Լրահոս
Օրվա լրահոսը

Ամառ-ձմեռ ցրտին-շոգին սպասում են Սերժ Սարգսյանին

Մարտ 09,2016 15:00

Դալմայի այգիների հողօգտագործողները 13 տարի նախագահականից՝ կառավարություն, կառավարությունից Երեւանի քաղաքապետարան են գնում, սակայն նրանց կորուստները չեն փոխհատուցվում:

Բաց նամակ՝
ուղղված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին

Պարոն նախագահ, ստիպված ենք կրկին դիմել Ձեզ եւ հիշեցնել մեր չարչրկված խնդրի մասին, որն արդեն 13 տարի պետական պաշտոնյաների կողմից չի լուծվում: Խոսքը Ձեր՝ չկատարված հանձնարարականի եւ Դալմայի այգիների հողօգտագործողների մասին է։
13 տարի առաջ օրը ցերեկով «գերակա շահ» կոչվող արդարացմամբ Երեւան քաղաքի մշակութային հուշարձաններից հնամյա Դալմայի այգիների հողօգտագործողներիցս զավթեցին մեր կողմից տասնամյակներ մշակված այգիները:

Երկար պայքարից հետո 2009թ. հունվարի սկզբին ՀՀ նախագահի աշխատակազմի նամակների, բողոքների եւ քաղաքացիների ընդունելության բաժնում ՀՀ նախագահի եւ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմերի ներկայացուցիչները համատեղ մեզ՝ Դալմայի այգիների իսկական, օրինական վարձակալների հերթական ակցիայի մասնակիցներիս, շատ լուրջ դեմքով հավաստիացրեցին, թե ՀՀ նախագահն անձամբ անմիջական հանձնարարական է տվել Երեւանի քաղաքապետարանին առ այն, որ նա մինչեւ փետրվարի 15-ը վերջնականապես կարգավորի Դալմայի այգիների բազմաչարչար վարձակալների հարցը:

Այն դեպքում, երբ դեռեւս ՀՀ կառավարության ընդունած 1991թ. մարտի 5-ի N166 որոշումը հավաստիացնում էր, թե «Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հատկացված հողամասերը պետական կարիքների համար կարող են հետ վերցվել» «միայն», երբ այդ քաղաքացիներին իրենց համաձայնությամբ այլ, համարժեք հողամաս է հատկացվում (տե՛ս նշված որոշմամբ հաստատված կանոնադրության 3-րդ կետը)։
Սակայն փոխհատուցում ասվածը կազմակերպվեց գնորդների հաշվին, եւ հազվագյուտ գնորդներ գտնվեցին, որոնք բարեխիղճ էին ու սիմվոլիկ տարբեր գումարով փոխհատուցեցին այգեգործների մի մասին միայն։

Մյուս մասի՝ շուրջ 2 տասնյակ հողօգտագործողների փոխհատուցման հարցը կարգավորելու համար ոչ գնորդները, ոչ պետական համապատասխան պաշտոնյաները ոչ մի քայլ չարեցին։

Dalmai_Ayginer-2
Արդեն 13 տարի, տարվա բոլոր եղանակներին մենք երկուշաբթի՝ քաղաքապետարանի, հինգշաբթի՝ կառավարության, իսկ ուրբաթ օրերին ՀՀ նախագահի՝ Ձեր նստավայրի մոտ ենք հավաքվում՝ պաստառով, որի վրա գրված է «Դալմայի այգիներ», ու Ձեզ ենք դիմավորում, երկար զրուցում ենք նախագահականի եւ քաղաքապետարանի համապատասխան աշխատակիցների հետ, որոնք Ձեզ եւ քաղաքապետին առնվազն պետք է տեղյակ պահեին մեր գոյության եւ մեզ հուզող խնդրի մասին։

Բայց դեպքերի ընթացքից ենթադրում ենք, որ կամ դուք չեք տեղեկացվում Ձեր աշխատակիցների կողմից, կամ ուղղակի ցանկություն չկա խնդիրը կարգավորելու։ Մի՞թե Ձեզ չի հետաքրքրում՝ Ձեր հանձնարարականը մեր պաշտոնյաները կատարո՞ւմ են, թե՞ ոչ։ Իսկ նրանք չեն կատարում, այլապես մենք ինչո՞ւ պիտի մշտապես առավոտ գիշերով հայտնվենք Ձեր նստավայրի դիմաց։

Մենք գիտենք, որ նախագահի հանձնարարականով քաղաքապետարանը մեր հարցը պետք է կարգավորեր, բայց փաստն այն է, որ տարիներ շարունակ տարբեր պատճառաբանություններով ոչինչ չի արվում։ Ավելին՝ քաղաքապետարանը չաշխատելու համար նոր արդարացում է գտել, ասում է՝ երբ գնորդը գա, իրենք թույլ չեն տա կառուցապատել, մինչեւ մեզ չփոխհատուցեն։

Պարոն նախագահ, մենք անմահ չենք, որ սպասենք այդ օրվան, կամ դա մեր՝ հողօգտագործողներիս ինչ խնդիրն է՝ սպասել գնորդին: Պարզ է մի բան, որ եթե մարդուն իր նախկին վայրից հանում են, նրան պիտի փոխհատուցեն:

Գնորդն էլ չի գալիս, չի գա այնքան, մինչեւ բոլորս հոգնենք ու հուսահատվենք։ Բայց չէ՞ որ կա օրենքի մեկ այլ կետ եւս. եթե գնորդը 3-4 տարվա ընթացքում չի գալիս եւ ներդրումներ չի անում հողակտորի վրա, այդ հողը նրա ձեռքից պարզապես վերցնում են։ Դե, վերցրեք ու մեր հողը նորից տվեք մեզ, առավել եւս, որ այդ հողերը որեւէ «գերակա շահի» այդպես էլ չծառայեցին, այգիները պարզապես աղբանոց ու անապատ դարձան, իսկ մենք այն նորից այգի կդարձնենք, մենք դա գիտենք անել։

Համոզված ենք՝ 13 տարվա ընթացքում այս խնդիրը շատ հեշտ կարելի էր կարգավորել, առավել եւս, որ մնացել են ընդամենը մոտ 2 տասնյակ հողօգտագործողներ, որոնք փոխհատուցում չեն ստացել։

Ու քանի որ մեր խնդրի մասին Ձեզ՝ երկրի ղեկավարին, չեն տեղեկացնում, ուստի որոշեցինք Ձեզ դիմել մամուլով եւ տեղեկացնել, որ Ձեր կողմից տրված հանձնարարականը պարզապես չի իրականացվում։ Մի՞թե լինում է նաեւ այդպես, որ նախագահի հանձնարարականը չկատարվի։ Եթե այո, ուրեմն ամեն բան շատ ավելի վատ է։

 
Հարգանքով՝ Դալմայի այգիների չհուսահատվող հողօգտագործողներ

«Առավոտ» օրաթերթ
08.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031