Փետրվարի 25-ին կառավարությունը որոշեց, որ ԵՏՄ տարածքից ներկրվող ավտոմեքենաների համար այլեւս չի գանձվելու 20 տոկոս ԱԱՀ-ն: Այսպիսի որոշում կայացվեց այն բանից հետո, երբ ԵՏՄ ինտեգրման եւ մակրոտնտեսության հարցերով նախարար Տատյանա Վալովայան հայտարարեց, որ իրենք դժգոհություններ են ստացել, այն մասին, որ Հայաստանի իշխանությունները 20 տոկոս ավելացված արժեքի հարկ են գանձում ԵՏՄ երկրներից Հայաստան ավտոմեքենա ներմուծող ֆիզիկական անձանցից:
Կառավարության մարտի 10-ի նիստում, սակայն կրկին կքննարկվի այս հարցը: Բանն այն է, որ Ազգային ժողովի պատգամավորներ Գարեգին Նուշիկյանն ու Վարդան Այվազյանը առաջարկել են «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարել, որպեսզի ԵՏՄ տարածքից Հայաստան ներկրվող ավտոմեքենաներն այլեւս չհարկվեն ԱԱՀ-ով: Պատգամավորները գտնում են, որ ԵՏՄ-ն հանդիսանալով մեկ միասնական ընդհանուր տնտեսական տարածք, ենթադրում է դրանում ապրանքների, ռեսուրսների եւ կապիտալի ազատ տեղաշարժ, եւ նշված սկզբունքն ամրագրված է նաեւ ԵՏՄ իրավապայմանագրային փաստաթղթերում:
«Այս տեսանկյունից, Հայաստանի Հանրապետության տարածք ավտոմեքենաների ներկրման ժամանակ ֆիզիկական անձանցից ավելացված արժեքի հարկի գանձումը, մեր կարծիքով, հակասում է այդ սկզբունքին, քանի որ ԵՏՄ անդամ հանդիսացող պետությունում հիշյալ ավտոմեքենաների համար արդեն իսկ ԱԱՀ-ն վճարված է: Ուստի, նախագծով առաջարկվում է վերացնել այդ հակասությունը եւ անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից ավտոմեքենաների ներկրումը չդիտարկել որպես ԱԱՀ-ով հարկվող գործարք»,-վարչապետին ուղղված իրենց խոսքում նշում են պատգամավորները:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ