«Շնորհավորում եմ քո ծնունդը, բալե՛ս: Շնորհավորում եմ, որ այսքան ընկերներ, հայ ժողովուրդ ունես քո կողքին: Շնորհակալ եմ այն հողի համար, որ դու կաս ու կլինես: 26 տարեկանում եմ որդուս կորցրել: Չեմ ուզում հասակ առնի, որ դեռ պատերազմների մասնակցի, հաղթանակներ տանի: Ասացի մի երեխա ունեցիր, ինձ տարավ պատուհանի մոտ, ասեց՝ այս բոլորը մեր երեխաներն են»,- այսօր Եռաբլուրում ազգային հերոս Դուշման Վարդանի՝ Վարդան Ստեփանյանի մայրը՝ Զարիկ մայրիկը համբուրելով որդու գերեզմանաքարը՝ այսպես շնորհավորեց նրա տարեդարձը:
Այսօր Դուշման Վարդանը կլիներ 50 տարեկան, եթե 1992-ին չզոհվեր արցախյան ազատամարտում:
Զարիկ մայրիկի խոսքերով՝ «Վիշտն ինձ չի խեղդել, որովհետեւ վշտիս մեջ կա հաղթանակ, կա Արցախ, որտեղ այս պահին հերոսներ են ծնվում: Վշտի հետ ունենք Հայոց հզոր բանակ, որ այս պահին հայոց սուրբ սահմաններն են հսկում: Ես ինձ վշտով մայր չեմ համարում, ես Շուշին ազատագրող, Ղարաբաղի տարածքն ազատագրող մի հզոր որդու մայր եմ՝ թուրքի դուշման, մեր փրկարար Վարդան Ստեփանյանի մայրն եմ, որ կորցրել եմ 26 տարեկանում: Այսօր նշում եմ 50 տարին: Նա 50-ներ դեռ կդաստիարակի հայոց հողի համար սերունդ»:
Զարիկ մայրիկը պատմեց Դուշման Վարդանի խոսքերը, ինչպես է մորն ասել՝ «Ես չեմ ծխելու, դու չես լացելու, ուր էլ որ գնամ, տուն եմ գալու»: Ազգիս զավակների համար ամաչում եմ, գնում են դառնում շինարար, հնոցապան, երբ մենք դարավոր թշնամի ունենք: 18 տարեկանից որդիս հզոր, գիտակցորեն, նվիրյալ ապրել, եւ ապրում է այսօր հայրենիքի համար: Հզոր էր, որ 88-ին ասաց՝ քո մահն անգամ ինձ հետ չի պահի, քեզանից թանկն էլ կա, դա իմ ազգն է: Ղարաբաղը թանկ է հայ ժողովրդի համար: Արցախ աշխարհը թանկ է մեզ համար: Թող բոլորն իմանան, հասկանան, որ մենք ուրիշ երկիր, ուրիշ հող չունենք: Այս սուրբ հողը հայ ժողովրդինն է, եւ հայ ժողովուրդն իր արյան գնով պետք է այն պաշտպանի: Հաղորդում եմ ձեզ, որ վիշտն ինձ չի խեղդի, ես հզոր մայր եմ: Ես դեռ սերունդներ եմ դաստիարակում իր թանգարանով»:
Կարդացեք նաև
Դուշման Վարդանի մայրը մեր հարցին՝ այս սերունդն ունի՚՞ Վարդանի հայրենասիրական ոգին, պատասխանեց. «Ունենք հզոր բանակ, հզոր հրամանատարական կազմ, հզոր նախարար, հզոր նախագահ: Եթե ինչ-որ մի տեղ ժողովուրդը…հասկանում եմ ձեր խոսքը, մի քիչ դժվարություն է, բոլոր հաղթանակներից հետո մի հզոր հաղթանակ, որ 70 տարի օտարին կերակրող հողը կերակրում է իր տիրոջը, նշանակում է մենք հզոր ենք, մենք հաղթող ենք: Մենք պետք է հաղթենք եւ աշխարհին ապացուցենք, որ մենք մեր կորցրածը կամաց-կամաց հետ ենք բերելու»:
Մեր հարցին՝ Դուք փորձե՞լ եք հետ պահել ձեր որդուն առաջնագիծ գնալուց՝ Զարիկ մայրիկը պատասխանեց. «Ես փամփուշտ եմ շարել, որդուս ճանապարհել, եւ նորից կշարեմ, ե՛ս էլ զենք կվերցնեմ՝ հայոց հողն ազատագրելու համար»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ