«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ընդդիմության միասնական շտաբի պետ Ժիրայր Սեֆիլյանին մարտի 5-ին Կենտրոնի քննչական բաժին են կանչել քաղաքագետ Սուրեն Սուրենյանցին ծեծի ենթարկելու դեպքով։ Նա հարցաքննվել է վկայի կարգավիճակով։
Սուրեն Սուրենյանցին ծեծի են ենթարկել 2015 թվականի դեկտեմբերի 8-ին։ Անհայտ անձինք նրան ավտոմեքենայով տարել են Հրազդանի կիրճ եւ ծեծել։ Սուրենյանցին ծեծի ենթարկողները, ըստ քաղաքագետի կնոջ, նշել են Ժիրայր Սեֆիլյանի անունը։
Դեպքից հետո Սուրենյանցն իր Ֆեյսբուքյան էջում գրել է. «Ես ենթարկվել եմ դաժան ծեծի ու միայն նրա համար, որ երեկ բացահայտել եմ Ազատության հրապարակում հեղափոխություն բեմականացնող մարդկանց իրական դեմքը։ Այսքանն ու վերջ»։
Երեկ սույն դեպքի վերաբերյալ հարցերին պատասխանեց Սուրենյանցի կինը՝ Արփի Սուրենյանցը։
Կարդացեք նաև
– Արփի, նախ, Սուրեն Սուրենյանցը հիմա որտե՞ղ է գտնվում։
– Նա գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, հացադուլից արդեն դուրս է եկել (Սուրենյանցը 10 օրից ավելի հացադուլ եւ ջրադուլ էր անում,- հեղ.), վիճակը այդքան էլ լավ չի։
– Տեսակցե՞լ եք իրեն։
– Այո, տղայիս հետ տեսակցել եմ։
– Մարտի 5-ին Ժիրայր Սեֆիլյանին որպես վկա կանչել էին հարցաքննության ձեր ամուսնուն ծեծի ենթարկելու դեպքով։ Դուք տեղյա՞կ եք, թե ինչի մասին է խոսքը։
– Ես տեղյակ եմ միայն, որ ծեծի ենթարկելու նախորդ օրը ամուսինս Ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել Ժիրայր Սեֆիլյանի դեմ եւ հաջորդ օրը այդ դեպքը տեղի է ունեցել։ Ես հետո ամուսնուս տեսել եմ ամբողջովին ծեծված վիճակում, առաջին օգնությունն եմ ցուցաբերել, մինչեւ ինքը դիմել է ոստիկանություն։
– Իսկ ի՞նչ էր պատմում, ովքե՞ր են եղել ծեծի ենթարկողները։
– Այդ օրը գնում էր խմբագրություն՝ մամուլի տուն։ Ինքը պատմեց, որ մեքենա է կանգնել, ներկայացել են, որ ճանաչում են Սուրենին եւ կարող են ուղեկցել
իրեն։ Ինքը նստել է մեքենան, ու իրեն տարել են ոչ թե մամուլի տուն, այլ Հրազդանի կիրճ։ Դրանից հետո իրեն տեսել եմ արդեն ծեծված վիճակում, նամանավանդ դեմքը, գլխի հատվածում վնասվածքներ կային, քթի միջնապատն է կոտրվել։
– Ի՞նչ կապ ունի Ժիրայր Սեֆիլյանը այս դեպքի հետ։
– Մեքենայի մեջ հարցրել են, թե ինչի՞ համար ես Ժիրոյի դեմ նման բան գրում, նման կարգի խոսակցություններ են եղել, ինքը դրանից ենթադրել է, որ Ժիրայր Սեֆիլյանի մարդիկ են ծեծի ենթարկել։
Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում