Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արման Դանիելյան. «Փորձում են լրագրողների եւ դիտորդների դեմ պայքարել»

Մարտ 08,2016 15:17

«Վերջին հանրաքվեն (դեկտեմբերի 6-ին անցկացված սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն-խմբ.) ցույց տվեց, որ ընտրակեղծիքների դեմ հիմնական պայքարողները լրագրողները եւ դիտորդներն էին, բացի հազվադեպ դեպքերից, երբ վստահված անձինք կամ հանձնաժողովի անդամներն էին փորձում ինչ-որ բան անել: Որքան էլ տարօրինակ էր, ընտրակեղծիքների դեմ փորձում էին պայքարել ավելի քիչ լիազորություններ ունեցողները`լրագրողներն ու դիտորդները: Այսպիսով, ստացվում է, որ դրա դեմ փորձում են պայքարել»,- նման դիտարկում Aravot.am-ի հետ զրույցում հայտնեց «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպության նախագահ Արման Դանիելյանն`անդրադառնալով Ընտրական օրենսգրքի նախագծում առաջարկվող նոր դրույթին:

Ըստ այդմ, ընտրական տեղամասերում միաժամանակ գտնվող տեղացի դիտորդների ու ԶԼՄ-ների ներկայացուցիչների թիվը սահմանվել է 8: Նաեւ`թե միջազգային, թե տեղական դիտորդական կազմակերպությունները կարող են մասնակցել ընտրություններին բացառապես ՀՀ նախագահի, վարչապետի, ԱԺ նախագահի կամ ԿԸՀ-ի հրավերով:

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտը» վերջին շրջանում բավական ակտիվ դիտարկել է հայաստանյան տարբեր մակարդակների ընտրությունները: Այս նորամուծությունը, բնականաբար, մեր զրուցակցի կարծիքով, չի հավակնում ապահովել այն «քայլ առաջը», որը մինչ նախագծի հրապարակումը խոստանում էին իշխանության ներկայացուցիչներն ու նախագծի հեղինակները: «Նախորդ փորձից, մասնավորաբար, հանրաքվեից, դասեր են քաղել, փորձում են պայքարել»,- ասաց մեր զրուցակիցը:

Արման Դանիելյան

Արման Դանիելյան

Արման Դանիելյանը վերապահումներ ունի նաեւ համամասնական ընտրակարգում որակված վարկանիշային քվեարկության մասով: Այդ դրույթը նաեւ ընդդիմադիր քաղաքական ուժերի կողմից ընդունելի չէ: «Ներկայացվում է համամասնական ընտրակարգ, բայց իրականում, դառնում է միայն մեծամասնական: Տվյալ տարածքում իշխանության օլիգարխը, հեղինակությունը կամ էլ չգիտեմ ինչն, ամեն ինչ անելու է, որ ինքն անցնի`անցկացնելով նաեւ իր կուսակցությանը: Սա համամասնական ընտրակարգ չէ, զուտ մեծամասնական է»,- կարծում է մեր զրուցակիցը:

Փետրվարի 12-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նախագահական նստավայրում ելույթ ունեցավ եւ հայտարարեց, որ նոր Սահմանադրությամբ նոր փուլ ենք մտնում, շատ էական փոփոխություններ են լինելու մեր կյանքում: Aravot.am-ի հարցին`նախագահի այդ ելույթի ֆոնին ինչպե՞ս կգնահատեք ներկայացված նախագիծը, որն, ըստ էության բոլոր լուծումների բանալին է լինելու, Արման Դանիելյանն ասաց. «Դե ինչ-որ էական բաներ փոխվում են, փաստորեն. լրագրողներին եւ դիտորդներին փորձում են հեռու պահել ընտրական տեղամասերից»:

Ամեն դեպքում, մեր զրուցակիցը հույս ունի, որ քննարկումների փուլում կհաջողվի նման վիճահարույց դրույթներից ձերբազատվել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարում՝ «Հայկական ժամանակ» թերթի թղթակցին 2015 դեկտեմբերի 6-ին՝ հանրաքվեի քվեարկության ժամանակ փորձում են հանել ընտրական տեղամասից: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031