Եթե նախկինում ընտրված Ազգային Ժողովը զուտ Հայաստանի Հանրապետության օրենսդիր բարձրագույն մարմինն էր՝ սահմանադրությամբ և օրենքներով իրեն վերապահված լիազորություններով և գործառույթներով, ապա 2015թ. դեկտեմբերի 6-ին ընդունված նոր սահմանադրությամբ Ազգային Ժողովը երկրի ամբողջ իշխանական համակարգը՝ ՀՀ կառավարություն, ՀՀ նախագահ, ՀՀ դատական համակարգ, ՀՀ գլխավոր դատախազ, ՀՀ կենտրոնական բանկի նախագահ, ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ, ՀՀ կենտրոնական բանկի նախագահ, ՀՀ մադու իրավունքների պաշտպան… ծնողն է և ամբողջը ընտրելու է ինքը, հետևաբար ասել ՀՀ Ազգային ժողովի ընտրություններ, դա նույնն է ասել ՀՀ իշխանությունների ընտրություններ:
Կարծում եմ, այսքանից հետո ավելորդ է ասել, թե ինչ դեր ունի ընտրական օրենսգիրքը, որի հիմքի վրա պետք է ձևավորվեն Հայաստանի Հանրապետության պետական կառավարման բոլոր թևերի ամբողջական իշխանությունները: Թե ինչ ընթացք կունենան մոտակա ՀՀ ԱԺ ընտրությունները, դա թողնենք բախտագուշակներին, բայց, որ նոր ընդունվող ընտրական օրենսգիրքը վճռական՝ բախտորոշ նշանակություն կունենա այդ ընտրություններում, որևէ մեկի մոտ կասկածի նշույլ չի առաջացնում:
Այլ կերպ ասած. ամուր տուն ունենալու նախապայմանը ամուր հիմք դնելն է: Եթե ունենանք նորմալ ընտրական օրենսգիրք, ապա կունենանք նորմալ սկիզբ և նորմալ հույս՝ առաջիկա ԱԺ ընտրությունների նորմալ ընթացքի համար (իհարկե, դա անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է): Նորմալ ընտրությունների պարագայում, կունենանք ժողովրդի կողմից վստահելի իշխանություն, որն էլ իր հերթին կարող է ծնել այնպիսի բացառիկ իրավիճակ, որ փոխադարձ վստահությամբ, ժողովուրդը և իշխանությունները ուս-ուսի տված, կարողանան մեծ հնարքով փրկել երկրում ստեղծված աղետալի վիճակը:
Ժողովուրդը պետք է վստահի և ընտրի իր իշխանություններին և հակառակը. իշխանություններն էլ պետք է հարգեն և ծառայեն ժողովրդին: Ուժեղ է լինում միայն այսպիսի երկիրը: Հակառակ պարագայում, կջարդվի երկրի ողնաշարը, էլ ավելի կխորանա ժողովրդի և իշխանությունների միջև առաջացած վիհը, որը երկրի արագ կործանման թիվ մեկ գրավականն է:
Կարդացեք նաև
2017թ.-ին կլրանա նորանկախ Հայաստանի 1990թ.-ին կայացած առաջին խորհրդարանական ընտրությունների 27 ամյակը, որը կարճ ժամանակահատված չէ փորձառություն ձեռք բերելու տեսանկյունից: Կարծում եմ, որ հասարակությունը քաջատեղյակ է, թե այդ ժամանակահատվածում համապետական և տեղական ինքնակառավարման ինչ ընտրություններ են եղել և ինչպես են դրանք ընթացել: Աշխարհը արագ փոխվում է, Հայաստանն այսօր տարատեսակ միջազգային մարմինների և կառույցների լիիրավ անդամ է, այսօր ինտենսիվ ընթանում են ԵՄ-Հայաստան բանակցությունները, ունենք Արցախի վերջնականապես չլուծված հարց, ունենք համատարած աղքատություն, ունենք համատարած գործազրկություն, ունենք համատարած արտագաղթ, ունենք համատարած կոռուպցիա, մի խոսքով աշխարհի աչքը մեզ վրա է և այս պայմաններում 2017թ. ապրիլի առաջին տասնօրյակում պետք է տեղի ունենան Ազգային Ժողովի համամասնական ընտրությունները:
Արդյոք մեր երկրի համար բավականաչափ շատ, պատասխանատու և որոշի՞չ չեն այս կարևորագույն խնդիրները, որոնց արժանապատիվ լուծման գրավականներից մեկն էլ մոտակա Ազգային Ժողովի ընտրություններն են, որի որակը էապես կախված կլինի նոր ընտրական օրենսգրքի որպիսին լինելուց: Բավական չէ, որ ներսում ունենք բավականաչափ չլուծված խնդիրներ, որոնց լուծումը էականորեն կախված է այդ ընտրությունների որակից, հետևաբար նաև ընդունվելիք ընտրական օրենսգրքի որակից, հլա ամբողջ աշխարհն էլ աչքերը մեկ արած մեզ է նայում, թե սրանք մեծ-մեծ ժողովրդավարությունից են խոսում, մարդու իրավունքներից են խոսում, անկախ դատական համակարգից են խոսում, ազատ, արդար, թափանցիկ ընտրություններից են խոսում, տարաբնույթ այլ արժեքներից են խոսում, եկենք տեսնենք, թե ինչպիսի ընտրական օրենսգիրք են ընդունում, որից էլ պարզ կդառնա, թե դրանից հետո ինչպիսի ընտրություններ են անցկացնելու:
Մեծ հաշվով, Հայաստանի իշխանություններին այսօր երկու հնարավորություն է տրված. կամ հարգել ներսի՝ ժողովրդի կարծիքը, որը միաժամանակ հարգանք կլինի դրսի նկատմամբ, կամ հարգել դրսի կարծիքը, որը ևս հարգանք կլինի ներսի նկատմամբ, կամ արհամարել երկուսի կարծիքն էլ և անել այն, ինչ իրենք են ուզում անել:
Եթե փորձեն անել վերջինը, այսինքն փորձեն թքել և ներսի, և դրսի վրա, ապա կարծում եմ դա կլինի բավականին դժվարամարս կերակուր: Իսկ եթե հաջողվի մարսել նաև այդ դժվարամարս կերակուրը, ապա զարմանք բառը իսպառ դուրս կգա իմ բառապաշարից: Ես այլևս չեմ զարմանա աղքատության, գործազրկության, արտագաղթի…, մի խոսքով, չեմ զարմանա մեր ժողովրդի վրա…
Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ
Քաղաքագետ, «Ժողովրդավարություն և ընտրական գործընթացներ» միջազգային կենտրոն ՀԿ նախագահ