Լրահոս
Օրվա լրահոսը

Անանուն անձից ստացված «օպերատիվ տվյալը» բավարար չէ բնակարանում խուզարկություն կատարելու համար

Մարտ 09,2016 14:30

Ոստիկանության Շենգավիթի բաժնում անցյալ տարի այս օրերին անհայտ անձից «օպերատիվ» տվյալ է ստացվում, թե 2 միլիոն դրամի ոսկյա զարդեր են գողացվել մի կնոջ բնակարանից: Ոստիկանները ստացված «օպերատիվ» տվյալներով մտնում են նույն տարածքի դատարան, եւ ստանում թույլտվություն՝ Սեպուհ Հակոբջանի Թադեւոսյանի բնակարանը խուզարկելու մասին: Խուզարկում են Սեպուհի մոր՝ Սիրուն Նաջարյանի բնակարանը: Որքան էլ Սիրոն Նաջարյանի ներկայացուցիչը՝ փաստաբան Արմեն Ֆերոյանն առարկում է, ներկայացնում պաշտոնական տեղեկանքներ այն մասին, որ խուզարկվող բնակարանը կասկածյալ Սեպուհինը չէ, միեւնույն է՝ խուզարկությունն իրականացնում են: Նշեմ, որ խուզարկությունն իրականացվում է այն օրը, երբ Սեպուհի եղբոր՝ Դրոյի, որը սպանվել էր Նուբարաշենի մեկուսարանի դիմաց, իր երկու ընկերների հետ, սգո արարողությունն էր: Փաստաբանը խուզարկության անօրինականության մասին դիմում է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան, վերաքննիչ, ապա Վճռաբեկ դատարան՝ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 2015 թվականի մարտի 26-ի որոշման համաձայն՝ մարտի 28-ին Սիրուն Նաջարյանի բնակարանում խուզարկություն կատարելու գործողության եւ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի ապրիլի 13-ի որոշման դեմ ամբողջ ծավալով նյութական եւ դատավարական իրավունքի խախտման հիմքով:

ՀՀ վճռաբեկ դատարանը, բավարարելով փաստաբանների պալատի փաստաբան Արմեն Ֆերոյանի վճռաբեկ բողոքը, բեկանել է դատական ակտերը, մեկընդմիշտ վերջ տալով անձանց բնակարանը քմահաճությամբ պայմանավորված կամ առանց խիստ անհրաժեշտությամբ խուզարկելու արատավոր երեւույթի դրսեւորմանը:

Արմեն Ֆերոյանն այս կապակցությամբ «Առավոտին» ասաց. «Մինչ վճռաբեկի որոշումը, եթե ոստիկանությունը որոշակի հետաքրքրություններից ելնելով ցանկանում էր խուզարկել ինչ-որ մեկի բնակարանը, կազմում էր մի օպերատիվ տեղեկանք, թե իբրեւ այդ անձնավորությունը հնարավոր է՝ իր բնակարանում թաքցնում է ինչ-որ գողությամբ հափշտակված իրեր: Այդ տեղեկանքը ներկայացնում էր գողության հատկանիշներով քրեական գործը քննող քննիչին, իսկ քննիչն էլ այդ օպերատիվ տեղեկանքի հիման վրա դիմում էր դատարան՝ անձի բնակարանում խուզարկություն կատարելու թույլտվություն տալու միջնորդությամբ: Որպես կանոն, դատավորների ճնշող մեծամասնությունն էլ ընդամենը այդ մեկ օպերատիվ տեղեկանքի հիման վրա բավարարում էր ներկայացված միջնորդությունը, ինչի հետեւանքով էլ շարունակաբար խախտվում էր անձի բնակարանի անձեռնմխելության իրավունքը»: Փաստաբանի դիտարկմամբ, ստացվում էր, որ անձի բնակարանի անձեռնմխելությունը կարող է կախված լինել ոստիկանության ինչ-որ աշխատակցի սեփական քմահաճույքներից, որը կարող է ցանկանա խուզարկել որեւէ մեկի բնակարանն իր անձնական հետաքրքրություններից կամ բնակարանի տիրոջը այդ կերպ իր առավելությունն ի ցույց դնելու, կամ ինչ-որ բան հասկացնելու նկատառումներից ելնելով:
«Ոստիկանն ընդամենը մեկ օպերատիվ տեղեկանք էր պատրաստում, թե իբրեւ այդ անձնավորությունը հնարավոր է՝ իր բնակարանում թաքցնում է ինչ-որ գողությամբ հափշտակված իրեր, որն էլ ամբողջությամբ բավարար էր անձի բնակարանում խուզարկություն կատարելու համար: Այդ տրամաբանությամբ առաջնորդվելու պայմաններում անգամ դատարան դիմելու անհրաժեշտությունն էր իմաստազրկվում, եւ հնարավոր չէր լինում խոսել Հայաստանի Հանրապետությունում բնակարանի անձեռնմխելիության իրավունքը երաշխավորված եւ պաշտպանված լինելու մասին»,- ասում է Ա. Ֆերոյանը:

_5-1

Հիշեցնենք, որ ըստ փաստաբանի. «Այդ խուզարկության կատարման ժամանակ ոստիկաններին ներկայացվել է առարկություն, որ Սեպուհ Հակոբջանի Թադեւոսյանն այդ բնակարանում չի բնակվում եւ այն նրա բնակարանը չէ: Բացի այդ, ոստիկանները տեղեկացվել են նաեւ, որ Սեպուհ Հակոբջանի Թադեւոսյանը եղբոր հուղարկավորությանը մասնակցելու համար Հոլանդիայից եկել է Հայաստան, հետեւաբար, չէր կարող կատարած լինել կամ առավել եւս՝ նրա ենթադրյալ բնակության վայրում չէր կարող պահվել 2015 թվականի մարտի 6-ին՝ ժամը 17:00- 22:00-ն ընկած ժամանակահատվածում կատարված գողությամբ հափշտակված ոսկյա զարդերը, այն պարզ պատճառաբանությամբ, որ նրա եղբայրը կատարված հայտնի հանցագործության հետեւանքով մահացել էր 2015 թվականի մարտի 4-ին, հետեւաբար, եղբոր մահվան վիշտը սգալու համար Հայաստան ժամանած Սեպուհ Հակոբջանի Թադեւոսյանը չէր կարող մարտի 6-ին եղբոր հուղարկավորության, հոգեհանգստի արարողության ընթացքում գողություն կատարեր կամ գողացված ոսկյա զարդեր թաքցներ իր ենթադրյալ բնակարանում»:

Վճռաբեկ դատարանին հայտնվել էր, որ խուզարկություն կատարելու այդ արձանագրությունը չի ստորագրվել ինչպես ներկայացուցչի, այնպես էլ խուզարկության ենթարկված բնակարանի սեփականատեր Սիրուն Նաջարյանի կողմից:
Ըստ բողոքաբերի, տարբեր դատարանների կողմից միեւնույն հարցի վերաբերյալ դրսեւորվում է տարբերակված մոտեցում, մի դեպքում դատավորը բացառապես միայն օպերատիվ տեղեկանքի հիման վրա բավարարում է բնակարանում խուզարկություն կատարելու քննիչի միջնորդությունը, իսկ մյուս դեպքում՝ շատերը գտնում են, որ բացառապես օպերատիվ տվյալով բնակարանի խուզարկություն կատարելու հնարավորություն ընձեռելը իրավաչափ չէ եւ կարող է անհիմն սահմանափակել ցանկացած անձի բնակարանի անձեռնմխելիության իրավունքը, ինչը կամայականության դրսեւորում է:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կայուն նախադեպային պրակտիկա է ձեւավորել առ այն, որ «անձի բնակարանային անձեռնմխելիության իրավունքի միջամտությունը Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի 2-րդ մասի տեսանկյունից պետք է լինի արդարացված, պետք է կատարվի օրենքին համապատասխան, եւ պետք է հետապնդի օրինապահ նպատակ, այդ նպատակներին հասնելը պետք է լինի անհրաժեշտ ժողովրդավարական հասարակությանը»:

ՀՀ վճռաբեկ դատարանը հղում էր կատարել «Սմիռնովն ընդդեմ Ռուսաստանի» գործին:
Վճռաբեկ դատարանն իր որոշման մեջ անդրադարձել է «բավարար տվյալներ» հասկացությանը, որը հիմք է դարձել այս գործով խուզարկության որոշում «ստանալուն». «Տվյալների բավարարության տեսանկյունից գնահատումը պետք է հանգեցնի այնպիսի եզրահանգման, որ խուզարկության կատարման արդյունքում կարող է ձեռք բերվել փնտրվող առարկաները»:

Վճռաբեկ դատարանը նաեւ արձանագրել էր, որ ստորադաս դատարանները, որպես խուզարկության կատարման բավարար հիմք գնահատելով իրենց ներկայացված «գրությունում մատնանշված օպերատիվ տվյալները», չեն կատարել խուզարկությունը թույլատրելու համար բավարար հիմքեր նշելու իրենց պարտականությունը, որի արդյունքում Նաջարյանի բնակարանի անձեռնմխելիության իրավունքի միջամտությունը եղել է ոչ արդարացված:

Սխալ նշելով տվյալ բնակարանի նույնականացման տվյալները՝ ստորադաս դատարանները թույլ են տվել Սահմանադրության, Դաշնագրի, Կոնվենցիայի, Քրեական դատավարության օրենսգրքի մի շարք հոդվածների պահանջների խախտումներ, որոնք Վճռաբեկ դատարանը համարել է էական, քանի որ ազդել էր որոշում կայացնելու վրա:

 

 
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
08.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031