Լրահոս
Օրվա լրահոսը

Համասյանական ցեխախառն ցնցող համերգի շարունակությունը և երիտասարդական մայրաքաղաքի վախերը

Մարտ 08,2016 18:50

Aravot.am-ի հետ զրույցում Գյումրու դրամատիկական թատրոնի պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանը տեղեկացրեց, որ գյումրեցի երիտասարդները մտադրված են Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարին Գյումրիում նշելու ինքնատիպ միջոցառումներով:

«Գիտեք, Գյումրին հռչակվել է երիտասարդության մայրաքաղաք, նաեւ այս տարի սեպտեմբերին մեծ շուքով նշվելու է անկախության 25-րդ ամյակը: Մենք հավաքվել  ենք երիտասարդներով, այն երիտասարդներով, որոնք որ գաղափարներով ու կրեատիվ մտքերով միշտ տարբերվել են ու քննարկել ենք, թե անկախության 25-ամյակը ինչպե՞ս է ենք մենք պլանավորում նշվելու Գյումրիում:

Փաստորեն, այս տարի մենք՝ գյումրեցիներս, երկտոն ունենք: Մի քանի անգամ քննարկումներ եղել են «Ծիրանափող» հ/կ ներկայացուցիչների, երիտասարդական նախաձեռնություններով հանդես եկող Կարեն Պետրոսյանի, Ղարիբ Հարությունյանի հետ: Երբ որ մշակույթի նախարարության կողմից հայտարարվեն ծրագրային մրցույթներ, մենք կդիմենք, որպեսզի հնարավորություն տան առաջին անգամ Գյումրիում իրականացնել ռոք փառատոն: Գիտեք, Գյումրիում «Բամբիռ» խումբ կա՝ մեծերի և երիտասարդ բամբիռների, որոնց ներկայությունը քաղաքում շատ կարեւոր է, մեր հանդիպումից  հետո երկրորդ հանդիպում-խորհրդակցությունն ունեցանք «Բամբիռ» խմբի տղաների հետ:

Գիտեք, որ այս խումբը միջազգային մի շարք ռոք-փառատոների է մասնակցել, հետ են վերադարձել մրցանակներով, եվրոպական շրջագայություններ են արել այդ փառատոնի շրջանակում, եւ իրենց փորձը ու շփումների բազան շատ օգտակար եղավ մեզ համար, որովհետեւ արդեն իսկ «Բամբիռ»-ի հիմքի վրա մենք կհրավիրենք բոլոր այն խմբերին, որոնք մասնակցելու են այդ փառատոնին, որոնց նպատակ ունենք հրավիրելու: Մենք խոսեցինք «Բամբիռ» խմբի հետ, նախնական պայմանավորվածություններ ունեն ռոք խմբերի հետ՝ Իռլանդիայից, Ռուսաստանից, Միացյալ Նահանգներից  նույնպես կժամանեն խմբեր, որոնք նախնական համաձայնություն  են տվել մասնակցելու փառատոնին, խմբեր կլինեն Վրաստանից ու Հայաստանից: Հայաստանի գրեթե բոլոր ռոք-խմբերը կհրավիրվեն ռոք փառատոնին, շատ հետաքրքիր կլինի:

Տիգրան Համասյանի համերգը ցույց տվեց, որ Գյումրեցի հանդիսատեսը ունի հետաքրքիր մշակութային իրադարձությունների սով, հետաքրքիր  միջոցառումներ տեսնելու ցանկություն: Տեսաք, թե շատ հետաքրքիր մի գաղափար ինչպես իրականացվեց, մարդիկ մեծ սիրով եկան, մասնակցեցին: Այս ընթացքում մենք քննարկում ենք համերգի վայրը, որը պիտի լինի հետաքրքիր տեղանքում, չի կարող լինել սովորական վերջինզանգյան հրապարակային համերգ եւ նախնական տարբերակներում նաեւ քննարկվեց դիմել «Սեւ Բերդ» ամրոցում համերգ կազմակերպելու:

Գիտեք, այն կոչվում է փառատոների կենտրոն, գիտեք, որ շատ լավ է կառուցված եւ շատ հարմար է միջոցառումների համար թե՛ նկարահանման, թե՛ հանդիսատեսի համար, թե՛ բեմահարթակի ու լույսերի առումով: Մի խոսքով, հիմա քննարկում ենք, որպեսզի դիմենք ղեկավարությանը, տարածքի սեփականատիրոջը, որպեսզի թույլ տան ռոք փառատոնն անցկացնել փառատոնային կենտրոնում, որը նաեւ շատ հետաքրքիր կլինի: Ոչ միայն Հայաստանից, այլ դրսից հնարավորություն կունենան գալ Գյումրի ու ոչ միայն  լսել լավ երաժշտություն, մասնակցել, այլ տեսնել, թե ինչ հրաշալի փառատոների կենտրոն ենք կառուցել մենք: Սա նախնական տարբերակ է, քննարկվում է», -ասաց Տիգրան Վիրաբյանը:

Ըստ մեր զրուցակցի, մշակույթի նախարարությունը միջոցառումից մի քանի ամիս առաջ հետաքրքիր գաղափարների մրցույթ է հայտարարում, այնուհետ ընտրում ու ֆինանսավորում է, իրենք էլ Գյումրիից այս գաղափարն են առաջարկելու՝ հույս ունենալով, որ այն կարժանանա հավանության: Տիգրան Վիրաբյանի ասելով, չպետք է սահմանափակվել մեր ներուժով, այլ Գյումրին միջազգային խմբերի համար պետք է դարձնել հետաքրքիր բեմահարթակ: Անդրադառնալով  Գյումրին երիտասարդական մայրաքաղաքի շրջանակներում նախատեսված միջոցառումներին՝ Տիգրան Վիրաբյանը մի քանի նկատառում ներկայացրեց:

«Ըստ իս, շատ պատասխանատու է այն կոչումը, որ մենք վերցրել ենք Գյումրին երիտասարդական մայրաքաղաք հռչակելով, եւ կարծում եմ, որ երիտասարդական մայրաքաղաքի ոչ միայն բացումն, այլ նախատեսվող բոլոր միջոցառումների շարքը պետք է լինեն շատ երիտասարդական, շատ կրեատիվ ու շատ հետաքրքիր: Մենք իրավունք չունենք Գյումրին երիտասարդական մայրաքաղաք միջոցառումների շարքի բացման ու փակման արարողությունը վերածենք հերթական մարտիության ու ապրիլյոթյան համայնքային միջոցառումների, որովհետեւ Գյումրին, իրոք, ունի մեծ երիտասարդական ներուժ եւ ունի զարմացնելու հնարավորություն:

Տիգրան Համասյանի համերգը դրա վառ օրինակն է, երբ որ ամբողջ Հայաստանը եւ ամբողջ աշխարհը սեւեռեցինք Գյումրիի վրա:  Ըստ իս, նույնպես կարեւոր է, որ երիտասարդական մայրաքաղաքի առաջին ակորդը չլինի հերթական միջոցառումներից մեկը, այլ առանձնանա իր հետարքրքությամբ, առանձնանա գյումրեցուն վայել մտքի թռիչքով, եւ իրոք մենք ապացուցենք, որ իրոք սա այն քաղաքն է, որն ունի լուրջ երիտասարդական, ստեղծագործական ներուժ: Խոսում եմ այս մասին զուտ նրա համար, որովհետեւ արդեն իսկ նախանշվող վտանգները տեսնում եմ, որ միտում ունի Գյումրին երիտասարդական մայրաքաղաքի բացման արարողությունը վերածել հերթական մարտիության, ապրիլյոթյան միջոցառումների շարքին դասվող մի հերթական ծրագրի»,- ասաց  Տիգրան Վիրաբյանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. henri says:

    Համասեանը իր ընկերներով եւ հանդիսատեսներով մեզի ցոյց կու տայ որ Հայաստանի մէջ տակաւին շատ առողջ սերունդ կայ և ամէնքը սերիալներու բացասական տիպարներ չեն որ օրն ի բուն հինգ սէնթի համար մարդ կը մորթեն մանուկներ կ`առեւանգեն հօլիվուտի հինցած ֆիլմերը կապկելու մարմաջէն տարուած;

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2016/03/08/665169/

    © 1998 – 2016 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031