Մարտի 4-ին Մայակովսկու անվան թիվ 7 դպրոցում անցկացվեց միաժամանակյա շախմատի խաղ, որին մասնակցեցին դպրոցի տարբեր տարիքի լավագույն շախմատիստները: Գլխավոր մրցավարն էր շախմատի վարպետ Արմեն Պետրոսյանը: Աշակերտների հետ խաղում էր ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Մանուկյանը:
«Այսօրվա հանդիպման նպատակն է ավելի մասսայականացնել շախմատը մեր երկրում վաղ հասակից: Շատ ողջունելի է, որ այժմ դպրոցական առարկա է համարվում նաեւ շախմատը»,- նշեց ՖԿՀՊԻ Ֆիզիկական դաստիարակության տեսության եւ մեթոդիկայի ամբիոնի ասիստենտ, մարզաառողջարարական ֆակուլտետի պրակտիկայի ղեկավար Արսեն Պապիկյանը: Ապա շարունակեց. «Այսօրվա միջոցառման կազմակերպիչները Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզաառողջարարական ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողներն են, որոնք 8-շաբաթյա մանկավարժական պրակտիկա են անցնում Երեւան քաղաքի մի շարք դպրոցներում: Համաձայն ՖԿՀՊԻ Բակալավրի մանկավարժական պրակտիկայի կազմակերպման եւ անցկացման ծրագրի՝ ուսանողները պրակտիկայի ընթացքում կազմակերպում են բազմաբնույթ եւ բազմաբովանդակ միջոցառումներ: Պետք է նշեմ, որ ՖԿՀՊԻ-ի մանկավարժական պրակտիկայի նախապատրաստական աշխատանքները սկսվում են դեռ ուսումնական տարվա սկզբից եւ կատարվում են հսկայական կազմակերպչական, ուսումնամեթոդական, դաստիարակչական, քարոզչական աշխատանքներ ուսանողների շրջանում, բացի այդ, համագործակցում ենք նաեւ ինստիտուտի ուսումնական մասի, դեկանատի, գործնական ամբիոնների, ինչպես նաեւ պրակտիկայի բազաներ ընտրված դպրոցների տնօրենների եւ ֆիզկուլտուրայի ուսուցիչների հետ՝ նպատակ դնելով բաձր մակարդակով կազմակերպել եւ անցկացնել մանկավարժական պրակտիկան:
Հարկ եմ համարում նշել, որ ՖԿՀՊԻ-ում մանկավարժական, մասնագիտական եւ կլինիկական պրակտիկաները գտնվում են ինստիտուտի ռեկտոր, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վ. Բ. Առաքելյանի հատուկ ուշադրության տակ: Որպես մանկավարժական պրակտիկայի կազմակերպման եւ անցկացման բազաներ են ընտրվում Երեւան քաղաքի լավագույն դպրոցները, որոնք ունեն համապատասխան պայմաններ՝ «Ֆիզիկական կուլտուրա» առարկայի առջեւ դրված այսօրվա խնդիրների, չափորոշիչ ծրագրերի եւ աշխատանքների իրականացման համար: Հավելեմ նաեւ, որ յուրաքանչյուր պրակտիկայի խումբ կազմավորվում է 8-12 տարբեր մասնագիտությամբ մասնագիտացող ուսանողների քանակակազմով: Համաձայն ծրագրի, մանկավարժական պրակտիկայի շրջանակներում կազմակերպվում են տարբեր սպորտային եւ ինտելեկտուալ միջոցառումներ` սպորտլանդիաներ, տարբեր մարզաձեւերից մրցումներ, առողջ ապրելակերպին նվիրված տոնակատարություններ եւ դասեր, օլիմպիական գաղափարախոսության քարոզման եւ այլ թեմատիկաներով տարբեր միջոցառումներ»:
Խաղը ընթացավ հետաքրքիր եւ լարված պայքարով, յուրաքանչյուր մասնակից ձգտում էր էլ ավելի լավ արդյունք ցուցաբերել, որովհետեւ գործ ուներ ՖԻԴԵ-ի վարպետի հետ: Խաղից աշակերտները քաղեցին ուսուցողական դասեր եւ հետաքրքիր մոտեցումներ:
Կարդացեք նաև
Խաղին ներկա էին ՖԿՊՀԻ մարզաառողջարարական ֆակուլտետի դեկան, կենսաբանական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Անահիտ Հարությունյանը, Ադապտիվ ֆիզիկական կուլտուրայի ամբիոնի վարիչ, մ.գ.թ. Սուսաննա Հովեյանը, Ֆիզիկական դաստիարակության տեսության եւ մեթոդիկայի ամբիոնի վարիչ, դոցենտ Յու. Գրիգորյանը, նույն ամբիոնի ասիստենտ, մարզաառողջարարական ֆակուլտետի պրակտիկայի ղեկավար Արսեն Պապիկյանը, պրակտիկայի խմբի ղեկավար, մեթոդիստ, ասիստենտ Գագիկ Պապանյանը:
ԱՐԵՎ ԲԱՐՍԵՂՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
08.03.2016