Եռաբլուրում այսօր նշվեց ազգի հերոս Դուշման Վարդանի 50-ամյակը: Հարազատները թանկ հիշողություններն էին կիսում Վարդանի մասին, պատմում նրա կյանքից դրվագներ, խոսում հերոսի քաջագործությունների մասին:
Միջոցառման ժամանակ Դուշման Վարդանին նվիրված բանաստեղծություններ ասացին, մի կին պատմեց, թե ինչպես է սիրահարվել հերոսի պսպղուն աչքերին, ինչպես են վարակվել նրա հայրենասիրությամբ. «Մենք ասում ենք Դուշման Վարդան, բայց նա ինձ համար հոգի Վարդան է: Այսօր Մարտի 8 է, բոլոր զավակները ծաղիկներ կնվիրեն իրենց մայրերին, Զառա մայրիկը ծաղիկներ բերեց իր որդու շիրիմին: Վարդանը հայրենիքի պաշտպան ու նահատակ պիտի լիներ: Այդ մանկիկի առաջին խաղալիքներն էին մեր դարավոր պատմության գրքերը, պարուրված էր գրադարանի գրքերի մեջ, ուր Զառա մայրիկն էր աշխատում: Նա մեծացավ՝ կարդալով Րաֆֆու վեպերը: Տակավին պատանի՝ դպրոցական սեղանի մոտ ասաց՝ Սամվելը պիտի՛ որ սպաներ իր դավաճան հորն ու մորը: Բայց Վարդանը ծնվել էր այնպիսի մորից, որը միայն հպարտություն պիտի ներշնչեր իրեն, եւ ինքն էլ հպարտություն՝ իր մորը»:
Դուշման Վարդանի հարազատները լսում էին, հպարտանում, ու սրբում իրենց թաց աչքերը:
Դուշման Վարդանը սովորել էր Թումանյանի անվան դպրոցում, ուստի այսօր այդ դպրոցի սաները միջոցառում էին կազմակերպել Եռաբլուրում՝ նվիրված հերոսի տարեդարձին:
Կարդացեք նաև
Սուրբ Վարդանանց եկեղեցու քահանան էլ աղոթք կարդաց ու ասաց. «Վարդանի մեջ պահպանվում էր հիշիր, որ հիշվես հիշողությունը, որով նա, ինչպես մյուս նահատակներն այստեղի, ի զեն, ի վրեժ ոտքի կանգնեցին ի սեր մեր հայրենիքի, ի սեր մեր վաղվա օրվան: Շնորհավո՛ր ծնունդդ, Վարդա՛ն: Մնացողաց արեւշատություն, եւ այդ պայծառ հիշատակը: Նրանց սիրեք, հարկ եղած դեպքում կանգնեք՝ որպես նրանց հերթափոխ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ