Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը Ռիգայում վաղը մեկնարկող Եվրոպայի առաջնությանը ներկայացել է մեկ կորստով:
Ստայկիում վերջին ուսումնամարզական հավաքից հետո մեր ընտրանին ժամանել է Լատվիայի մայրաքաղաք: Գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը դեռ Երեւանում հայտարարել էր Եվրոպայի առաջնությանը մասնակցող ըմբիշների անունները: Նրանք են. 57 կգ՝ Գարիկ Բարսեղյան, 61՝ Վոլոդյա Ֆրանգուլյան, 70՝ Դավիթ Սաֆարյան, 74՝ Գրիգոր Գրիգորյան, 86՝ Շամիր Աթայան, 97՝ Անդրանիկ Գալստյան: Մարզիչը 125 կգ քաշային կարգում հայտավորել էր նաեւ Լեւան Բերիանիձեին, որն առայժմ ազատ ոճում Ռիոյի ուղեգիր նվաճած մեր միակ ըմբիշն է: Սակայն վերջինը չի մասնակցելու Եվրոպայի առաջնությանը: Արայիկ Բաղդադյանը ՀԱՕԿ-ի լրատվական բաժնին տեղեկացրել է, որ Բերիանիձեն հավաքի ժամանակ վնասվածք է ստացել եւ չի հասցրել լիարժեք ապաքինվել: Եվ քանի որ առջեւում քառամյա ցիկլի գլխավոր մեկնարկն է՝ Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերը, իրենք որոշել են ռիսկի չդիմել: Ներկայումս Լեւան Բերիանիձեն վերականգնվում է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Getty Images-ի