմանապահ ջոկատի ծառայողներ են։ Հարցաքննված վկաների ցուցմունքներով, տուժող կողմի համար նոր էական հանգամանքներ ի հայտ եկե՞լ են այս ընթացքում։
– Մաս-մաս եթե անդրադառնալու լինենք, ապա առաջին հերթին խիստ զարմանալի է, թե ինչպես է Վալերի Պերմյակովը հայտնվել ՀՀ տարածքում գտնվող 102-րդ ռազմաբազայում՝ այն պայմաններում, երբ, այդ ռազմաբազայի սպաները ցուցմունք տալիս ներկայացնում էին զինվորի համար պահանջվող այնպիսի չափանիշներ, որոնց զինվորը պետք է համապատասխանի Հայաստան տեղափոխվելու համար։ Մինչդեռ Վալերի Պերմյակովը նշված չափանիշներից եւ ոչ մեկին ընդհանրապես չի համապատասխանում։ Այսինքն` ակնհայտ է, որ խնդիրներ ունեցող անձը, որը, ես կարծում եմ, ընդհանրապես Զինված ուժերում չպետք է ծառայեր, ոչ միայն ծառայել է՝ նաեւ նրան տեղափոխել են արտասահմանում գործող ռազմաբազա եւ տրամադրել հրազեն, եւ նա հրազենով հնարավորություն է ունեցել ծառայության վայրը լքել։ Սա շատ կարեւոր է, որովհետեւ պատասխանատվությունը, ես կարծում եմ, պետք է կրի ոչ միայն Վալերի Պերմյակովը։
Երկրորդ կարեւոր հանգամանքը նրա փախուստն է։ Այստեղ եւս շատ կարեւորում,եմ այն հանգամանքը, որ ակնհայտ դարձավ, որ Ավետիսյանների տունը չի եղել այն առաջին տունը, ուր փախուստից հետո մտել է կամ փորձել է մտնել Պերմյակովը։ Սկսված որոնողական աշխատանքները, նրա փախուստից անմիջապես հետո, ցույց են տվել եւ հետագայում քրեական գործի նյութերով դա ապացուցված է, որ Վալերի Պերմյակովը այլ տներ էլ է փորձել մտնել, ինչը իրեն չի հաջողվել՝ այն պարզ պատճառով, որ տները եղել են կողպված։ Այս մասով հետաքրքրական է նաեւ այն հանգամանքը, որ ռուսական կողմը՝ թե 102-րդ ռազմաբազայի զինծառայողները, թե՛ նաեւ սահմանապահ ջոկատի զինվորները համատեղ որոնողական աշխատանքներ են կատարել Գյումրիի տարածքում, առանց ՀՀ ոստիկանության ներկայացուցիչների մասնակցության։ Այսինքն, սկզբնական փուլում որոնողական աշխատանքները ռուսական կողմը ինքնուրույն է իրականացրել, եւ միայն որոշակի ժամանակ անց է, որ ՀՀ ոստիկանությունը սկսել է մասնակից լինել որոնողական աշխատանքներին, մինչդեռ իրականում հակառակը պետք է լիներ։
Կարդացեք նաև
Երրորդ հանգամանքը նրա ձերբակալումն է։ Խիստ հետաքրքրական էին նաեւ ռուս զինծառայողների ցուցմունքները Վալերի Պերմյակովի ձերբակալման հետ կապված։ Մասնավորապես էական հակասություններ սկսեցին ի հայտ գալ հենց ռուս զինծառայողների ցուցմունքների մեջ։ Անմիջականորեն ձերբակալում իրականացրած զինծառայողներից Խաչատրյանը հստակ ցուցմունք տվեց, որ ձերբակալումից 5 րոպե հետո դեպքի վայրում՝, այսինքն` սահմանային կառույցների մոտ գտնվող հատվածում են եղել նաեւ ՀՀ ազգային անվտանգության ծառայողները, հետագայում արդեն հաջորդ հարցաքննության ժամանակ այլ զինծառայողներ այս պնդումը մի փոքր վերաձևակերպեցին, եւ ազգային անվտանգության ծառայողները դարձան ոստիկաններ, եւ ստացվեց, որ այդ ոստիկանները եկել են Պերմյակովի ձերբակալությունից 40 րոպե անց, եւ ռուս զինվորականները նրանց չեն թողել ձերբակալման վայր։
Վերջապես, ցուցմունքներով պարզ դարձավ նաեւ այն, որ Պերմյակովին սահմանային ջոկատից դեպի ռազմաբազա տեղափոխել է ռազմաբազայի հրամանատարը՝ ՀՀ ոստիկանների ուղեկցությամբ։ Բացի այդ, խիստ հետաքրքրական էր նաեւ բոլոր ռուս զինվորների կողմից իրականացված նկարագրությունը, թե ինչով են զբաղվել հայ իրավապահները ձերբակալումից հետո։ Հարցաքննված զինծառայողներից որեւէ մեկը որեւէ կերպ չակնարկեց, թե հայ իրավապահները փորձել են Պերմյակովի փոխանցման հարցը բարձրացնել, կամ փորձած լինեն իրենց հետ տանեն նրան, այլ ընդհակառակը ուղեկցել են ոազմաբազա:
Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում