Մինչ մարտի 8-ը կկոչվեր Կանանց միջազգային օր, ունեցել է այլ անվանում` Աշխատավոր կանանց միջազգային օր, քանի որ 1908 թվականին այդ օրը Նյու Յորքում տեքստիլ գործարանի աշխատավոր կանայք իրավահավասարության կոչով ցույց արեցին քաղաքի փողոցներում: Այդ ցույցին մասնակցում էր շուրջ 15 հազար կին, որոնց պահանջն էր կրճատել աշխատանքային 16 ժամը եւ տղամարդկանց պես ստանալ հավասարաչափ աշխատավարձ:
1909 թվականին Ամերիկայի Սոցիալիստական կուսակցությունը հայտարարեց Կանանց ազգային օր, որը նշվել է մինչեւ 1913 թվականի փետրվարի վերջին կիրակի օրը։
1910 թվականին Կոպենհագենում կանանց միջազգային խորհրդաժողովին Կլարա Ցետկինը առաջարկում է մարտի 8-ը ընդունել Կանանց միջազգային տոն, ի պատիվ անցյալում Նյու Յորքում տեղի ունեցած իրադարձությունների: Տարբեր տարածաշրջաններում տոնակատարությունների հիմքում ընկած է եղել կանանց նկատմամբ հարգանքը` լինի այն տնտեսական, քաղաքական կամ հասարակական ոլորտներում ունեցած նրանց ձեռքբերումները:
1911 թվականին Ելենա Գրինբերգի առաջարկով մարտի 19-ին առաջին անգամ Կանանց միջազգային օրը նշվել է Գերմանիայում, Ավստրիայում, Դանիայում եւ Շվեյցարիայում։ 1912 թվականին այդ օրն արդեն նշվում էր մայիսի 12-ին։
Կարդացեք նաև
Ռուսաստանի բանվորուհիները, բոլշեւիկների կոչի համաձայն, 1917 թվականի մարտի 8-ին հեղափոխական քայլերով դուրս եկան փողոց՝ իրենց բողոքի ձայնը հնչեցնելու կալվածատերերի եւ կապիտալիստների կառավարության դեմ` պահանջելով հաց եւ խաղաղություն: 1917 թվականի մարտի 8-ին` հին տոմարով` փետրվարի 23-ին, Պետրոգրադի բանվորուհիները ցույցեր արին, որին անմիջապես արձագանքեցին ու միացան հազարավոր բանվորներ ու զինվորներ:
Միավորված ազգերի կազմակերպությունը մարտի 8-ը հռչակեց Կանանց միջազգային տոն, հռչակել է 1977 թվականին:
Հայաստանում այն 1996 թվականից հանվել է երկրի պետական տոնացույցից` փոխարենը ապրիլի 7-ը հռչակվել Մայրության ու գեղեցկության օր եւ միայն 2001 թվականին վերընդունվել՝ տոների եւ հիշատակի օրերի մասին նոր օրենքով: Այդ է պատճառը, որ Հայաստանում ոչ պաշտոնապես մարտի 8-ից ապրիլի 7-ը համարվում է կանանց միամսյակ:
Մինչ մի շարք երկրներում մարտի 8-ը նշվում է Կանանց միջազգային օր, շատ երկրներում էլ` ի պաշտպանություն կանանց իրավունքների, կազմակերպում են ցույցեր, բողոքի ակցիաներ, կոնֆերանսներ: Այդպիսի երկրների մեջ է մտնում նաեւ Ֆրանսիան, ուստի ֆրանսիացի շատ տղամարդիկ այս օրը շատ չեն վազվզում խանութներով՝ նվերներ փնտրելու, իսկ Գերմանիայում այս օրը կանանց իրավունքների իրավապաշտպանները, Արհմիությունները կազմակերպում են տարբեր միջոցառումներ:
Այդ օրը առանձնապես հետաքրքիր է անցնում չինուհիների համար: Այս օրը յուրաքանչյուր տղամարդ ցանկանում է իրեն դրսեւորել որպես իսկական խոհարար` պատրաստելով յուրօրինակ ուտեստ իր սիրելիի համար: Սրանով նրանք փորձում են իրենց սերը ցույց տալ եւ ապացուցել: Այս օրը կանայք մասնակցում են «Միս Պեկին» մրցույթին եւ բոլորին փորձում ապացուցել, որ իրենք աշխարհի ամենագեղեցիկ կանայք են:
Այս օրը Ճապոնիայում չեն նշում, փոխարենը մարտի 3-ին նշում են աղջիկների տոնը, իսկ մարտի 14-ին նշում են Սպիտակ օր, երբ տղամարդիկ նվերներ են տալիս իրենց սիրելիներին:
Մարտի 8-ին Զամբիայում էլ ոչ թե նշվում է կանանց տոնը, այլ` երիտասարդության տոնը:
Պատրաստեց
ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
08.03.2016