Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտինի ու Ալիեւի «եղբայրական» հարաբերություններին ոչինչ չի սպառնում

Մարտ 09,2016 15:30

Ռուս պաշտոնյաների չծրագրված ու անակնկալ այցերը Բաքու

Անցյալ շաբաթ ռուսաստանցի երկու բարձրաստիճան պաշտոնյաներ Բաքու մեկնեցին: Նախ` Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինն անսպասելիորեն շտապեց Բաքու՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ քննարկելու երկու երկրների ռազմատեխնիկական համագործակցությունը։ Ռուսաստանյան «Կոմերսանտը»՝ վկայակոչելով զենքի արտահանմանը մասնակից իր աղբյուրները, հայտնել էր, թե Ռոգոզինից բացի՝ Բաքու են այցելել «Ռոսօբոռոնէքսպորտի», ինչպես նաեւ Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ներկայացուցիչները։ Թերթի զրուցակիցները հայտնել էին, որ այցը կրում է «հատուկ բնույթ» եւ նախապես չի պլանավորվել, եւ որ ակնկալվում է, որ նախ «Ռոսօբոռոնէքսպորտի» եւ Ռուսաստանի Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ներկայացուցիչները բանակցություններ են վարելու ադրբեջանցի զինվորականների հետ։

Տեղեկություններ էին շրջանառվում, որ Ռուսաստանի ու Ադրբեջանի միջեւ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում խնդիրներ են ծագել, որոնց կարգավորման նպատակով էլ Ռոգոզինը Բաքու է մեկնել: Մասնավորապես, խոսք էր գնում այն մասին, որ նավթի գնանկման պատճառով Ադրբեջանն ի վիճակի չէ վճարումներ կատարել ավելի վաղ կնքած զենքի մատակարարումների պայմանագրերով։ Բացի այդ, ռուսաստանյան պարբերականը չէր բացառել նաեւ, որ ադրբեջանական կողմը կարող էր բանակցությունների ժամանակ բարձրացնել Ռուսաստանի կողմից Հայաստանին զենք վաճառելու հարցը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ընդունել էր Ռուսաստանի փոխվարչապետ, Ռուսաստան-Ադրբեջան միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Դմիտրի Ռոգոզինին, որը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել էր Ալիեւի հետ իր լուսանկարը եւ գրել, որ դրական բանակցություններ է ունեցել նրա հետ։ Իսկ ավելի ուշ Twitter-ի իր միկրոբլոգում Դմիտրի Ռոգոզինն արդեն հայտնում էր. «Բաքու կատարած այցի գլխավոր արդյունքն այն է, որ կողմերը հաստատեցին, որ պատասխանատու ու հուսալի գործընկեր են այնպիսի զգայուն ոլորտում, ինչպիսին որ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտն է»։
Այսպիսով, Ռոգոզինն ու Ալիեւը քննարկել էին տնտեսական ու ռազմատեխնիկական ոլորտներում համագործակցության հարցը։ Ալիեւը հայտարարել էր, որ երկու երկրների միջեւ շատ ոլորտներում իրականացվում է հաջող համագործակցություն, եւ ընդգծել էր Ռուսաստանին մթերքների մատակարարման ոլորտում Ադրբեջանի աճող դերը։

Ինչ վերաբերում է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի այցին, ապա նախապես հայտնի էր, որ մեկնում է Բաքու` խորհրդակցություններ անցկացնելու Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարության հետ եւ քննարկելու երկկողմ ու տարածաշրջանային հարցերի լայն շրջանակ, այդ թվում նաեւ՝ տարբեր մակարդակներով երկկողմ հանդիպումների հեռանկարները։ Կարասինը հայտնել էր. «Մեր օրակարգը լայն է, երկկողմ շփումներ, հարցերը շատ են։ Կքննարկենք տարբեր մակարդակի երկկողմ հանդիպումների հեռանկարները, տարածաշրջանային խնդիրները, Հարավային Կովկասի խնդիրները։ Խոսելու բան շատ կա»։

Նա նաեւ հավելել էր, որ Բաքվում իր քննարկումների օրակարգը կապված չէ մարտի 2-ին Թեհրանում Իրանի փոխարտգործնախարարի հետ քննարկած հարցերի օրակարգի հետ։ Դրա հետ մեկտեղ Կարասինը նշել էր, որ մտադիր է ադրբեջանական կողմին հակիրճ ներկայացնել Թեհրանում ունեցած հանդիպման արդյունքները. «Բնականաբար, կարճ կպատմեմ, թե ինչի մասին ենք խոսել Թեհրանում։ Մենք միանգամայն թափանցիկ ենք աշխատում մեր գործընկերների հետ՝ լինի դա Ադրբեջանը, Իրանը, թե մյուս երկրները»։
Կարասինի այցից առաջ ադրբեջանական լրատվական կայքերը հայտնեցին, թե շուտով տեղի կունենա Ռուսաստանի, Իրանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը, այդ իսկ պատճառով կարելի է եզրակացնել, որ Կարասինի այցը Բաքու, վստահաբար, ունեցել է կոնկրետ նպատակներ:

Այնուհետեւ ռուսաստանյան լրատվական գործակալությունները տեղեկացրին, որ ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը գոհունակություն է հայտնել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման արդյունքներից։ Կարասինը նշել է, թե հանդիպման ժամանակ քննարկվել են նաեւ Հարավային Կովկասի երկրների հետ հարաբերությունների հարցը, ինչը եղել է արդյունավետ. «Մենք Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ քննարկեցինք երկկողմ հարաբերությունները, քաղաքական մակարդակով առաջիկա հանդիպումների գրաֆիկը։ Բնականաբար, մենք քննարկեցինք տարածաշրջանային խնդիրները, Հարավային Կովկասի հարցերը, տարածաշրջանային երկրների հետ մեր հարաբերությունները։ Հանդիպումը ստացվեց շատ կառուցողական, արդյունավետ ու հետաքրքիր»։

Կարասինի խոսքերով՝ հանդիպմանը քննարկվել է նաեւ Կասպիցի հարցում համագործակցությունը. «Առանձին ուշադրություն է հատկացվել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեմային, ինչպես նաեւ այն փաստաթղթերի մշակմանը, որոնք առնչվում են Կասպիցում միջազգային համագործակցությանը»։
Թե՛ Կարասինի, թե՛ Ռոգոզինի այցերի մասին տարածված տեղեկություններում, իհարկե, չհիշատակվեց Ռուսաստանին ուղղված Ադրբեջանի բողոքի նոտայի թեման՝ կապված Հայաստանին 200 միլիոն դոլարի զենք վաճառելու մտադրության հետ։ Բայց կարելի է ենթադրել, որ Բաքվի հրապարակայնացված այդ դժգոհությանը ռուս-ադրբեջանական վերջին օրերի բանակցություններում, այնուամենայնիվ, անդրադարձ եղել է:

Իսկ, եթե նկատի առնենք Ռոգոզինի արձանագրումը, թե` «կողմերը հաստատեցին, որ պատասխանատու ու հուսալի գործընկեր են այնպիսի զգայուն ոլորտում, ինչպիսին որ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտն է», ապա կարելի է եզրակացնել, որ Մոսկվան ու Բաքուն ինչ-որ ընդհանուր հայտարարի, վստահաբար, եկել են: Ավելին, Ռոգոզինի այցին հետեւեց Կարասինի այցը Բաքու, որի ժամանակ էլ, ըստ տարածված տեղեկությունների, տարածաշրջանային խնդիրների բավական լայն շրջանակ է քննարկվել:

Այսպիսով, չնայած Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններում լարվածությանը՝ այսօր կարելի է նկատել, որ Մոսկվան ու Բաքուն ամեն գնով ձգտում են ոչ միայն պահպանել, այլեւ փոխշահավետ հարաբերություններն էլ ավելի ամրապնդել: Կարասինի ու Ռոգոզինի այցելությունները Բաքու դա են փաստում եւ վկայում այն մասին, որ Պուտինի ու Ալիեւի «եղբայրական» հարաբերություններին գոնե այս պահին ոչինչ չի սպառնում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
08.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031