Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԲ. «ՀՆԱ-ի նկատմամբ պետական պարտքը 48% է»

Մարտ 07,2016 20:22

Համաշխարհային բանկը հրապարակել է «Հայաստան. Ամենամյա տնտեսական տեղեկագիր»-ը: Ըստ այդմ, մեր երկրի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ)  աճը 2015 թվականին դանդաղել է` հասնելով 3%-ի: Այս ցուցանիշը ՀԲ-ն պայմանավորում Ռուսաստանի տնտեսական անկման հետ: ՀԲ-ն նշել է, որ չնայած դեպի Ռուսաստան արտահանումների եւ Ռուսաստանից ստացվող դրամական փոխանցումների ծավալների կրճատմանը, աճն ակնկալվածից ավելին էր՝ պայմանավորված բերքառատ գյուղատնտեսական տարով եւ նոր պղնձահանքի գործարկմամբ (Թեղուտի հանքը Ն.Բ.):

ՀԲ-ն կանխատեսում է՝ 2016-ին տնտեսական աճը կշարունակի մնալ դանդաղ, 2,5%-ի սահմաններում. սա եւս պայմանավորում է ՌԴ տնտեսությունում տեղի ունեցող բացասական երեւույթներով:

Տնտեսական ակտիվության գործակիցը արտահանելի ոլորտների շնորհիվ 2016-ի հունվարին բարձրացել է մինչեւ 5,5% (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ):

Մեր տնտեսության պատկերն արտացոլող մյուս ցուցանիշն, ինչպես նշել է ՀԲ-ն, բյուջեի դեֆիցիտն է՝ (ՀՆԱ-ի 4%), որը ֆինանսավորվել է հիմնականում արտաքին պարտքի միջոցով: Ըստ զեկույցի, անցյալ տարի ՀՀ կառավարությունը  բյուջեի դեֆիցիտը մեծացրել է, որովհետեւ հարկաբյուջետային խթաններ է ներդրել՝ աջակցելու թուլացող տնտեսական գործունեությանը: Այդ խթաններն են, ըստ ՀԲ-ի, հարկային արտոնությունները, ենթակառուցվածքները, սոցիալական պաշտպանությանն ուղղված ծախսերի մեծացումն ու սուբսիդավորվող վարկավորումը:

Բյուջեի դեֆիցիտը հիմնականում ֆինանսավորվել է եվրոբոնդերից, բյուջետային աջակցություն ԵՏՄ հակաճգնաժամային հիմնադրամից եւ Համաշխարհային բանկից, ինչն էլ հանգեցրել է ՀՆԱ-ի նկատմամբ պետական պարտքի 48% մակարդակի: 2016-ի բյուջեն, ըստ ՀԲ-ի,  ներառում է եկամուտների ավելացմանն ուղղված միջոցներ ու ծախսերի համեստ կրճատումներ: Չնայած, ակցիզային հարկի հարկման բազային ու տոկոսադրույքի բարձրացմանը, որն ըստ ՀԲ-ի, դրական կանդրադառնան եկամուտների հավաքագրմանը, սակայն ՀՆԱ-ի եւ հարկերի հարաբերակցությունը կնվազի 1 տոկոսային կետով:

ՀԲ-ի տեղեկագրի համաձայն, անցյալ տարվա 1-ին կիսամյակում դրամավարկային քաղաքականությունը խիստ էր, սակայն հաջորդ կիսամյակում, գնաճի ճնշումների թուլացմանը զուգընթաց, թեթեւացավ: 2015-ին, ըստ զեկույցի, միջին տարեկան գնաճը մինուս 0,1%-էր, որը շատ ավելի ցածր էր Կենտրոնական բանկի կողմից գնաճի թիրախային 4±1.5% միջակայքից: Այս հանգամանքն էլ ՀԲ-ն պայմանավորել է բերքառատ տարով, սննդամթերքի միջազգային ցածր գներով եւ ներքին թույլ պահանջարկով:

Կենտրոնական բանկն իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, որը 2015-ի սկզբին կազմում էր 10,25%, իսկ տարեվերջին՝ 8,75%: 2016թ. հունվարին գնաճը մնաց մեղմ` սպառողական գների ինդեքսի նկատմամբ 0,4% նվազմամբ, ինչին նպաստել է սննդամթերքի գների մոտ 4% անկումը:

Անդրադառնալով մեր երկրի բանկային համակարգին, ՀԲ-ն նշել է, որ այս անցյալ տարի, ընդհանուր առմամբ, մնացել է կայուն, սակայն 2015-ի սկզբից մինչեւ տարեվերջ անհուսալի վարկերը 3,7%-ից հասել են ավելի քան 9%-ի: Դոլարայնացման բարձր աստիճանը եւ հաշվեկշռում արժութային անհամապատասխանությունները ռիսկեր են ստեղծում բանկային համակարգի կայունության եւ շահութաբերության հարցերում: Ընդհանուր վարկավորումն անցյալ տարի կրճատվել է 3,1%-ով, ավելի շատ կրճատվել են արտարժույթային վարկերը:

Ըստ ՀԲ-ի, անցյալ տարի մեր երկրում համախառն պահուստներն ավելացել են 282 միլիոն դոլարով, քանի որ առեւտրային բանկերն հավելյալ արտարժութային միջոցներ են ավանդադրել Կենտրոնական բանկում: Այս տարի, ինչպես նկատել է ՀԲ-ն,  բանկային համակարգի համար կարող է դժվար տարի լինել, քանի որ հաջորդ տարվա  հունվարի 1-ից ուժի մեջ է մտնելու նվազագույն կապիտալի վերաբերյալ ԿԲ-ի նոր պահանջը:

2015-ին ներմուծման ծավալները կրճատվել են 26,5%-ով, իսկ 2016-ի հունվարին՝ 22%-ով (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ):

ՀԲ-ն նշել է, որ չնայած դեպի ՌԴ արտահանումը նվազել է, սակայն 2015-ին  արտահանման ծավալներն ընդամենը  3,9%-ի չափով են վատթարացել: Սա ՀԲ-ն  պայմանավորում է Չինաստանի ու Միջին Արեւելքի հետ առեւտրի ավելացմամբ: Նախորդ տարվա համեմատ՝ 2015թ. արտահանման ընդհանուր ծավալները դեպի ԵՏՄ նվազել են 27,1%-ով, իսկ դեպի ԵՄ՝ 5,2%-ով:

Դրամական փոխանցումների զուտ ծավալները 2015-ին նվազել են 35,8%-ով (ԱՄՆ դոլարով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ)՝ պայմանավորված ՌԴ-ից ստացվող զուտ դրամական փոխանցումների 42,2% նվազմամբ:

Մեր երկրի միջազգային պահուստներն անցյալ տարեվերջին մեծացել են՝ կազմելով 1,77 միլիարդ դոլար, տարվա սկզբին դրանք կազմել են 1,35 միլիարդ դոլար: Պահուստների մեծացումը ՀԲ-ն բացատրում է Կենտրոնական բանկի կողմից տարվա 2-րդ  կիսամյակում արտարժութային միջամտությունների կտրուկ նվազեցմամբ:

ՀԲ-ն նշել է, որ առեւտրային դեֆիցիտն այս տարվա հունվարին բարելավվել է, քանի որ արտահանումն ավելացել է 5,6%-ով, իսկ ներմուծման ծավալները կրճատվել են 22%-ով:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031