Լրահոս
Օրվա լրահոսը

Հաղթանակ Շահումյան. «Երեւանի կենտրոնում ծնված տղա էի, գիտեի վարդի ջերմոցների տեղերը»

Մարտ 08,2016 15:47

Ճանաչված գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանի համոզմամբ, նվեր անելու եւ ստանալու ընկալումներն այսօր փոխվել են: Aravot.am-ի հետ զրույցում գեղանկարիչը հիշում է. «Երբ ես պատանի էի, Երեւանում այդքան ծաղիկ չկար, ինչպես հիմա, այն ժամանակ մեկ հրաշալի վարդ ճարելը երեւելի նվեր էր: Ցավոք, որ ժամանակները փոխվում են, գնահատանքներն էլ են փոխվում: Այսօր կարող է շատ ծիծաղելի լինեն այն նվերները, որոնք մի 40 տարի առաջ հարգանքի արժանի էին: Հիմա մտածողությունն է փոխվել, առաջ մի փոքր գծանկարը այնպիսի ուրախությամբ էին ընդունում, առաջ արվեստ ընկալելու միջավայր կար»:

Նա հիշում է, որ մարտի 8-ի առիթով արված իր լավագույն նվերը եղել է երեխա ժամանակ մոր համար գնած կտորը. «Հայրս աշխատանքի բերումով շատ հաճախ Երեւանում չէր լինում, բացի այդ, այն ժամանակ մարտի 8-ը աշխատանքային օր էր: Մի խանութ կար, որը սպասարկում էր հորս համակարգի աշխատողներին: Ես երբեմն քրոջս հետ այդտեղից նվերներ էի ընտրում, իսկ լավագույն նվերը կտորն էր, որը խանութներում 50-ականներին չկար: Մի անգամ այդ խանութից կտոր գնեցի, մայրս շատ էր ուրախացել, ինքը հագուստ էր կարել ու ամենուր հպարտանում էր, որ դա որդու նվերն է»:

Հաղթանակ Շահումյանը հպարտությամբ է հիշում երիտասարդ տարիները, ասում է՝ Երեւանի կենտրոնում ծնված ակտիվ տղա էր, Երեւանը շատ լավ գիտեր:

Գիտեր նաեւ այն ծաղկի ջերմոցների տեղերը, որտեղից կարելի էր մատչելի գնով ծաղիկներ գնել: «Երեւանում մի քանի տեղ վարդի ջերմոցներ կային, դրանցից մեկը Փարաքարում էր: Ջերմոցներից մեկի տիրոջ հետ մտերմացել էի, գնում էի հարմար գներով վարդեր էի բերում… Անգամ ընկերներիս էի փոխանցում, որ իրենց ընկերուհիներին նվիրեն…Մարտի 8-ը ժամանակին լավ տոն էր, հիմա այն կապում են սովետական անցյալի հետ, բայց այն ժամանակ էլ լավ բաներ կային»,-կարծում է գեղանկարիչը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031