Բրյուսելում կայացած Եվրամիություն-Թուրքիա բանակցություններից հետո մամուլի ասուլիս են հրավիրել Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկն ու Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։
Բանակցությունների ընթացքում վարչապետ Դավութօղլուն ներկայացրել է Թուրքիայի առաջարկները Եվրամիությանը, որտեղ առանցքային նշանակություն ունի թուրք քաղաքացիների՝ առանց վիզայի Շենգենյան գոտի մուտք գործելու իրավունքի պահանջը։ Խոսելով այդ մասին՝ վարչապետ Դավութօղլուն ասել է. «Մենք կանենք մեզնից կախվածը՝ Թուրքիայի օրենսդրական կարգավորումներն ավարտին հասցնելու համար, Եվրամիությունն էլ կանի իրենից կախվածը։ Հույս ունենք, որ ամենաուշը հունիսի վերջին Թուրքիայի քաղաքացիները կարող են առանց վիզայի Շենգենյան գոտի մուտք գործելու իրավունք ստանալ։
Տեղեկացնենք, որ սրանից բացի՝ Թուրքիան Եվրամիությանը ներկայացրել է ևս մի քանի առաջարկ։ Մասնավորապես.
– նախկինում համաձայնեցված 3 միլիարդ եվրոյից բացի, մինչև 2018թ. Թուրքիան պետք է ևս 3 միլիարդ եվրոյի օգնություն ստանա, որը պետք է ուղղվի փախստականների խնդիրների կարգավորմանը։
-Հունաստանի կղզիներում տեղակայված փախստականները կտեղափոխվեն Թուրքիա։ Ի պատասխան դրա՝ Եվրամիությունը պարտավորվում է Հունաստանից Թուրքիա տեղափոխված ամեն մի սիրիացու դիմաց Թուրքիայից մեկ սիրիացի ընդունել։
-Փախստականների տեղափոխման ամբողջ ծախսերը պետք է հոգա Եվրամիությունը։
-Թուրքիան և Եվրամիության անդամ երկրները ջանք կգործադրեն Սիրիայում անվտանգության գոտիներ ստեղծել քաղաքացիականների համար։
Տեղեկացնենք նաև, որ Թուրքիայի ներկայացրած այս առաջարկներին կտրականապես դեմ է արտահայտվել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ Խոսելով այս մասին՝ վարչապետն ասել է. «Սա նրանց (նկատի ունի թուրքերին.-խմբ.) ընտրությունն է, բայց մենք չենք ուզում։ Բրյուսելը Թուրքիային խոստումներ է տալիս, որոնք չի կարողանալու իրականացնել։ Թուրքիայից եկող հարյուր հազարավոր փախստականներին Եվրոպայում ընդունելու նախագիծը պատրանք է»։