Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում բռնությունների ենթարկվելու մասին հայտարարությունից հետո պաշտոնապես հերքվեց, որ նրան ծեծի են ենթարկել: Քրեակատարողական վարչության պաշտոնական պարզաբանման մեջ էլ նշված է՝ «Քրեակատարողական հիմնարկի հերթապահ բուժակի կողմից Վ.Գասպարին ենթարկվել է մարմնական զննության, որի արդյունքում վերջինիս մոտ մարմնական վնասվածքի որեւէ հետք չի հայտնաբերվել»:
Aravaot.am-ը Վարդգես Գասպարիի հետ զրուցեց այս եւ մի քանի այլ հարցերի շուրջ:
Մենք պարոն Գասպարիից հետաքրքրվեցինք՝ արդյոք նրա մարմնի վրա կան կապտուկներ, հետքեր, որոնք կփաստեն կտտանքների մասին, ընդ որում, «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետ Ռուբեն Ստեփանյանն էլ ասել է՝ «Եթե իր վրա մի կապտուկ գտնեք, ես պատասխան կտամ»:
Այս առնչությամբ Վարդգես Գասպարին ասաց. «Բռնությունները, որ նրանք իրականացնում են, վաղուց շատ լավ գիտեն, այդ հարցը յուրացրել են այնպես, այդ բռնություններն իրականացնում են այնպես, որ հետքեր չեն լինում, ուղղակիորեն հարվածում են մարմնի այնպիսի տեղերին, որ բան չլինի: Ես մի քանի անգամ այդպիսի բռնությունների ենթարկվել եմ եւ գիտեմ: Օրինակ՝ կոնկրետ իմ ոտքին, ծնկից վերեւ այնպես են խփել (մինչեւ հիմա ցավերը զգացնել են տալիս), որ այսպես ասած` կապտուկ չկա, եւ իրենք շատ լավ գիտեն դա»:
Ըստ Գասպարիի, «Զոն» նայողներն ու իրենց ենթակա կալանավորներն այնքան հմուտ են, որ բռնություններ իրականացնում են այնպես, որ հետքեր չմնան»:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է «Նուբարաշենի» պետի խոսքերին, ապա պարոն Գասպարին այսպես արձագանքեց՝ «Ճիշտ է ասում, կապտուկ չկա, բայց դա չի նշանակում, որ բռնություն չկա: Ես ուրիշ բան եմ ուզում ասել, բռնությունը ոչ միայն իմ նկատմամբ է, այլ ես պնդում եմ՝ կալանավայրում մասսայաբար է կիրառվում: Ֆիզիկական բռնության հետ միասին հոգեբանական ճնշումներ են: «Նուբարաշենում» պահվող կալանավորների կեսը ամենօրյա բռնության են ենթարկվում: Կարող է ֆիզիկական բռնությունն ավելի քիչ է, քան հոգեբանականը. մարդիկ կան ուղղակիորեն խելագարության աստիճանի սահմանների մոտ են: Որ կալանավայրի պետը այդպիսի արտահայտություն է անում, դա իրավապաշտպան կազմակերպությունների բացթողումն է, որոնք իբր դիտորդական առաքելություն են իրականացնում»:
Մեր այն դիտարկմանը, որ հենց այդ դիտորդական խումբն էր, որ այցելել է կալանավորված Գասպարիին եւ բարձրաձայնել նրան բռնության ենթարկելու մասին, Վարդգես Գասպարին ասաց. «Նրանք իրենց զեկույցներում մասսայական երեւույթների մասին խոսում են այնպես, որպես հատուկենտ պատահող դեպքերի: Խումբը իներտ է, քրեակատարողական հիմնարկների ադմինիստրացիայի եւ «զոն» նայողների համակարգի մի մասն է դարձել»:
Ըստ Գասպարիի, դիտորդական խումբն իրեն վերապահված իրավունքների հազիվ 3-5% -ն է իրականացնում. «Քողարկել 95%-ը անպատվաբեր գործ է: Ես 2008-ին եղել եմ «Նուբարաշենում», եղել եմ նաեւ 2016-ին, այս 8 տարվա ընթացքում չափազանց քիչ բան է փոխվել, խնդիրները բազմակի անգամ շատացել են: Սա իմ գնահատականն է»:
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը Վարդգես Գասպարիին բռնության ենթարկելու մասին Aravot.am-ին ասել էր, որ հնարավոր էր այդ բռնությունները տեղի են ունեցել այն պատճառով, որ Գասպարին բարձրաձայնել է կալանավայրի ներքին, քրեական բարքերի մասին: Արդյոք սա՞ է պատճառը, թե՝ քաղաքական ենթատեքստ կա ծեծի ենթարկելու առնչությամբ, մեր այս հարցին ի պատասխան Գասպարին ասաց. «Երբ ինձ խփում էին միջանցքից մեկը հարցրեց՝ այսինչ, ամեն ինչ նորմա՞լ է, ինձ խփողն ասաց՝ հա, նորմալ է: Դա հսկիչների գիտությամբ եւ համաձայնությամբ է տեղի ունեցել: Այնուհետեւ հարեւան խցերից մեկը հարցրեց՝ ախպերս տեղ ի՞նչ է, նորմա՞լ է, ասացին՝ վերեւի հետ համաձայնեցված է: Վերեւների՝ «զոն» նայողների հետ: Իրենք «զոն» նայողներից էին հրահանգ ստացել, որ այդ բռնություններն իրականացնեն: Իշխանյանն իր մտահոգությունն է արտահայտել, գիտեմ, որ մտահոգված էր: Ինձ չի թվում, որ իրենք այդ գիրքը կկարդային, այդ գիրքն առանձնապես տարածված չէ: Այնտեղ ավելի ակտուալ հարցեր կային, հատկապես, որ նախադեպը Գեւորգ Սաֆարյանն է եղել»:
Վարդգես Գասպարիի պատմելով, եթե նախկինում քաղաքական եւ քաղաքացիական պայքարի համար կալանավորվածներին կալանավայրում ուղղակի չեզոք էին վերաբերվում, արդեն մի քանի տարի է այս վերաբերմունքը փոխվել է. «Քաղաքական եւ քաղաքացիական այդ անձանց նրանք իրենց թշնամիներն են համարում, որովհետեւ մենք օրենք ենք պահանջում: Գեւորգ Սաֆարյանի դեպքով ասել են՝ «Դուք մեր ախպերներին՝ Հարսնաքարում Վահե Ավետյանին սպանած անձանց համար պահանջել եք, որ ծանր դատեն: Օլիգարխներն օգնում են կալանավայրի «ախպերությանը», հետեւաբար նրանք անմիջական պատճառ ունեն մեզ դիտարկելու որպես իրենց թշնամի»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ