Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Կարապետյան. «Ռուսաստանի հայն ադրբեջանցուն վճարում է` հայրենի գյուղը լուսանկարելու համար»

Մարտ 08,2016 14:59

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը հրատարակության է պատրաստում «Բուն Աղվանք» հատորը: Կուր գետի աջափնյա տարածքներում է գտնվում Հայոց Աղվանքը, իսկ ձախափնյա շրջանում` մինչեւ Կովկասյան լեռնաշղթա, Բուն Աղվանքն է, որը ներառում է Շամախի քաղաքը, Վարդաշեն եւ Կուտկաշեն քաղաքները (ներկայիս Ադրբեջանի հանրապետության տարածք), որտեղ Սամվել Կարապետյանը շրջել եւ ուսումնասիրություններ է կատարել Խորհրդային տարիներին:

Նրա հեղինակած «Բուն Աղվանք» հատորը ներկայացնում է նշյալ շրջանների մոտ 200 գյուղերի պատմությունը եւ հուշարձանները:

«Հաշվառել եմ 3000 հուշարձան` եկեղեցիներ, գերեզմանոցներ, հին տներ, քաղաքային ճարտարապետության հոյակապ հայաշեն շենքեր, ինչպիսիք որ Շուշիում կան: Շենքերը թվագրվում են 19-րդ դարով, բայց այդտեղ 2000 տարվա հայկական մշակույթի հետք կա, օրինակ` վաղ քրիստոնեական շրջանի կառույցներ, եւ ամենակարեւորը` Վարդաշենի շրջանի Ճալեթ գյուղի Սուրբ Աստվածածին կաթողիկոսանիստ վանքը, որը մեկ դար եղել է Հայ եկեղեցու աղվանից թեմի կաթողիկոսների նստավայրը»,-պատմեց Կարապետյանը:

Նա տեղեկացրեց, որ դեռեւս 2003թ. Շամախի շրջանի Մատրասա գյուղի եկեղեցու զանգակատունը քանդված է եղել. «Քանդելու միտումն այդ տարածքներում էլ կա: Պատճառը` հայկական ծագումը»:

Հուշարձանագետը ցավով արձանագրեց, որ պատմական Աղվանքի հայկական հուշարձանների նոր լուսանկարների պակաս կա. «Ոչ մի հայ չի կարող այդտեղ ոտք դնել: Ինչ լուսանկարներ էլ որ կան, ժամանակին ունեցել են բռնագաղթի ենթարկված հայերը, որոնք եկել են Հայաստան, իսկ 1990-ականներին գաղթել Ռուսաստան: Այդտեղ նրանք ադրբեջանցիների են գտնում, վճարում եւ ասում` գնա, մեր գյուղը նկարի»: Այսպես ունենք մի քանի գյուղերում տիրող վիճակի մասին լուսանկարներ: Ադրբեջանցին հատուկ եկեղեցին չի նկարել, այլ ուղղակի գյուղը, բայց մեկ էլ լուսանկարում տեսնում ես պայթեցված եկեղեցին…»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031