Այսօր Դուշման Վարդանի՝ Վարդան Ստեփանյանի ծննդյան օրն է: Նա կդառնար 50 տարեկան: Արցախյան ազատամարտի հերոսի տարեդարձը շնորհավորելու համար Եռաբլուրի պանթեոն էին եկել նրա հարազատները, ընկերները:
Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի քույրը՝ Ռուզաննա Կրպեյանը մեր հարցին՝ Դուշման Վարդանի հայրենասիրական ոգին այսօրվա երիտասարդների մեջ կա՞, թե՞ էլ չեն լինելու թաթուլներ ու վարդաններ՝ պատասխանեց. «Երեւանի պետհամալսարանի «Վարդանանք» ակումբում շատ են վարդաններ, տիգրաններ, թաթուլներ: Այն ուսանողները, ովքեր մեր ակումբում են, նույն ոգին ունեն, ավելի լավ երեխաներ կան: Այն, որ այսքան շատ երիտասարդներ այսօր այստեղ են, իրենց կազմակերպվածությունը, վարքը վկայում է, որ կան այդպիսի երիտասարդներ»:
Մեր դիտարկմանը, որ երիտասարդների մի շերտ կա, որը խուսափում է բանակում ծառայել, ի՞նչ խորհուրդ կտաք նրանց՝ Ռուզաննա Կրպեյանը պատասխանեց. «Այն ժամանակ էլ են եղել այդ խուսափողները: Այն ժամանակ փողոցից հավաքել ու պարտադիր տարել են բանակ: Բայց նրանք, ովքեր գնացել էին կամավոր, իրենք ավելի շատ էին: Հենց իրենք բերեցին այսօրվա մեր հաղթանակը: Բայց այն մյուս երիտասարդներն էլ են մերը: Կյանք է, չես կարող պարտադրել մեկին, որ անպայման պիտի այս տեսակը լինես: Իսկ տեսակը գալիս է գենից, գալիս է շրջապատից, ընտանիքից, որտեղ մարդը ձեւավորվում, է դաստիարակվում ու կրթություն է ստանում: Այդ տղաների ոգին այսօր կա, մեր մեջ է: Ես Եռաբլուրում կանգնած եմ՝ ամենահզոր տեղում եմ կանգնած, ամենաոգեղեն տեղում, որովհետեւ այս հողի վրա բոլոր տղաների մարմիններն է, արյունը, ո՞նց կարող է նրանց ուժը չբարձրանա ու չփոխանցվի մեզ: Եթե այս տարիքում մեզ փոխանցվում է, ուրեմն մատաղ սերնդին էլ կփոխանցվի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ