Գյումրիի տնակներում ապրող 13 ընտանիքի համար բնակարան ձեռք բերելու նպատակով կազմակերպված դրամահավաքի արդյունքում հավաքվել է 9 միլիոն դրամից ավելի գումար։ Այդ գումարով 2 ընտանիքի համար կգնվի բնակարան, եւս 7 բնակարան նվիրաբերել են բարերարները։ Նախաձեռնության հեղինակներից Արեն Մկրտչյանը հայտնեց, որ 4 մարդ՝ այդ թվում մեկ ԱԺ պատգամավոր, խոստացել են բնակարաններ նվիրել անօթեւան ընտանիքներին։ Սակայն այսքանով նախաձեռնության գործունեությունը չի ավարտվելու, ինչպես կազմակերպիչներն են նշում՝ դեռ անելիքներ կան։
Արեն Մկրտչյանի խոսքով՝ բրիտանական մի կայքում ստեղծված հաշվում հանգանակվել է 24 հազար 5 հարյուր ֆունտ ստեռլինգից ավելի գումար։ Այժմ բանակցում են կայքի ղեկավարության հետ հավաքված գումարը սահմանված ժամկետից շուտ հանելու ուղղությամբ։ Այդ գումարով հնարավոր կլինի նախատեսվածից ավելի բնակարան գնել երկրաշարժից տուժած անօթեւան մարդկանց համար։
Բացի սա, նախաձեռնության կազմակերպիչները մարտի 19-ին նախատեսել են Կասկադ համալիրի «Սարգիս Մուրադյան» պատկերասրահում աճուրդ անցկացնել, որտեղ վաճառքի կհանվեն այնպիսի իրեր, ինչպիսիք են՝ աշխարհահռչակ ֆուտբոլիստներ Լիոնել Մեսսիի, Չավիի, Ինյեստայի, Տիերի Անրիի եւ «Բարսելոնա» ակումբի եւս 6 աստղերի ստորագրությամբ դրոշ, Մադրիդի «Ռեալ» ակումբի ֆուտբոլիստների մակագրությամբ եւ «Օգնենք Գյումրիի անօթեւաններին» գրությամբ մարզաշապիկ, Ջենարո Գատուզոյի ստորագրությամբ լուսանկար, Յուրա Մովսիսյանի, Հենրիխ Մխիթարյանի մարզաշապիկները, «Արարատ 73»-ի լեգենդների ստորագրությամբ գնդակ, աշխարհահռչակ «Սիստեմ օֆ ը դաուն» ռոք խմբի անդամներից երկուսի վերնաշապիկները, Արսեն եւ Լեւոն Ջուլֆալակյանների ստորագրությամբ հեղինակավոր մրցաշարերում մասնակցած մարզակոշիկներ եւ այլն։ Կազմակերպիչները քննարկում են նաեւ աճուրդը Մոսկվայում անցկացնելու հարցը:
Հովհաննես ՄՈՒՐԱԴՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում