Լրահոս
Օրվա լրահոսը

Լյովա Խաչատրյան. Ովքեր ուզում են մի բան «ձեռք գցեն»՝ ԲՀԿ-ում տեղ չունեն

Մարտ 09,2016 10:35

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը` Վարդան Վարդանյանին պատկանող «Լճեր» ռեստորանում մարտի 8-ը նշելու եւ կուսակցական «վիրահատությունների» մասին

– Մամուլում հրապարակումներ կան, որ ԲՀԿ-ի համամասնական ցուցակն արդեն պատրաստ է, Դուք էլ ընդգրկված եք այդ ցուցակում:

– Ես երեք անգամ պատգամավոր եմ ընտրվել մեծամասնական ընտրակարգով: Չնայած ես կողմ եմ հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգին, այդ մասին միշտ ելույթներ եմ ունեցել ԱԺ ամբիոնից, բայց քանի դեռ մեծամասնական համակարգը պահպանվում է, ես այլ կերպ իմ խորհրդարան գալը չեմ տեսնում: Ես միշտ ներկայացնելու եմ կոնկրետ տարածք եւ առաջադրվելում եմ մեծամասնական ընտրակարգով`կկոչվի դա համամասնական-վարկանիշային, թե այլ կերպ:

-Այսինքն, համարում եք, որ Ընտրական օրենսգրքի նախագծում պահպանվե՞լ է մեծամասնական ընտրակարգը:

– Այո, պահպանվել է: Դա կոչվում է 50 տոկոսով վարկանիշային համակարգ: Դեռ նախագիծ է, բայց եթե այս տեսքով մնա ընտրական օրենսգիրքը՝ ես առաջադրվելու եմ վարկանիշային համակարգով: Ես ինձ չեմ պատկերացնում պատգամավորի կարգավիճակում, երբ դրա կողքին չկա «մեր պատգամավոր» մակդիրն`իմ ընտրողների կողմից:

– Պարոն Խաչատրյան, բայց կուսակցությունում կրքերը կարծես չեն հանդարտվում: Համենայնդեպս, խմորումներ կան եւ ԲՀԿ մամուլի խոսնակն էլ ասել էր, որ այս ամենը կազմակերպվում է ԲՀԿ-ի գործարար պատգամավորներից մեկի կողմից, որպեսզի կուսակցության մյուս գործարարների շրջանում անհաշտություն առաջացնի: Ովքե՞ր, ի՞նչ նպատակով են դա անում:

– Հարցը տվել եք, պիտի պատասխանեմ ու պիտի անկեղծ լինեմ: Իրոք, կուսակցությունում կան խմորումներ, որոնք չեն հանդարտվում: Անուններ տալ չեմ ցանկանում, փոքրիկ ժամանակահատվածում իրենք իրենց անունները հանրությանը կներկայացնեն (նկատի ունի հրաժարականի դիմումներով-Ն. Գ.):

Այդ ամենն ինձ հիշեցնում է ԱՄՆ-ը` Աբրահամ Լինքոլնի նախագահության շրջանում: Այն ժամանակ Աբրահամ Լինքոլնը հանդես եկավ մի ճառով, որը պատմության մեջ հայտնի է «Ռազդոռ վ դոմե» վերնագրով: Ողջ իմաստն այն է, որ եթե տանը խնդիր կա, չպետք է վախենալ`այդ խնդիրները լուծել, ձերբազատվել դրանցից:

Տունը վարակ է ընկել: Կուսակցության նախագահը փորձեց դա թերապիայի միջոցով բուժել, բայց կյանքը ցույց տվեց, որ թերապիան արդյունավետ միջոց չէ: Այժմ, սկզբնական կառույցների աջակցությամբ, վիրահատական միջամտության է անցել: Արդյունքը մեկ ամսից ակնհայտ կլինի: Սկզբնական կառույցները վճռական են շտկել իրավիճակը եւ կուսակցության նախագահի կողքին են: Կուսակցությունը միայն պատգամավորներ չեն: Պատգամավորները մի քանիսն են: Կուսակցության ուժը սկզբնական կառույցներն են: ԲՀԿ-ի սկզբնական կառույցները կուսակցության նախագահի հետ են եւ պատրաստ են այդ վարակը շատ արագ կերպով մաքրել: Ինքնամաքրումը սկսված է, առնվազն մեկ ամսից ամեն ինչ իր տեղը կընկնի:

Ովքեր մեզ հետ չեն, կոալիցիա են ցանկանում, պաշտոն են ցանկանում, ովքեր իրենց չեն տեսնում վաղվա քաղաքական դաշտում եւ այսօր անպայման ցանկանում են ինչ-որ բան ձեռք գցել`կուսակցությունը նրանց տեղը չէ: Բայց այդ ամենում բան մի փնտրեք, նորմալ, ինքնամաքրման գործընթաց է:

– Իբրեւ ԲՀԿ-ի պառակտումը փաստող, վկայակոչվում է նաեւ այն, որ Վարդան Վարդանյանին պատկանող «Լճեր» ռեստորանային համալիրում մարտի 8 է նշվել: Կուսակցական այդ քեֆին ընդամենը մի քանի պատգամավոր է ներկա եղել:

– Դուք շատ ճիշտ ասացիք`նշել ենք մարտի 8, որը կազմակերպել էր ԲՀԿ կանանց խորհուրդը: Այդ միջոցառմանը հրավիրված են եղել ԲՀԿ-ի բոլոր տարածքային կառույցների կանայք: Մենք էլ, մեկ-երկու պատգամավորով գնացել ենք մեր կուսակցության կանանց շնորհավորելու: Մարտի 8-ը կազմակերպվում է կանանց համար, ինձ հայտնի չէ դեպք, որ մարտի 8-ը կազմակերպվի տղամարդկանց համար:

– Արդեն ակնհայտ է, որ կուսակցության մամուլի նախկին խոսնակ Վահան Բաբայանը, որն այս իրադարձությունների կիզակետում էր հայտնվել, վաղ թե ուշ դուրս է գալու ԲՀԿ-ից, մանավանդ, որ խոսակցություններ կան, թե նոր կառույց է ստեղծելու եւ սատարելու է ՀՀԿ-ին: Տեղյա՞կ եք, կա՞ նման բան:

– Բոլոր այն մարդիկ, որոնք կուսակցության գծի հետ համաձայն չեն`ազատ են իրենց որոշումներում: Նրանք դուրս կգան կուսակցությունից կամ կուսակցությունը կօտարի նրանց: Կարծում եմ, նրանք պատիվ կբերեն այն կուսակցություններին, որի կազմում կհայտնվեն: Ես նրանց հաջողություն եմ ցանկանում իրենց նոր ճանապարհին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. henri says:

    Հայաստանում տեղ չունեն
    ԲՀԿ-ին շատ տեղ ես տուեր յարգելի պարոն/
    Ամէնքն ալ մի օր կը ոչնչանաք բայց Հայաստանը կը մնայ
    Լաւ կ`ընէք մի փոքր էլ Հայաստանով զբաղուէք;

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031