Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ կլինի ՀՀԿ-ի թեկնածուն Գյումրու քաղաքապետի պաշտոնում. կուսակցապետի պարզաբանումները

Մարտ 07,2016 21:30

Չնայած Գյումրիում ՏԻՄ ընտրություններին դեռ 5-6 ամիս ժամանակ կա, բայց ակնհայտ է, որ ստվերային ընտրապայքարը սկսվել է, ընդ որում ամենաէժանագին մեթոդներով՝ սեւ PR-ի կիրառմամբ: Սամվել Բալասանյանը բազմիցս հայտարարել է, որ իր աթոռը չի զիջելու, սակայն նույնքան մարտական տրամադրված է ԱԺ երիտասարդ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանը եւս հավակնում է քաղաքապետի աթոռին, չի բացառվում, որ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն էլ ցանկություն հայտնի իր երբեմնի պաշտոնը հետ ստանալու մասին:

Ընդ որում` ՀՀ Ընտրական օրենսգրքի նոր նախագծով հանրապետության երկրորդ ու երրորդ քաղաքներում՝ Գյումրիում ու Վանաձորում, համայնքի ղեկավարի ընտրությունները նախատեսվում է անցկացնել համամասնական համակարգով, այսինքն` Երևանի մոդելով: Իսկ ընտրական նոր կարգը բնականաբար խնդիրներ կստեղծի Գյումրու քաղաքապետի պաշտոնին հավակնող, սակայն առանց կուսակցության մնացած թեկնածուների, մասնավորապես ԲՀԿ-ի շարքերը լքած Սամվել Բալասանյանի, Մարտուն Գրիգորյանի համար:

Գյումրիում արդեն իսկ խոսակցություններ կան այն մասին, որ Հանրապետական կուսակցությունը ո՛չ սատարելու է Սամվել Բալասանյանին, ո՛չ էլ Մարտուն Գրիգորյանին, այլ հանդես է գալու սեփական թեկնածուով. նրանց ցուցակը չի գլխավորելու անգամ ՀՀԿ-ական Վարդան Ղուկասյանը:

Թե որքանո՞վ են իրական այս խոսակցությունները, ո՞վ է այդ նոր թեկնածուն, մենք փորձեցինք պարզել ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի պատասխանատու Սահակ Մինասյանից: Վերջինս ասաց. «Ես կարող եմ ասել, որ առայժմ դա կարծիք է, առանձին նախաձեռնողների ու կուսակցականների կարծիքն է, կգա ժամանակ, կլինեն քննարկումներ, կուսակցությունում կորոշվի՝ ի՞նչ ֆորմատով մասնակցել ՏԻՄ ընտրություններին: Քանի որ Գյումրիում ընտրությունները համամասնական ցուցակով են լինելու, սա բնականաբար մտորելու առիթ տալիս է: Սա արդեն քաղաքական ընտրություն է, ոչ անձնային, եւ սա բնականաբար լրացուցիչ քննարկումների առարկա չհանդիսանալ չի կարող, բայց ինչպիսին կլինի որոշումը, ցույց կտան քննարկումները ու ժամանակը»:

Նկատենք, որ հավանական թեկնածուների ցանկում Գյումրիում ակտիվորեն շոշափվում է նաեւ ծնունդով գյումրեցի, արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանի անունը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. K. says:

    Ով էլ գա առաջինը Սահակին պտի գործից հանի, նպաստի, որ գործից հանեն:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031