Լրահոս
Օրվա լրահոսը

Ի վերջո, ի՞նչ են ցանկանում կանայք

Մարտ 09,2016 13:30

Աշխարհահռչակ մտավորական, հոգեվերլուծության հիմնադիր Զիգմունդ Ֆրոյդին տանջող այս հարցի պատասխանն ունեն հայ կին մտավորականները

Կինը ի սկզբանե եղել է, կա ու կմնա առեղծված: Բոլոր ժամանակներում ստեղծագործությունների առանցքում հիմնականում դոմինանտել է կինը: Նրա մասին հորինվել են ասույթներ… թեւավոր խոսքեր, աֆորիզմներ… Օրինակ, սրամիտ Վուդի Ալենը խոստովանել է, որ եթե իրեն հարցնեն, թե ինչ է նշանակում կատարյալ կին, կպատասխանի՝ դա քաղաքավարի, ինտելիգենտ կինն է, քո երեխաների մայրը, իսկ գիշերը՝ սանձարձակ, անպատկառը: Ռուս գրող ու պատմաբան Նիկոլայ Կարամզինն էլ արտահայտվել է հետեւյալ կերպ. «Մշտապես ամուր կնոջ առաջին առաքինությունը եղել ու մնում է համեստությունը»: Իսկ անգլիացի Օսկար Ուայլդի համոզմամբ՝ միայն լավ կինն է ունակ իսկապես հիմար արարք կատարելու:

Ֆրանսիացի դրամատուրգ Բոմարշեն արտահայտվել է հետեւյալ կերպ. «Բնությունը կնոջն ասել է՝ գեղեցիկ եղիր, եթե կարող ես, իմաստուն՝ եթե ցանկանում ես, բայց խելամիտ պետք է լինես անպայման»: «Ռոբինզոն Կրուզոյի» հեղինակ Դանիել Դեֆոյի խոսքերով՝ խելամիտ եւ լավ դաստիարակված կնոջ համար նույնքան նողկալի է ոտնահարել տղամարդու իրավունքները, որքան խելամիտ տղամարդու համար՝ չարաշահել կնոջ թուլությունը: Ֆրանսիացի վիպասան Օնորե դը Բալզակի հետեւյալ հայտնի արտահայտությունն է՝ աշխարհի համար լինել ազնիվ, անհասանելի եւ ամուսնու համար՝ կուրտիզանուհի, նշանակում է հանճարեղ կին լինել: Ֆրանսիացի գրող դուքս Ֆրանսուա դը Լարոշֆուկոյի պնդմամբ՝ կանանց բնավորության խստությունն այն ճերմակն ու վարդագույնն են, որով նրանք ընդգծում են իրենց գեղեցկությունը: Իտալացի ռեժիսոր Ֆեդերիկո Ֆելինին հորդորում է՝ սիրեք եւ հարգեք կնոջը, նրանում ոչ միայն մխիթարություն գտեք, այլեւ ներշնչանք, ուժ, որ ունակ է կրկնապատկել ձեր մտավոր ու բարոյական հնարավորությունները:

Նահապետ Քուչակը լավագույնս է կարողացել իր բանաստեղծություններում ներկայացնել կնոջը. «Ուր էիր, ուսկի՞ց եկար, քան զամէն ծաղիկ դու պայծառ, Եկիր ւ՛ ի հոգիս մըտար, չես ի տար պահիկ մի դադար, Սըրտիս մէջն ի ժուռ եկար, ւ՛ ելնելու ճարակ չի գըտար, Զարկիր ի գըլխուս վերայ, ւ՛ աչքերուս ի վար թափեցար»: Կոլումբացի արձակագիր Գաբրիել Գարսիա Մարկեսը համոզմունք է հայտնել, որ աշխարհը հիմնավոր փոփոխության կարող է ենթարկվել, եթե աշխարհի կառավարումը անցնի կանանց:

Վերը շարադրված հայտնի արվեստագետների մտքերի կամ կարծիքների հետ չի բացառվում գտնվեն մարդիկ, որոնք չկիսեն այս կամ այն տեսակետը, մանավանդ ավստրիացի աշխարհահռչակ հոգեբան, հոգեբույժ, հոգեվերլուծության հիմնադիր Զիգմունդ Ֆրոյդը ժամանակին խոստովանել է, որ չնայած բոլոր ձեռքբերումներին, այդպես էլ չի կարողացել հասկանալ կնոջը. «Հարցերի հարցը, որին պատասխան չի տրվել, որին ես նույնպես չեմ կարողանում պատասխանել, հետեւյալն է՝ ի՞նչ է ցանկանում կինը»:
«Առավոտը» փոքր հարցախույզ անցկացրեց ճանաչված հայուհիների շրջանում՝ նրանց ուղղելով հենց Զիգմունդ Ֆրոյդի հարցը:

Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե Մկրտչյան (գլխավոր լուսանկարում).– Ես երջանիկ եմ, ունեմ հիանալի ամուսին, երեխաներ, թոռներ, ընկերներ եւ իհարկե՝ մասնագիտություն, ինչը համարում եմ երջանկությանս մի մասը…

Կոմպոզիտոր, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Նարինե Զարիֆյան.

narine-zarifyan

– Երբ կինը հանգիստ է ու բավարարված ընտանիքում, իրեն կարող է զուգահեռ դրսեւորել նաեւ այլ ոլորտներում նույնպես: Իմ դեպքում դրանք կոմպոզիցիայով զբաղվելն ու դասավանդելն են: Փառք Աստծո, իմ ընտանիքում ամեն ինչ լավ է: Բայց չեմ կարող վայրկյան անգամ չմտածել կարիերայիս մասին. անկեղծ ասած, զարհուրում եմ այն մտքից, որ կարող է գալ մի օր, որ ես ինչ-ինչ պատճառներով չստեղծագործեմ…

«Մշակութային վերածնունդ» հիմնադրամի տնօրեն Մարինե Սուլթանյան.

marine-sultanyan

– Մենք՝ կանայք, դեռեւս մանկական, պատանեկան տարիքից լսելով ու կարդալով հեքիաթներ, գոնե մեր ներսում պատկերացրել ենք կողակից ունենալ հեքիաթների այն ասպետին, ով ձիու վրա նստած կգա ու կխնդրի մեր ձեռքը… Այնպես, ինչպես կանայք են առեղծված տղամարդկանց համար, տղամարդիկ էլ են առեղծված մեզ համար: Արդարության դեմ չմեղանչելու համար նշեմ, որ հաճախ չենք նկատում ու չենք գնահատում երջանկությունը այն տղամարդու տեսքով, ինչ ունենք մեր կողքին: Իհարկե, կանայք մշտապես հոգու խորքում ցանկանում են լինել գնահատված, բայց կա մի հանրահայտ ճշմարտություն. մի սպասիր հրաշքների, պետք է արժանի լինես դրան: Ասել կուզեմ՝ կինն էլ պետք է անմնացորդ նվիրվի սիրած էակին եւ անշուշտ հակառակը, թե չէ՝ միակողմանի ոչինչ չի ստացվի:

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Ռուզաննա Սիրունյան.

Ruzanna_Sirunyan

– Ցանկությունս է սեր եւ խաղաղություն:

Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյան.

Hasmik_Karapetyan

– Ցանկությունս միակն է՝ լինի խաղաղություն եւ աշխարհում, եւ յուրաքանչյուրի ընտանիքում:

Մնջախաղի պետական թատրոնի առաջատար դերասանուհի Շուշան Սարգսյան.

shushan-sargsyan

– Սեր եւ սեր եմ ցանկանում հարազատներիս, մտերիմներիս, ընկերներիս… Անկախ սեռից, սիրո պահանջ միշտ էլ կա եւ չպետք է սերն ասոցացնել միայն տղամարդու հետ:

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի Ինգա Կարապետյանց.

Inga-karapetyants

– Կինը բոլոր ժամանակներում առեղծված եղել է եւ կմնա… Այդուհանդերձ, դարերից եկած ու այդպես էլ հիմնավոր պատասխան չստացած հարցի պատասխանը, թե ի՞նչ են ցանկանում կանայք, զարմանալի է, որ նույնիսկ մեծ մտածողներն ու արվեստագետները չեն ունեցել: Իսկ կինը մեծ հաշվով ցանկանում է սեր, այն էլ՝ բուռն… Ընդ որում, սեր՝ տարբեր հոգեվիճակներում…

Պատրաստեց
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

 

«Առավոտ» օրաթերթ
08.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031