«Կինը դարձել է ավելի ինքնավստահ, դժվար իրավիճակներից դուրս գալու ընդունակ, հաճախ ընտանիքի ամբողջ բեռն իր վրա վերցնող: Ինքը դարձավ շատ ինքնավստահ եւ շատ ուժեղ: Բացասականն այն է, որ կինն այդքան ինքնավստահ եւ ուժեղ դառնալով՝ ինչ-որ բաներ կորցրեց»,- «Հայելի» ակումբում ասաց «Գրական թերթ»-ի գլխավոր խմբագիր Կարինե Խոդիկյանը:
Քաղաքական մեկնաբան Կարմեն Դավթյանն էլ կարծում է, որ կանայք այժմ շատ բարձր էներգետիկա ունեն. «Կամա թե ակամա հասարակության կրողը, հասարակությունն առաջ մղողը: Այդպես է. կնոջով է բարձրանալու ամեն ինչ: Այսօր Աֆրոդիտե կանանց ժամանակաշրջան է, նրանք ծաղկուն, գեղեցիկ, հետաքրքիր, սեքսուալ են: Այդպես իրենք իրենց էներգիան կիրառելով գնում են առաջ»:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանն էլ ասաց, որ իր համար ավելացել է այն, որ ինքն անկախությունից հետո պատկանում է այն կանանց թվին, որոնք շահեցին Ղարաբաղի պատերազմում. «Մենք, վերջապես, պատմականորեն եղանք ոչ միայն շահած տղամարդկանց, այլ նաեւ՝ շահած կանանց սերունդ: Ինչ էլ ուզում է մենք հիմա ասենք հերոսամարտից հետո, այդ հաղթանակը մեր մեջ տրոփելու ենք»:
Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ