Անցյալ տարի մարտին Էդիսոն Ադյանը դիմել էր դատարան ընդդեմ «Առավոտ» օրաթերթի՝ զրպարտությունը հերքելու պահանջով: Ըստ հայցվորի, «Առավոտ» օրաթերթի՝ «Երեխայիս գողացել են» , «Երեխայի «կռիվ», առանց գենետիկ փորձաքննության երեխային մորից բաժանել է եւ հայրություն է անում» եւ «Երեխայի գողության փաստով քննիչի դեմ գործը դատարանում է» հոդվածները իրականությանը չհամապատասխանող, կեղծ փաստական տվյալներով են, Էդիսոն Ադյանի պատիվն ու արժանապատվությունը արատավորող, զրպարտիչ տեղեկություններ են պարունակում:
Նշենք, որ «Առավոտ»-ը «Երեխայի գողություն չի եղել, Նարինեն ինքնակամ է տվել ինձ» , «Բժիշկը բացառում է, որ նորածնին գողացել են, կամ որեւէ գործարք է եղել», «Երեխայի «կռիվ», առանց գենետիկ փորձաքննության երեխային մորից բաժանել է եւ հայրություն է անում» եւ «Օրական կարող է մի կնիկ պահեմ, էսօր մեկն է, վաղը մի ուրիշը»,- պատմում է 60 ամյա տղամարդը» հոդվածներով ներկայացրել է նաեւ Էդիսոն Ադյանի, նրա ներկայացուցչի եւ բժիշկ Հրաչ Կալուստյանի պատասխանները խնդրի վերաբերյալ:
Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Հ. Զարգարյանը այս տարվա հունվարի 27-ին վճիռ է կայացրել մերժել Էդիսոն Ադյանի՝ զրպարտությունը հերքելու պահանջի մասին հայցն ընդդեմ «Առավոտ» օրաթերթի: Դատարանը գտել է, որ «Առավոտի» հոդվածները գրվել են հրապարակային ելույթների հիման վրա, «Առավոտը» նյութի հերոս Նարինե Նիկողոսյանի, Ադյանի եւ այլ հերոսների հարցազրույցները վերարտադրել է բառացի եւ բարեխղճորեն, օրաթերթը տեղեկատվությունը տարածել է տեղեկատվության աղբյուրին (հեղինակին) հղում անելով, որը եղել է պատշաճ:
Կարդացեք նաև
Էդիսոն Ադյանը Վերաքննիչ քաղաքացիական դատարան վերաքննիչ բողոք է ներկայացրել, ըստ որը հայցվորը գտնում է, որ առաջին ատյանի վճիռն անհիմն է:
Ըստ Վերաքննիչ բողոքի, հոդվածի հերոս Նարինե Նիկողոսյանի հետ հարցազրույցը, հայցվորը հրապարակային ելույթ չի համարում, ինչպես նաեւ տեղեկատվության աղբյուր չի համարում Նարինե Նիկողոսյանին: Հայցվորը նաեւ կասկածի տակ է առնում, որ Նարինե Նիկողոսյանի հետ եղել է հարցազրույց: Մինչդեռ Նարինե Նիկողոսյանը երբեւէ բողոք չի ներկայացրել, որ «Առավոտի» հետ հարցազրույց չի ունեցել, կամ հոդվածներում իր խոսքերը խեղաթյուրվել են:
Սեփ.լր.